Պարզվել են անչափահաս աղջիկների նկատմամբ անառակաբարո, ինչպես նաև սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի հանգամանքները

Հեղինակ MediaLab

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Արմավիրի մարզի բնակչի կողմից անչափահաս աղջիկների նկատմամբ անառակաբարո, ինչպես նաև սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի բնակչուհին և նրա անչափահաս դուստրը, Արմավիրի մարզի՝ 1956թ. ծնված բնակչի թույլտվությամբ, անվարձահատույց բնակվել են նրա տանը, իսկ վերջինս տեղափոխվել է այլ բնակության վայր: Ձևավորված մտերմությունից ելնելով՝ անչափահաս աղջիկը, մոր գիտությամբ, վերջինիս բացակայության ժամանակ հաճախակի մնացել է 63-ամյա տղամարդու բնակության վայրում, որտեղ 2017թ. դեկտեմբերի վերջից մինչև 2018թ. մարտի 8-ն  ընկած ժամանակահատվածում, օգտվելով 12 տարին չլրացած աղջկա անօգնական վիճակից՝ 63-ամյա տղամարդը պարբերաբար սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել նրա նկատմամբ՝ սպառնալով տնից վռնդել՝ նշված գործողությունների մասին որևէ մեկին հայտնելու դեպքում:

Բացի այդ, 2018թ. մարտի 8-ից 9-ն ընկած ժամանակահատվածում անչափահաս աղջիկը իր՝ 2008թ. ծնված  ընկերուհու հետ, ջուր վերցնելու նպատակով, գնացել է 63-ամյա տղամարդու  բնակության վայր, որտեղ վերջինս անառակաբարո գործողություններ է կատարել 2008թ. ծնված անչափահասի նկատմամբ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմավիրի մարզի 63-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 142-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն: