Տեղի է ուենցել ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տեսակոնֆերանսը

Ապրիլի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը տեսակոնֆերանս է անցկացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ, տեղեկացնում են ԱԳ լրատվական ծառայությունից։

Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: ԱԳ նախարար Մնացականյանն անդրադարձ է կատարել Արցախում անցկացված համապետական ընտրություններին։

Կողմերն ընդգծել են նոր տիպի կորոնավիրուսի դեմ գլոբալ պայքարի համատեքստում հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման հրամայականը։

Կարծիքներ են փոխանակվել ստեղծված պայմաններում աշխատանքների շարունակականության ապահովման քայլերի ուղղությամբ: Այս համատեքստում պայմանավորվածություն է ձեռք բերվել ապրիլի 21-ին անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեսակոնֆերանսը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ: