«Մեր հասարակությունը որևէ հավատ չունի, որ իրեն փողոց հրավիրող խումբը ընդունակ է և ցանկություն ունի իրավական պետություն կառուցելու»․ Հրանուշ Խառատյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը

– Տիկի՛ն Խառատյան, Հայաստանում ներքաղաքական իրավիճակը լարված է։ Իշխանությունն ասում է, որ մարդիկ դժգոհ չեն, այդ պատճառով փողոց դուրս չեն գալիս։ Ընդդիմությունն ասում է՝ մարդիկ սգի ու շոկի մեջ են, ժամանակ է պետք, որ փողոց դուրս գան։ Ի՞նչ է կատարվում իրականում։

– Նախ ես կարծում եմ, որ հասարակությունը դեռ ինքը պետք է մարսի ու ըմբռնի, թե ինչ է տեղի ունեցել։ Դեռ հստակ չէ, թե իրականում ինչ է եղել։ Երկու կողմից էլ ինչ-որ բաներ են ասվում, որոնց մասին կա՛մ հասարակությունը փաստացի տեղյակ չէ, կա՛մ չի հավատում դրանց։

Երկրորդ՝ մարդիկ իսկապես ապատիկ վիճակում են։ Բայց, ընդհանուր առմամբ, եթե նույնիսկ հաշվի առնենք, որ հեղափոխական ընտրություն էր, այն մեծ հաշվով սկզբունքորեն դեմ ընտրություն էր, ոչ այնքան կողմ, որովհետև Նիկոլից բացի մարդիկ շատերին չէին ճանաչում։

Նիկոլին էլ ճանաչում էին միայն որպես Ազգային ժողովի պատգամավորի, վստահ չեմ, որ միշտ է, որ համաձայն էին նրա հետ։ Բայց ընդհանրապես կողմ էին, որ իրավիճակը կտրուկ փոխվի։

Ուրեմն, այդ ընտրությունը դեմ էր հենց այն կազմին, այն համակարգին և մարդկանց, ովքեր այսօր հիմնականում հակակշիռ են և փորձում են իրենց ներկայացնել որպես ընդդիմություն։

Նրանք, իհարկե, ընդդիմություն են ներկա իշխանությանը, բայց նրանք նաև ընդդիմություն են հասարակական բարոյականությանը և պատկերացումներին։ Սա շատ կարևոր է, որովհետև ընդհանրապես մեր հասարակությունը շատ հոգնած է, հոգեբանորեն շատ ճնշված է տեղի ունեցածից։

Բայց նաև շատ երկար ապրել է ապատիկ ու ճնշված վիճակում, ճնշված նաև այն կարևորից, որն այդպես էլ իրականություն չդարձավ նաև հեղափոխության դեպքում։ Խոսքը իրավական երկրի մասին է։

Մեր հասարակությունը շատ երկար իրավական երկրում չի ապրել ու չի ապրում և որևէ հավատ չունի, որ իրեն փողոց հրավիրող խումբն ընդունակ է, երկրորդ՝ ցանկություն ունի իրավական պետություն կառուցելու։ Կարծում եմ, որ հենց այդ խմբի վրա է դրված իրավունքի բացարձակ քայքայումը։

Մարդիկ չեն ուզում անիրավական երկրում ապրել։ Այնպես չէ, որ այսօր իրավական երկրում են ապրում, և դրա համար ես ասում եմ՝ մեզ մոտ ընդհանրապես մարդու ընտրությունը՝ թե ինչի համար գնա, ում համար գնա, զգալի չափով կախված է նրանից, թե ում դեմ են նրանք գնալու։

Նիկոլի անձի խնդիրը չէ այստեղ, խնդիրն այն է, որ մարդիկ չեն ուզում այս անիրավական համակարգը ձևավորած խմբի հետևից գնալ։ Նրանք դեմ են հենց սրան։ Տվյալ դեպքում նրանք կարգին դեմ չեն գնա։

Այդ դեպքում՝ ո՞րն է փոփոխության ճանապարհը։ Նոր ուժե՞ր պետք է լինեն, թե՞…

– Կարծում եմ, որ իրավիճակից ելքը նախևառաջ դարձյալ անօրինական չգնալն է, իրավական գնալն է։ Հիմա ի՞նչ են առաջարկում այս մարդիկ, նրանք նույնիսկ դրա իրավական լուծումը չեն ասում։

Ուղղակի ասում են՝ թող մեկը լինի վարչապետ, կապ չունի՝ թե ով, բայց մեկը, որի վարչապետ լինելու իրավական հիմքերը ոչ ոքի հայտնի չեն։ Ո՛չ Սահմանադրությամբ, ո՛չ այլ իրավական փաստարկ չկա։

Մեր հասարակությունն արդեն այդ փորձն ունի՝ այս ամբողջ դառնությունը տարած լինելով։ Շատ վստահ եմ, որ այնպես չէ, որ մարդիկ ուղղակի կուրորեն ուզում են, որ հենց այս իշխանությունը մնա։

Մարդիկ չեն ուզում ևս մեկ անգամ հայտնվել անիրավական ճանապարհով մի համակարգում, որը ինքը հենց իրավունքի բացարձակ բացակայություն է ստեղծել մեր երկրում։

Ուրեմն, առաջին հերթին՝ պետք է լինի այն լուծումը, որն իրավական է։ Իրավական լինելը չափազանց էական է՝ դա կլինի նոր ընտրություն, կլինի մեկ այլ իրավունքի ճանապարհով խնդրի լուծում։ Բայց ես նույնիսկ այդպիսի քննարկում չեմ տեսնում։

Այս փուլում նաև երկրում ատելության մթնոլորտն է սրվել կարծես։

– Ցավոք, ատելության մթնոլորտը վաղուց կա մեր երկրում։ Իհարկե, այն պարբերաբար թեժանում է, հիմա գուցեև ամենաթեժերից մեկն է։

Ցավոք սրտի, կար ատելություն նախկին համակարգի դեմ, կար հեղափոխությունից հետո ատելության սրում նախկինների դեմ, նաև՝ արհեստական սրում, մարդկանց նեգատիվ վերաբերմունքն ատելության վերածելու քայլ։ Եվ այս մասին խոսում էինք դեռևս 2 տարի առաջ։

Այո՛, հիմա էլ կա ատելության հակառակ վերաձևակերպում հենց այսօրվա իշխանության դեմ։ Սա նույնպես այն ծանրագույն երևույթներից մեկն է, որը հասարակության համար վաղուց անընդունելի մի բան է դարձել։

Համաձայնության հասարակությունը իսկապես չափից ավելի կարևոր է դարձել, բայց որևէ մեկը դա չի առաջարկում մարդկանց։

– Իսկ բախումներ կարո՞ղ են լինել այս փուլում։

– Ես չեմ բացառում, հատկապես որ, իրավական լուծում առաջարկված չէ։ Չեմ բացառում, որ, ցավոք սրտի, կարող են նաև բախումներ լինել։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am