ՃՈ-ն և դատարանը չեն տարբերել Միհրան Պողոսյանի Զապորոժեցը Range Rover-ից

ՃՈ-ն և դատարանը չեն տարբերել Միհրան Պողոսյանի Զապորոժեցը Range Rover-ից
ՃՈ-ն և դատարանը չեն տարբերել Միհրան Պողոսյանի Զապորոժեցը Range Rover-ից

2015 թվականի հուլիսի 15-ին ԴԱՀԿ պետին պատկանող սպիտակ գույնի ZAZ («Զապորոժեց») մակնիշի 55UL333 մեքենայի վարորդը Սևան-Երևան մայրուղում երթևեկել էր 153 կմ/ժ արագությամբ, ինչի արդյունքում տուգանվել էր 200 հազար դրամով։

Միհրան Պողոսյանը, սակայն, չի մուծել տուգանքը, իսկ Ճանապարհային ոստիկանությունը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ԴԱՀԿ նախկին պետի՝ պահանջելով տուգանքի գումարն ու տույժերը։ Դատարանը բավարարել է այս հայցը, իսկ Միհրան Պողոսյանի բողոքից հետո, վերաքննիչ վարչական դատարանը բեկանել է որոշումն ու Պողոսյանը այդպես էլ չի վճարել տուգանքը։

Այս պատմության մեջ կա մի շատ հետաքրքրական հանգամանք․ ինչպե՞ս է «Զապառոժեցը» երթևեկել 153 կմ/ժ արագությամբ (ինչպես նաև բոլորի համար էլ շատ դժվար է պատկերացնել օֆշորային սկանդալի հերոսին «Զապի» ղեկին)։

Մենք կարողացանք գտնել վարչական տույժ նշանակելու մասին որոշումն ու արագաչափի լուսանկարը և առանց մեծ ջանքերի պարզեցինք, որ 55UL333 պետհամարանիշով Սևան-Երևան ավտոճանապարհին 153կմ/ժ արագությամբ երթևեկել է ոչ թե սպիտակ «Զապորոժեց», այլ սև Range Rover:

Ավելին, մենք գտանք տեսախցիկների կողմից արձանագրված 14 խախտման տեսագրություններ ու տեսանյութեր, ուր 55UL333 համարանիշով սև գույնի Range Rover-ի խախտման համար տուգանքի որոշման մեջ գրված է «սպիտակ ZAZ»:

Ֆիզիկապես անհնար է, որ խախտումները արձանագրող Ճանապարհային ոստիկանության տեսուչները չնկատեին, որ սև գույնի Range Rover-ը երթևեկում է սպիտակ գույնի Զապորոժեցի համարանիշներով: Դա նաև չէին կարող չնկատել գործը քննող դատավորները, իսկ այդ արարքը, իր հերթին, համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 123.5 հոդվածի 4-րդ մասի՝ նախատեսում է տուգանք 200 հազար դրամի չափով:

Սակայն ոչ ոստիկանները, ոչ էլ դատավորները ամիսներ շարունակ չեն նկատել նախկին ԴԱՀԿ ծառայության պետի մեքենայի այդ խախտումը:

Ավելին, հարց է առաջանում, թե ինչո՞ւ է Միհրան Պողոսյանի Զապորոժեցի համարները հայտնվել Range Rover-ի վրա և արդյո՞ք այդ արարքում կա այլ իրավախախտում կոծկելու նպատակ:

Հիշեցնենք, որ 2016 թվականին արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը հայտնվեց օֆշորային սկանդալում, որի արդյունքում հրաժարական տվեց, իսկ 2017 թվականին Հանրապետական կուսակցությունից ընտրվեց Ազգային ժողովի պատգամավոր:

Սկզբնաղբյուրը՝ sut.am

Ծաղրանկարը՝ Մեդիալաբի