Իտալիայի Սարդինիա կղզում գտնվող Բոլոտանա գյուղը կարող է դառնալ աշխարհի երկարակեցության նոր կենտրոններից մեկը։ Հետազոտությունը ցույց է տվել, որ այստեղ 70 տարին լրացած կանանց 13,8%-ն ապրում է մինչև 100 տարեկան։ Այս ցուցանիշով գյուղն աշխարհում զիջում է միայն Հոնկոնգին։
Ինչպես գրում է The Guardian-ը, շուրջ 2266 բնակիչ ունեցող լեռնային գյուղում ներկայում ապրում է 100 տարին լրացած վեց կին։ Նրանց երկարակեցության պատճառներն ուսումնասիրում են Իտալիայի Սասարիի և ԱՄՆ-ի Ալաբամայի համալսարանների գիտնականները։
Գյուղի բնակիչներից Ջովաննա Մառասը 101 տարեկան է, իսկ նրա քույրը՝ Մարիանջելան՝ 99։ Քույրերը երբեք չեն ամուսնացել, տարիներ շարունակ միասին դերձակության բիզնես են վարել, իսկ թոշակի անցնելուց հետո ճանապարհորդել աշխարհով մեկ։ Նրանք այսօր էլ ինքնուրույն են ապրում, պատրաստում իրենց ուտելիքը և ակտիվ շփվում շրջապատի հետ։
«Ես չէի ուզում ամուսնանալ։ Ես իմ ճանապարհով եմ գնում, ինձ աջակցություն պետք չէ»,— պատմել է Մարիանջելան։
Մեկ այլ բնակչուհի՝ 100-ամյա Ֆիլոմենա Սկարպան, նախկին ուսուցչուհի է։ Նա 90-ն անց սկսել է գերմաներեն սովորել և մինչև վերջերս մոլի ընթերցող էր։ Այսօր էլ շաբաթական երկու անգամ մարզվում է անձնական մարզչի հետ։ «Չեմ կարող ամբողջ օրը նստած մնալ», – ասում է նա։
Գիտնականները փորձում են պարզել՝ ինչ դեր ունեն ժառանգականությունը, սննդակարգը, ֆիզիկական ակտիվությունն ու սոցիալական կապերը։ Բոլոտանայի բնակիչները հիմնականում սնվում են տեղական մթերքով, քայլում են լեռնային ու զառիթափ փողոցներով և շարունակում ակտիվ կյանք վարել նույնիսկ շատ մեծ տարիքում։
Հետազոտության ղեկավար Ջովաննի Մարիո Պեսը հատկապես առանձնացրել է գյուղի կանանց միջև ամուր փոխօգնությունն ու համերաշխությունը։ Նրա խոսքով՝ այստեղ նկատելի է «քույրության ուժեղ զգացում», որի ազդեցությունը երկարակեցության վրա դեռ պետք է գիտականորեն ուսումնասիրել։
Բոլոտանան կարող է ճանաչվել աշխարհի վեցերորդ «կապույտ գոտին»․ այսպես են անվանում այն տարածքները, որտեղ բնակչության շրջանում բացառիկ մեծ է երկարակյաց մարդկանց թիվը։ Հետաքրքիր է, որ Սարդինիայի՝ ավելի վաղ հայտնաբերված երկարակեցության կենտրոններում առանձնանում էին տղամարդիկ, մինչդեռ Բոլոտանայում երկարակեցության հիմնական ցուցանիշներն ապահովում են կանայք։
Թեև երկարակեցության գաղտնիքը դեռ բացահայտված չէ, գյուղի բնակիչները կարևորում են անկախությունը, ակտիվ ապրելակերպը և մարդկային ջերմ հարաբերությունները։



















