ՌԴ դեսպանատունն արձագանքել է հայ գերիների վերադարձի հարցում աջակցելու վերաբերյալ արվեստագետների նամակին

Հայ ռազմագերիների վերադարձի հարցում աջակցելու կոչով արվեստագետների՝ ՀՀ-ում ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանատներ ուղղված նամակներին արձագանքել է Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը՝ նշելով, որ հարցը գտնվում է երկրի բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում:

«Արմենպրես»ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը, ով ակտիվ մասնակցում է նամակների միջոցով հարցի բարձրաձայնմանն ուղղված նախաձեռնություններին, ասաց, որ մյուս դեսպանատներից դեռ արձագանք չկա:

Արվեստագետները դիմել են նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակ և հանդիպել են գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու հետ: Ամատունին հավաստիացրել է, որ մինչ արվեստագետների դիմելն էլ իրենք զբաղվել են այդ խնդրով:

Ավելի վաղ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ամատունին տեղեկացրել էր, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն որպես չեզոք կառույց աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին համաձայնության գալ գերիների փոխանակման հարցում: «Հոկտեմբերից մեր կազմակերպությունն այցելում է քաղաքացիական անձանց և զինվորականների:  Կան մարդիկ, որոնք անազատության մեջ են և իրավունք ունեն կապ պահել իրենց հարազատների հետ. մենք նրանց աջակցում ենք այդ հարցում, հետևում ենք նրանց առողջական վիճակին, սակայն նրանց վերադարձման որոշումները կայացնում են հակամարտության կողմերը»,-նշել էր Ամատունին:

Հայ ռազմագերիների խնդրով արվեստագետները նոյեմբերի 29-ին նամակ էին հանձնել ՀՀ-ում ՌԴ դեսպանություն, նոյեմբերի 30-ին՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանություն, իսկ դեկտեմբերի 1-ին՝ ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատուն:

Թոխատյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ երբ լինեն պատասխաններ ՀՀ-ում ՌԴ, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանատներից, ինչպես նաև այն միջազգային կազմակերպություններից, որոնց նամակներ են ուղարկել, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակների հետ համագործակցելով կփորձեն օգտակար լինել այս գործընթացին: