Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը կոչ է անում ԶԼՄ֊ների ներկայացուցիչներին սեռական բռնության ենթարկված երեխաների դեպքերը լուսաբանելիս խորհրդակցել մասնագետների հետ

Սեռական Բռնության Ճգնաժամային Կենտրոնը ֆեյսբուքի էջում արձագանքել է մի շարք ԶԼՄ֊ների կողմից 13֊ամյա աղջկա և 10-ամյա տղայի սեռական բռնության դեպքերին վերաբերյալ անդրադարձին:

«Դեպքերը լուսաբանելիս լրագրողներն արել են այնպիսի հարցադրումներ, որոնք իրենց մեջ քննադատություն և մեղադրանք են պարունակել և ուղղված են եղել դեպքերի մանրամասն հանգամանքների բացահայտմանը, տրված հարցերը չեն համապատասխանել անչափահասի տարիքային առանձնահատկություններին, ինչպես նաև հրապարակել են երեխաների անձնական տվյալները՝ դրանով իսկ նպաստելով երեխաների կրկնակի զոհականացմանը:

Նշյալ դեպքերի լուսաբանումը չի բխում այդ երեխաների լավագույն շահից, ավելին՝ երեխաների կողմից դեպքերի մանրամասն ներկայացումը մեծացնում է երեխաների մոտ հոգեբանական տրավմայի հետևանքների դրսևորումը:

Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը կոչ է անում ԶԼՄ֊ների ներկայացուցիչներին սեռական բռնության ենթարկված երեխաների դեպքերը լուսաբանելիս խորհրդակցել մասնագետների հետ, խորհել այն հետևանքների մասին, որոնք կարող են ունենալ հրապարակված հոլովակները և հոդվածները երեխաների հետագա կյանքի վրա և չառաջնորդվել սեփական լրատվամիջոցների դիտելիության ապահովմամբ:

Հորդորում ենք նաև ԶԼՄ֊ների ներկայացուցիչներին մեկ անգամ ևս ծանոթանալ ՄԱԿ֊ի մանկական հիմնադրամի կողմից մշակված Երեխաների մասին լուսաբանման հիմնարար սկզբունքներին և ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության կողմից մշակված Երեխաների անձնական տվյալների պաշտպանության մասին ուղեցույցին;

Նյութերը հասանելի են հետևյալ հղումներով՝
https://uni.cf/2UdJosw
https://bit.ly/36IjI9R »,- ասված է գրառման մեջ: