«Պատերազմը հաղթում են ոչ թե ռազմաճակատում, այլ՝ դպրոցական նստարանին». Բերդաշենում «Արմաթ» լաբորատորիա է բացվել

Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի դպրոցում «Արմաթ» ինժեներական լաբորատորիա է բացվել:

 Այս մասին «Արցախպրես»- ին տեղեկացրեց Բերդաշենի դպրոցի տնօրեն Արտակ Զարգարյանը:

««Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրերի ղեկավար Սեդրակ Վարդանյանն իր թիմով մի քանի օր Արցախում էր`լաբորատորիաների տեղադրման հասցեների պայմաններն ուսումնասիրելու: Իսկ ահա Բերդաշենում՝ «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի տեղադրման նպատակով»,- մեզ հետ զրույցում նշել է Ա. Զարգարյանը: Աշակերտների հետ հանդիպման ժամանակ Ս. Վարդանյանը խոսեց երկրի անվտանգության խնդիրների մասին, նրանց հետ կիսվեց պատերազմի այս փուլի պարտության պատճառների շուրջ իր մտքերով: «Ես եկել եմ այն եզրակացության, որ խնդիրը կրթության մեջ է: Ինչպես որ ավելի քան 100 տարի առաջ Գերմանիայի կանցլեր Բիսմարկը ասել է.« Պատերազմը հաղթում են ոչ թե ռազմաճակատում, այլ՝ դպրոցական նստարանին»:

Երեխաներն իրենց պետք է դրսևորեն ինժեներության, ծրագրավորման, տնտեսության մեջ, մշակույթում, սպորտում, որ ազգային հերոսներ ծնվեն խաղաղ պայմաններում` հենց այդ բնագավառներում: Մեկ ինժեները կարող է այնպիսի նորամուծություն բերել, սարքավորումներ դնել պաշտպանության մեջ, որը կարող է հազարավոր զինվորների կյանք փրկել»,- նշել է Ս. Վարդանյանը: Բերդաշենում «Արմաթ»-ի բացմանը ներկա էր ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը, ով, շնորհավորելով դպրոցականներին, հորդորեց ակտիվորեն մասնակցել նրա խմբակին՝ խոստանալով լավ արդյունք ցուցաբերածներին ընդգրկել նախարարության «Սմարթ Արցախ», «Խելացի Արցախ» ծրագրերում:

Բերդաշենի դպրոցի տնօրեն Արտակ Զարգարյանն իր երախտագիտությունը հայտնեց գյուղի երեխաներին առաջընթացի նման հնարավորություն ստեղծելու համար: Ս. Վարդանյանը հավելեց, որ նաև ուսումնասիրում են Արցախում անօդաչու թռչող սարքերի աշխատանոցների տեղադրման հնարավորությունները, որոնք նախատեսում են բացել առաջիկայում: Տեղեկացրեց նաև, որ մինչև ամռան վերջ «Արմաթ» լաբորատորիա կտեղադրեն նաև Կարմիր շուկայում: