Ընդդիմադիր պատգամավորները չեն ներկայանում, հրաժարվում են պաշտոններից, մանդատից, բայց խորհրդարանը շարունակում է աշխատել

Լուսանկարը՝ ԱԺ-ի

Հայաստանի Ազգային ժողովում ընդդիմությունը ներկայացնող պատգամավորներին պաշտոնազրկելուց, ինչպես նաև իրար հաջորդող հրաժարականներից հետո հուլիսի 4-ին գրանցվեց մանդատից հրաժարվելու առաջին դեպքը. «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը հայտարարեց խորհրդարանից հեռանալու մասին:

«Այս ԱԺ-ում որևէ օրակարգով իմ հետագա աշխատանքն այլևս չեմ պատկերացնում, իսկ այդ պայմաններում պահպանել ԱԺ պատգամավորի կարգավիճակը՝ չեմ կարող. առնվազն ազնիվ չէ»,- իր հայտարարության մեջ նշել է Արթուր Ղազինյանը՝ նշելով, որ «Հայաստան» խմբակցության իր գործընկերներին մաղթում է քաղաքական շրջահայացություն և հաջողություն:

Ղազինյանին, ըստ «Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի, կարող է փոխարինել Հ. Յ. Դաշնակցությունից Արգիշտի Գևորգյանը, եթե խմբակցությունը այլ որոշում չկայացնի:

Մինչ Ղազինյանի հրաժարականը, հուլիսի 1-ին խորհրդարանական մեծամասնությունը 66 կողմ քվեարկությամբ ԱԺ փոխնախագահի պաշտոնից հեռացրել է Իշխան Սաղաթելյանին, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից՝ Վահե Հակոբյանին:

ԱԺ փոխնախագահի պաշտոնից Սաղաթելյանին հեռացնելու նախագծի քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագրից» Արուսյակ Ջուլհակյանը ներկայացրել է, որ նա 2022-ի հունվարի 17-ից մինչև հունիսի 29-ը ներառյալ, այսինքն՝ ԱԺ գործունեության առաջին կիսամյակում, նիստերի 342 քվեարկությունից ունեցել է 198 բացակա: Բացի այդ, ԱԺ խորհուրդը ձևավորման պահից առայսօր գումարել է 25 նիստ, որից միայն 7-ին է ներկա եղել Իշխան Սաղաթելյանը: Իշխանական մեծամասնությունը պնդել է, որ Իշխան Սաղաթելյանը չի կատարել իր անմիջական պարտականությունները, ավելին՝ ընդդիմության ակցիաների ժամանակ հնչեցրել վիրավորական արտահայտություններ, տարածել ատելության խոսք:

«Ես խղճում եմ իշխանական պատգամավորներին, որովհետև եթե մտածում են, որ իրենց այդ քայլերով կարող են որևէ կերպ, նույնիսկ մի պահ ազդել մեր տրամադրության վրա, սխալվում են»,- իր պաշտոնազրկմանն արձագանքել է Իշխան Սաղաթելյանը:

Ինչ վերաբերում է Վահե Հակոբյանին, ապա նա, ըստ ներկայացված վիճակագրության, մեկ կիսամյակի 342 քվեարկությունից բացակայել է 194-ից: Ազգային ժողովի ութերորդ գումարման ընթացքում հրավիրված 25 խորհրդի նիստից բացակայել է 20 անգամ: Ազգային ժողովն ութերորդ գումարման ընթացքում ընդունել է 253 օրենք, որից 83-ի համար գլխադասային է եղել նրա ղեկավարած տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը: Այս գումարման ընթացքում այս հանձնաժողովը կազմակերպել է 27 հերթական և արտահերթ նիստ, իսկ հանձնաժողովի նախագահը նիստերի նախապատրատման, կազմակերպման աշխատանքներին չի մասնակցել, չի նախագահել 11 նիստ:

Այս պաշտոնազրկումներից հետո իրենց վարչական պաշտոններից հրաժարական ներկայացրին ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանը, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արթուր Խաչատրյանը, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Թադևոս Ավետիսյանը և ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հայկ Մամիջանյանը, որը «Պատիվ ունեմ» խմբակցությունից է:

Ի տարբերություն ընդդիմադիր գործընկերների՝ «Պատիվ ունեմ»-ից Թագուհի Թովմասյանը հայտարարել է, թե որոշել է շարունակել իր գործունեությունը, բայց արդեն որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի «անկուսակցական, անկախ» նախագահ:

Թեպետ այս օրերին Ազգային ժողովն արձակուրդում է, բայց անցկացվում են մշտական հանձնաժողովների նիստեր, արտահերթ լիագումար նիստեր, կայանում առանձին մարմիններում նշանակումների համար ընտրություններ: Այսինքն՝ առանց ընդդիմության խորհրդարանը շարունակում է աշխատել:

Այդուհանդերձ, խորհրդարանական ընդդիմությունը առայժմ չի մտածում Ազգային ժողով վերադառնալու մասին: Ընդդիմադիրները հայտարարում են՝ կվերադառնան միայն իրենց օրակարգով: Հունիսի ընթացքում նրանց նման փորձը ձախողվեց, քանի որ իշխանական մեծամասնությունը չներկայացավ ընդդիմադիրների հրավիրած արտահերթին, և նիստը չկայացավ:

Ազգային ժողովի պատգամավորների բացակայության հետ կապված հարցերը կարգավորում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 156-րդ հոդվածը, որի համաձայն՝ եթե յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից պատգամավորն անհարգելի բացակայում է, ապա նրա լիազորությունները դադարեցնելու հարցով Ազգային ժողովի խորհուրդը դիմում է Սահմանադրական դատարան: ՍԴ կարող են դիմել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը սահմանում է նաև, թե որ դեպքերում է պատգամավորի բացակայությունը համարվում հարգելի։ Այդ կետերը 7-ն են ու բխում են պատգամավորական գործունեությունից, և քաղաքական ակցիաներին ու հանրահավաքներին մասնակցությունը այդ կետերի մեջ չի մտնում:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am