«Սաղ փողոցն ասում էր՝ Նառան չի կարա ապրի առանց Հենրիկի, գրող չկպավ ինձ». Ուրախ Հենոն զոհվել է Շուշիում

45-ամյա Նաիրա Բաղդասարյանը ամեն օր զրուցում է որդու նկարի հետ, վիդեոները նայում, որդու խոսքերն ու ձայնը հիշում։ Մայրն ասում է՝ շատ կապված էր որդու հետ, չէր կարող պատկերացնել, որ որդուն երբևէ կկորցնի։ «Սաղ փողոցն ասում էր՝ Նառան չի կարա ապրի առանց Հենրիկի, գրող չկպավ ինձ, ինչ էղավ, իմ էրեխին էղավ»,- մորմոքով ասում է մայրը։

Նաիրայի որդին՝ 22-ամյա Հենրիկ Հովհաննիսյանը, զոհվել է պատերազմի ժամանակ։ Մայրը հուզմունքով ասում է՝ տեսել է որդու դին, բայց շարունակում է սպասել․ «Ասում եմ՝ բանակում է իմ տղես, հլը կգա»։

Հենրիկ Հովհաննիսյանը, ունենալով առողջական խնդիրներ, ուշ է մեկնել բանակ, Հադրութում եղբոր հետ է ծառայել, երբ սկսվել է պատերազմը։ Պատերազմի ժամանակ Հենրիկի եղբայրը վիրավորվել է, Հենրիկն էլ նոյեմբերի 7-ին Հադրութից տեղափոխվել է Շուշի։

«Զանգեց, ասեց՝ Շուշի են տանում, ասեցի՝ մի՛ գնա, ասեց՝ մա՛մ, հատուկջոկատայինի մեջ եմ»,- հիշում է մայրն ու ասում, որ նոյեմբերի 8-ին լուր չեն ունեցել որդուց, նոյեմբերի 9-ին հրադադարից հետո, երբ որդին կրկին կապի դուրս չի եկել, սկսել են վատագույնը մտածել։

«Ամուսինս ասեց՝ եթե սաղ լիներ, կզանգեր… Ինքը գնաց՝ փնտրելու, ամսի 11-ին հետ եկավ, ասեցի՝ ինչի՞ հետ եկար, ինքը արդեն տեսել էր էրեխուն, հանել էր տվել»,- հուզմունքով ասում է Նաիրան։

Հենրիկը զոհվել է հրազենային վիրավորումից։ 

«Ես չէի մտածի՝ իրան բան կլինի, իմ ուշքն ու միտքը մյուս տղես էր, որ վիրավորվել էր, չէի պատկերացնի՝ Հենրիկիս բան կլինի»,- ասում է մայրը ու հուզմունքով հիշում, որ մինչ բանակ գնալը որդին հաճախ է ասել, որ բանակ գնա, պատերազմ է լինելու։

«Միշտ ասում էր՝ գնամ բանակ, իմ վախտով կռիվ է լինելու։ Միշտ մտքով անցել էր, ասում էր՝ մա՛մ, իմ մտքից անցնում ա, պատերազմ կլինի, ու չեմ գա»,- կսկիծով ասում է մայրը։

Հենրիկը ծնվել է Արագածոտնի մարզի Արտենի գյուղում։ Բարի, հոգատար ու բոլորին հասնող էր՝ ասում է մայրը։ 

«Ինքը շատ խղճով էր, միշտ թույլի կողմն էր, ճիշտ խոսող, պարզ, մաքուր։ Էրեխեքի շատ էր սիրում, գյուղի կենտրոնում խաղահրապարակ կար, ասում էր՝ սղարանները քիչ են, բանակից գամ, երեխեքի համար սղարանները կշատացնեմ»։

Հենրիկին բոլորը ճանաչում էին իր հումորով ու կատակներով։ Մայրն ասում է՝ որդին շատ ուրախ էր, ժպիտը՝ դեմքին: 

«Շատ ծիծաղկոտ էր, իրան ասում էին՝ Ուրախ Հենո։ Սիրում էր հանաք անել, ասում էի՝ տնից գնա, մենք մի 5 րոպե լրջանանք»,- հիշում է մայրը։ 

Մայրն ասում է՝ հիմա տանը ո՛չ ուրախություն կա, ո՛չ ծիծաղ, միայն կարոտ է ու դատարկություն։ Որդու գերեզման գնալով է մայրը փոքր-ինչ սփոփանք գտնում։

«Ասում էին՝ Եռաբլուրում լինի հուղարկավորությունը, չուզեցինք, մեզ մոտ՝ Արտենի գյուղում է հուղարկավորված։

Ես երբ ուզում եմ՝ գնում եմ գերեզման, ես կխելռեի՝ չտեսնեի։ Որ գնում եմ մոտը, գիտեմ՝ ինքը ուրախանում ա»,- ասում է ու հուզվում մայրը։

Հենրիկ Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։

Արիության մեդալը շնորհվում է հայրենիքի պաշտպանության, հասարակական կարգի պահպանության, ազգային անվտանգության գործում, քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարման, ինչպես նաև փրկարարական աշխատանքներում ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական կամ քաղաքացիական պարտքը կատարելու համար:

Արփինե Արզումանյան

MediaLab.am