Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը կալանավորվել է․ Factor.am

ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանը։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմեն Շիրոյանի նախագահությամբ, որոշում է կայացրել բավարարել նախաքննական մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը և Հակոբյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանավորումը։

Ինչպես Factor.am-ի հետ զրույցում տեղեացրեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը, Հակոբյանը կալանավորվել է ձերբակալվելու հաջորդ օրը՝ նոյեմբերի 30-ին։

Հիշեցնենք․ ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ Արշակ Հակոբյանը, 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ զբաղեցնելով ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը և հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում դիտավորությամբ թաքցրել է հայտարարագրման ենթակա տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը, ինչպես նաեւ օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը` 22.007.259 ՀՀ դրամը:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված /երկու դրվագ/ հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքը դիտավորությամբ թաքցնելու և ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացման հատկանիշներով։