«Զանգեցի ամուսնուս, որ ասեի՝ մի՛ գնա, եղբայրս զոհվել ա, ինքն արդեն անհասանելի էր». պատերազմում եղբորն ու ամուսնուն կորցրած Նանարը՝ «իմ կորուստը շատ մեծ է»

35-ամյա Նանար Բաբայանը 44-օրյա պատերազմի ժամանակ կորցրել է ամուսնուն և հարազատ եղբորը։ Հոկտեմբերի 10-ին ստացել է եղբոր՝ 30-ամյա Գևորգ Բաբայանի մահվան բոթը, չորս օր անց՝ ամուսնու՝ 37-ամյա Գրիգոր Հարությունյանի։

«Ամուսնուս ասեցի՝ եղբայրս իր պարտականությունն անում ա, Աստված չանի՝ իր հետ մի բան պատահի, դու մեզ հետ մնա, որ կարողանաս հա՛մ մեզ պահես, հա՛մ եղբորս ընտանիքին… Չլսեց, ինքն էլ գնաց»,- պատմում է կինը ու կսկիծով հիշում, որ հոկտեմբերի 10-ին, երբ ամուսինը մեկնում էր դիրքեր, ինքն արդեն ստանում է եղբոր զոհվելու գույժը։

«Հոկտեմբերի 10-ին որ ամուսինս զանգեց, ասեց՝ գնում եմ, տանում են Գորիս, անհասանելի կլինեմ: Ասեցի՝ լավ, հաջող, 5 րոպե հետո զանգեցին ու ասեցին, որ իմ եղբայրը զոհվել ա։ Էդ պահին ես զանգեցի ամուսնուս, որ ասեի՝ մի՛ գնա, եղբայրս զոհվել ա, ինքն արդեն անհասանելի էր»,- հուզվում է Նանարը։

Հոկտեմբերի 14-ին թեժ մարտերում զոհվում է նաև Նանարի ամուսինը։ «Շատ վատ տարա, շատ դաժան է»,- ասում է Նանարը։

Նանարի եղբայրը՝ ավագ սերժանտ Գևորգ Բաբայանը, ծառայել է հատուկ նշանակության ջոկատում, ամուսինը՝ Գրիգոր Հարությունյանը զինվորական չի եղել, աշխատել է ավտոպահեստամասերի խանութում: Նանարն ասում է, որ ամուսինը հեռու էր բանակից, ու ոչ մեկը չէր պատկերացնում, որ պատերազմի լուրը իմանալուն պես կգնար ու կկամավորագրվեր: 

«Հարցրեցի՝ խի՞ ես կամավորագրվել, պատասխանեց՝ տանը նստեմ, որ թուրքը գա մտնի իմ տո՞ւն։ Ասեց՝ ես չեմ կարա Գևորգին մենակ թողնեմ։ Ինքը որ ասեց՝ գնում եմ կռիվ, ես հենց էդ օրն եմ կորցրել իմ ամուսնուն, քանի որ ես Ղարաբաղից եմ, ես պատերազմ տեսած եմ, ինքը՝ Երևանից: Ես գիտեի, որ մանավանդ էս պատերազմից հետ չի գա, ինքը կապված չէր բանակի հետ, պատկերացնում չուներ՝ ինչ ա լինելու»,- հուզվում է կինը։

Նանարի ամուսինը պատերազմի ժամանակ կռվել է Հադրութի «Թութակներ» տեղամասում, զոհվել է սնարյադի հարվածից, եղբայրը Հադրութ քաղաքում է կռվի բռնվել հակառակորդի հետ ու զոհվել հրազենային վիրավորումից։

«Հոկտեմբերի 10-ին, որ արդեն թուրքերը մտել էին Հադրութ, հատուկ ջոկատայիններին ուղարկել են Հադրութ: Ճանապարհին թուրքերը կռիվ են սկսել, իրանք ավտոյով են եղել, երկու հոգի ընկել են, պիկապի հետևի մասում են եղել, ախպերս մեջն ա էղել մի քանիսի հետ, պուլյան եկել, բրոնեժիլետի միջով պոչկի մեջ ա անցել։ 

Եղբայրս մահացել ա։ Իրեն տարել-թաքցրել են ցորենի ամբարում, քանի որ չեն կարողացել հանել, մտածել են՝ հետ գան ու բերեն, բայց էդ օրվանից Հադրութը ադրբեջանցիների վերահսկողության տակ էր, չկարողացան հետ գնալ, Ադրբեջանը ոչ մի ձև չէր թողնում էդտեղ մտնեին։ 4 ամիս անց որ թողեցին, եղբորս ընկերները, որ իրան դրել էին ցորենի ամբարում, գնացել-տեսել են, որ էնտեղ չի։

Պարզվել ա՝ թուրքերը 30 հոգու դի հավաքել, փոս են փորել ու դրել փոսի մեջ։ Իրանք էլ փոսը քանդել են, 30 հոգու հանել են, իմ եղբորը իրա հագուստից ճանաչել ա ջոկատի ընկերներից մեկը։ Զոհվելուց հետո 5 ամիս անց գտանք իմ եղբորը ու հողին հանձնեցինք: Ամուսնուս լուրը ստացանք հոկտեմբերի 18-ին, բայց 14-ին էր զոհվել»,- պատմում է կինը։

Նանարն ասում է՝ մինչ պատերազմը երջանիկ ապրում էին, ամուսինը շատ հոգատար ու անչափ ուշադիր էր, եղբայրը՝ միշտ ամեն հարցով աջակցող։ Պատերազմը միանգամից խլեց իր կյանքի երկու կարևոր մարդկանց։ «Հիմա ո՞նց պիտի լինեմ, շատ վատ։ Իմ կորուստը շատ մեծ է»,- հուզմունքով ընդգծում է Նանարը։

Նանարն ասում է, որ հիշում է ամուսնու հետ անցկացրած ամեն վայրկյանը, այնքան հագեցած են եղել օրերը, որ այդ մասին հիշողությունները մինչև կյանքի վերջը կբավարարեն: 

«Ամեն երեկո գործից հետո ամուսինս գալիս էր, ընթրիք էր անում, տղե՛ս, հավաքվի, գնում ենք ման գանք, իմ նկատմամբ շատ հոգատար էր, անպայման ծաղիկներ էր նվիրում, չնայած ես ծաղիկներ չէի սիրում, բայց ինձ միշտ ծաղիկ էր բերում: Հիմա էդ հուշերով եմ ապրում։

Եղբայրս էլ ամուսնացած էր, 1․9 ամսական տղա ունի, եղբայրս շատ խիստ էր, աշխատող, հոգատար հայր, ամեն հարցում մեջքիս կանգնած էր, ընկերասեր էր, բարի սիրտ ուներ»,- ասում է Նանարը։

Նանարն ասում է, որ մտքով չէր անցնի, որ 2020-ի ընթացքում միանգամից կկորցնի ընտանեկան երջանկությունը, բայց այժմ փորձում է ապրել հանուն երեխաների՝ 7-ամյա Լևոնի և 1,3 տարեկան Գերմանի.

«Իրանք ինձ են նայում, ուզում են ժպիտս տեսնեն, փորձում եմ ուժեղ լինել, որ իրանք չզգան հոր բացակայությունը»։

Արփինե Արզումանյան

MediaLab.am