Արտագաղթ. մի Եգանյանին այդ ցուցանիշները մտահոգում են, մյուսն այդ թվերը «արտառոց» չի համարում

Արտագաղթ. մի Եգանյանին այդ ցուցանիշները մտահոգում են, մյուսն այդ թվերը «արտառոց» չի համարում
Արտագաղթ. մի Եգանյանին այդ ցուցանիշները մտահոգում են, մյուսն այդ թվերը «արտառոց» չի համարում

Ի տարբերություն կառավարության, որն «արտառոց» չի համարում Հայաստանում վերջին տարիներին գրանցված արտագաղթի ցուցանիշները, սոցիոլոգ, անկախ փորձագետ Ռուբեն Եգանյանին անհանգստացնում են և´ արտագաղթի այսօրվա ցուցանիշները, և´ այդ առումով հնարավոր զարգացումները:
«Միգրացիայի ընդհանուր պատկերը մեր երկրի համար մտահոգիչ է, և նախադրյալներ կան, որ դրա ծավալները կմեծանան»,- «Մեդիալաբին» ասում է «Հայկական սոցիալ ժողովրդագրական նախաձեռնություն» ՀԿ նախագահ Ռուբեն Եգանյանը:
Արտագաղթի թեման, որը չափազանց արդիական է դարձել վերջին շրջանում` քաղաքական տարբեր ուժերի կողմից որպես շահարկման, իսկ կառավարության կողմից` որպես հաղթահարելի մի երևույթ ներկայացվելով, ըստ մասնագետների լուրջ հետազոտության կարիք ունի: Սակայն ամեն դեպքում կառավարության և անկախ փորձագետների կարծիքները տարբեր են:
Երկուշաբթի ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը լրագրողներին ասել է, որ միգրացիոն առումով արտառոց ոչինչ տեղի չի ունենում:

Նա հրապարակել էր պաշտոնական տվյալներ, ըստ որոնց 2008 թվականին Հայաստանից միգրացիայի բացասական մնացորդը կազմել է 23.000 մարդ, 2009-ին երկրից հեռացել և չեն վերադարձել մոտ 25.000-ը, իսկ 2010-ին՝ 29.800-ը։

«Այսինքն` միգրացիոն տեսանկյունից ո´չ 2009-ին, ո´չ 2010-ին արտառոց երևույթներ տեղի չեն ունեցել»,- ասել էր Գագիկ Եգանյանը։

«Ուղևորահոսքը չմեկնաբանենք որպես միգրացիա։ Սա, անշուշտ, կապ ունի միգրացիայի հետ, բայց սա միգրացիա չէ, սա ուղևորահոսք է… Վերջին տարիներին միգրացիայի բացասական մնացորդը չի ահագնացել, այլ մնացել է նույն մակարդակի վրա»,- հավելել էր Գագիկ Եգանյանը` այդպես էլ, սակայն, չհստակեցնելով, թե իրականում` ըստ պաշտոնական տվյալների, որքա՞ն է կազմում արտագաղթը:

Ըստ հրապարակված տարբեր տվյալների` անկախությունից ի վեր Հայաստանը լքել է 1,1 մլն մարդ: Տարեկան Հայաստանը լքողների թիվը, ըստ այդմ` մոտ 60 հազար է:

Միգրացիոն ծառայության պետն իր ասուլիսում նշել էր, թե հայերը շարունակում են ավելի շատ մեկնել Ռուսաստանի Դաշնություն՝ մոտ 65 տոկոսը, 10 տոկոսը մեկնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, մյուս 10 տոկոսը՝ Եվրոպա, 5 տոկոսը՝ նախկին խորհրդային հանրապետություններ։ Ռուբեն Եգանյանը ևս նշում է, որ արտագաղթողների հիմնական մասը մեկնում է հենց Ռուսաստան:

Գագիկ Եգանյանն ասել էր նաև, որ Հայաստանի քաղաքացիները երկիրը լքում են հիմնականում սոցիալական դրդապատճառներով՝ աշխատատեղի բացակայության, ցածր աշխատավարձի, գործարարությամբ զբաղվելու խոչընդոտների, ինչպես նաև «չնչին մասը»` քաղաքական դրդապատճառներով։

Փորձագետ Ռուբեն Եգանյանը ևս պնդում է, որ հատկապես սոցիալական վիճակը մեծ դեր է խաղում արտագաղթի համար, սակայն, ի տարբերություն մյուս Եգանյանի, անկախ փորձագետը կարծում է, որ Հայաստանում ընթացող զարգացումները հիմք են տալիս ենթադրելու, որ արտագաղթի ծավալներն առաջիկայում կմեծանան:

«Այո´, երկիրը լքում են հիմնականում մի քանի պատճառներով` աշխատանքի բացակայության, սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական»,- ասում է անկախ փորձագետը:

Հայաստանից մեկնելու «մութ» տրամադրությունների մասին են փաստում նաև 75 տարի հետազոտությունների փորձ ունեցող Gallup կենտրոնի` անցյալ տարի հրապարակած ուսումնասիրությունները, որի համաձայն նախկին խորհրդային հանրապետություններում սեփական երկիրը մշտապես լքելու ամենամեծ ցանկությունն ունեն հենց հայաստանցիները:

Ըստ ուսումնասիրության` Հայաստանից հեռանալու ցանկություն ունի երկրի բնակչության 39%-ը, Վրաստանից` 14%-ը, իսկ Ադրբեջանից` 12%-ը:

Անկախ փորձագետ Ռուբեն Եգանյանն ասում է, որ մարդիկ մտածում են արտագաղթի մասին, երբ «կորցնում են հույսն ապագայի հանդեպ»:

«Եվ նախադրյալներ կան, որ արտագաղթի ծավալները կմեծանան: Օրինակ` փողոցային առևտրի դեմ սկսված պայքարը, փոքր օբյեկտների փակումը, գյուղատնտեսական հողերի նախատեսված խոշորացումը` այդ ամենը բերելու է միգրացիայի աճի»,- ասում է նա:

Քրիստինե Խանումյան

© Medialab.am