4 դատավորների լիազորությունները դադարեցվել են, մեկ դատավորի նկատողություն է հայտարարվել․ ԲԴԽ

Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց դատավորներին կարգապագական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունների մասին որոշումները։

Հավելենք, որ լրագրողներ և օպերատորների մուտքն արգելվել է ներկա լինել նիստերի դահլիճում՝ ԲԴԽ որոշումների հրապարակման ժամանակ։

Որոշումների հրապարակումը հնարավոր եղավ տեսնել նախասրահում դրված էկրանի և ուղիղ եթերի միջոցով․

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը հրապարակեց որոշումները․

«Բարձրագույն դատական խորհուրդը՝ քննելով արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ռուբեն Բունիաթյանին կարգապագական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշեց բավարարել։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ռուբեն Բունիաթյանին հայտարարել նկատողություն»,-ասաց Կարեն Անդերասյանը։

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է։ Միաժամանակ խորհուրդը տեղեկացրեց, որ դատավոր Արշակ Վարդանյանն ունի հատուկ կարծիք։

«Բարձրագույն դատական խորհուրդը՝ քննելով արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Լևոն Բալյանի միջնորդությունը՝ Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանին, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանին, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանին, Տիգրան Պետրոսյանին կարգապագական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշեց։

Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանին կարգապագական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթը կարճել՝ հաշվի առնելով, որ վերջինիս լիազորություններն արդեն իսկ դադարած են»,-ասաց Կարեն Անդերասյանը։

Նա հրապարկեց, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանին, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանին, Տիգրան Պետրոսյանին կարգապագական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը բավարարել։ 

«Նրանց լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել։

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է։ Միաժամանակ խորհուրդը տեղեկացնում է, որ դատավոր Արշակ Վարդանյանն ունի հատուկ կարծիք»»,-ասաց ԲԴԽ նախագահը։