Ինչպես փրկել մեր զինվորներին. Ժիրայր Սեֆիլյան

«Սասնա ծռեր» կուսակցության ղեկավար անդամ Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ։

«Ինչպես փրկել մեր զինվորներին

Վերջին օրերին Բանակի արցախյան հատվածում տեղի ունեցող սպանություն-ինքնասպանությունների պատճառը կառավարման ճգնաժամի աննախադեպ խորացումն է, ինչի պատճառն, իր հերթին՝ Արցախի ընտրություններն են։

Երբեք այսքան ինտրիգներ և պայքար չի եղել Արցախում և երբեք հրամանատարական կազմն այսքան խրված չի եղել ընտրությունների մեջ։

Այն աստիճան, որ ըստ էության թողած իրենց ծառայողական պարտականությունները՝ զբաղված են ընտրական գզվրտոցով։

Այդ ֆոնի վրա բանակի կառավարումն էապես թուլանում է և ասպարեզը մնում է քրեական տարրին։

Եվ այս ողբերգական գործընթացի հիմնական մեղավորն առաջին հերթին Նիկոլ Փաշինյանն է։ Նա Արցախի հարցում շարունակում է նախկինների գիծը՝ Արցախի կեղծ անկախության թատրոնը և նրա սուբյեկտացումը՝ միևնույն ժամանակ Արցախում ղեկը թողնելով Ստեփանակերտի բանդայի ձեռքում։

Եթե Նիկոլ Փաշինյանը լսեր մեր հորդորները, հեռացներ ու չեզոքացներ Ստեփանակերտի բանդային և գնար Արցախի դե յուրե միացման խոչընդոտները վերացնելու ճանապարհով, այսօր միանգամայն ուրիշ վիճակում կլինեինք և զինվորները զոհ չէին գնա այնտեղի անիմաստ ընտրական գզվրտոցի պատճառով։

Այսօր էլ ուշ չէ՝ հիմք ընդունելու տասնյակ զինվորների մահվան աննախադեպ ու արտակարգ հանգամանքը և օր առաջ ձերբակալելու և չեզոքացնելու Բակո Սահակյանի գլխավորած Ստեփանակերտի բանդային։ Բակո Սահակյանը և նրա գլխավորած բանդան են զինվորների մահվան անմիջական մեղավորները, ինչի համար պետք է խստագույնս պատժվեն։

Դրանից հետո անհրաժեշտ է չեղարկել Արցախի ընտրությունները և սկսել միացման խոչընդոտների վերացումը։ Այդ խոչընդոտներից գլխավորը Արցախի նախագահի ինստիտուտն է, որ պետք է առաջնահերթորեն վերացնել։ Զուգահեռաբար՝ հարկավոր է վերականգնել Արցախում հաշվառված ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը, որպեսզի նրանք կարողանան մասնակցել ՀՀ համապետական ընտրություններին և հանրաքվեներին։

Այս քայլերից հետո պաշտոնական Երևանը պետք է նշանակի Արցախի մարզպետ, ինչը Արցախի բնակչության բացարձակ մեծամասնության երազանքն է»։

https://www.facebook.com/sasnatzrer/posts/2614523475311822