Ռուսաստանի գլխավոր դատախազությունը Human Rights Foundation (HRF) միջազգային իրավապաշտպան հիմնադրամի գործունեությունը երկրում ճանաչել է «անցանկալի», հայտնում է Deutsche Welle-ն։
Human Rights Foundation-ը հիմնադրվել է 2005 թվականին և զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանությամբ ու ավտորիտար վարչակարգերի պայմաններում քաղաքացիական ազատությունների աջակցությամբ։
2024 թվականի հուլիսից կազմակերպության նախագահն է ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի այրին՝ Յուլիա Նավալնայան։ Այդ պաշտոնում նա փոխարինել է շախմատի աշխարհի նախկին չեմպիոն, ընդդիմադիր գործիչ Գարի Կասպարովին, որը HRF-ը ղեկավարել էր շուրջ 12 տարի։
Ռուսաստանում «անցանկալի» ճանաչված կազմակերպությունների գործունեությանը մասնակցելը կամ նրանց հետ համագործակցելը կարող է հանգեցնել վարչական, իսկ կրկնակի դեպքերում՝ նաև քրեական պատասխանատվության։
Ավելի վաղ Ռուսաստանում «անցանկալի» են ճանաչվել բազմաթիվ արտասահմանյան կազմակերպություններ և կրթական հաստատություններ։



















