«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը
– Տիկի՛ն Ալեքսանյան, պաշտոնական տվյալների համաձայն 2020-2025 թթ․ ՀՀ զինված ուժերում արձանագրվել է ինքնասպանության հասցնելու շուրջ 40 դեպք: Հուլիսի 21-ին բանակում կրկին մահ կա, ու կրկին խոսում են ինքնասպանության մասին: Թվային այս տվյալները ինքնասպանության դեպքերով բանակում տիրող ի՞նչ վիճակի մասին են խոսում:
– Այդ վիճակագրությունը խոսում է բանակում առկա կրիմինալ, քրեածին մթնոլորտի մասին: Ինքնասպանությունը պետությանը չի ազատում պատասխանատվությունից, երբ զինվորը զորակոչվում է, այդ ամբողջ ընթացքում պետության պատասխանատվության ներքո է գտնվում: Մեր կազմակերպությունը հիմնականում ներգրավվել է ինքնասպանություն որակված գործերի քննություններին, մոտ երկու տասնյակ այդպիսի գործով ենք զբաղվել, ու հիմնականում դրանք սպանություններ են, որոնք որակվում են որպես ինքնասպանություն:
Երկու օր առաջ տեղի ունեցած դեպքը, չեմ կարծում, թե բացառություն կլինի, եթե իրենք ասում են՝ անզգուշությամբ հասցրել են ինքնասպանության, կրկնում եմ, դա չի ազատում պաշտպանության նախարարությանը պատասխանատվությունից:
Ինչո՞ւ է տիրում այնպիսի մթնոլորտ, որ զինվորին հասցնում են ինքնասպանության, պատկան գերատեսչությունն այդ թեմայով գոնե մեկ վերլուծություն չունի, որպեսզի գտնի պատճառներն ու իրավիճակ փոխի: Այդ քրեածին մթնոլորտը, հիմնականում դիրքերում, վերահսկողության բացակայությունն ու կարգապահության չգոյությունը բերում են մահվան դեպքերի: Մահվան այս դեպքերը վկայում են, որ բանակում որևէ բարեփոխում չի կատարվել:
Ես հանգել եմ այն եզրակացության, որ սպանության դեպքերը բանակում որակվում են ինքնասպանություններ: Առաջին հերթին մեղքը բարդում են տվյալ զինծառայողի ընտանիքի վրա, եթե հիշում եք, պաշտպանության փոխնախարար ունեինք մի քանի տարի առաջ՝ Գաբրիել Բալայան, ասում էր՝ տանը զենք չունեն, գալիս են բանակում են ինքնասպան լինում: Այսպիսի ցինիկ մոտեցումը ցույց է տալիս, թե ինչ է կատարվում բանակում, ու զինվորի կյանքին իրենք ինչպես են վերաբերվում: Կոնկրետ գործով աղմուկ եղավ, կան արդեն կալանավորվածներ, բայց ոչինչ չի փոխվելու, ինչպես այս տարիների ընթացքում չի փոխվել:
Իհարկե եղել են տարիներ, երբ բանակում այս դեպքերը նվազել են, օրինակ՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին մտահոգում էին բանակում մահվան դեպքերը, ու նա նման դեպքերով գնում էր զորամասեր: Շատ կարևոր է նախարարի այցելությունը, ազդեցությունը զորամասի մթնոլորտի վրա, բայց լսե՞լ եք, որ Պապիկյանը զորամաս գնա, կամ արդեն այդ դեպքի երկրորդ օրն է, բայց պաշտպանության նախարարությունը լռություն է պահպանում, այնինչ իրենք են գլխովին պատասխանատու զինվորի կյանքի համար: Սա պատասխանատվության բացակայության արձանագրում է:
Ընդհանրապես, այս իշխանության օրոք բանակը շատ փակ կառույց է դարձել, նախկինների ժամանակ, բազմաթիվ ՀԿ ներկայացուցիչներ կվկայեն, մենք բողոքի ակցիաներ էինք անում, մեզ հրավիրում էին պաշտպանության նախարարություն, Սեյրան Օհանյանի ժամանակ մենք անում էինք քննարկումներ մահվան դեպքերով, այդ քննարկումներին մասնակցում էին և՛ ծնողներ, և՛ փաստաբաններ, և՛ նախարարության ներկայացուցիչներ:
Իսկ հիմա ծնողն անգամ չի կարողանում մոտենալ նախարարության շենքին, նրանց ոչ մեկը չի ընդունում: Բանակում պետք է լինեն թափանցիկություն, քաղաքացիական վերահսկողություն, որովհետև դրանք փակ համակարգեր են: Պաշտպանության նախարարությունը պարտավոր է բացատրություններ տալ, բայց մենք արդեն երկրորդ օրն է ոչինչ չենք լսել այդ կառույցից:
– Բանակում այս դեպքերի շարունակականությունը ինչո՞վ եք բացատրում:
– Սա վերահսկողության, կարգապահության բացակայության հետևանք է: Շատ կարևոր է բանակում վերահսկողությունը, սպայական կազմի վերահսկողությունը, ընդհանրապես նախարարի, որն ամբողջությամբ պետք է հետևի, թե ինչ վիճակ է բանակում, մանավանդ որ զոհերի դեպքերը շարունակ կրկնվում են:
Շատ կարևոր կանխարգելիչ միջոց է մահվան դեպքերի բացահայտումը, որը չի անում Քննչական կոմիտեն, բազմաթիվ դեպքեր կան, որ որակվում են որպես ինքնասպանություն, ու անառարկելի փաստերի պայմաններում անգամ, որ տեղի է ունեցել սպանություն, որոշումը չի փոխվում, նրանք առաջնորդվում են այդ վարկածով՝ ինքնասպանություն, ու գործը փակված է: Սա է պատճառը, որ նման դեպքերը շարունակվում են, իսկ ինքնասպանություն որակելը հեշտ է, որովհետև դրա մեղավոր են ճանաչում ընտանիքներին: Իրավիճակը փոխելու կամք չեն դրսևորում:
Ասեմ նաև, որ կրթված երիտասարդի համար շատ դժվար է բանակում ծառայելը, բազմաթիվ են դեպքերը, որ նման երիտասարդները դժվարանում են այնտեղ, որովհետև այնտեղ քրեածին տարրերն ու մթնոլորտն են տիրում: Անընդունելի է այն տեսակետը, երբ ասում են՝ այդ մթնոլորտը հասարակությունից է գալիս բանակ, որովհետև բանակը փակ կառույց է, իսկ այնտեղ գործում են ուրիշ օրենքներ, ու ցանկության դեպքում շատ հեշտ է այնտեղ փոփոխություն իրականացնել:
Ես մի դեպք կարող եմ հիշել, որը տարիներ առաջ է տեղի ունեցել. զինվորին ամբողջ օրը ծեծում էին, նա կապտած դեմքով ման էր գալիս զորամասում, ու ոչ մեկը նրան չէր հարցնում՝ ինչո՞ւ է քո դեմքն այս վիճակում, այդ իրավիճակն այնքան շարունակվեց, մինչև այդ երիտասարդին սպանեցին: Ամբողջ մեղքը պաշտպանության նախարարության վրա է, որովհետև այդ ամենը տեղի է ունենում հրամանատարական կազմի աչքի առաջ:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















