Երևանի ընտրությունները և ՍՆուփ Դոգը

Նիկոլ Փաշինյանը ինտուիտիվ մակարդակով միշտ լավ է զգացել ՀՀ քաղաքացիների տրամադրությունները, դրա պատճառով երբ հասարակության մեծ մասը արագաչափերի դեմ էր, նա նույնպես արագաչափերի դեմ էր (հիմա՝ ոչ), երբ հասարակության մեծ մասը հանքարդյունաբերության դեմ էր, նա նույնպես դեմ էր (հիմա՝ ոչ), երբ հասարակության մեծ մասը Երևանում անընդհատ թարմացվող ասֆալտապատմանը դեմ էր, նա նույնպես դեմ էր (հիմա՝ ոչ) և այդպես շարունակ:

Սակայն այսօր ՀՀ Կառավարությունը կայացրեց մի որոշում, որով առաջին հայացքից որևէ կերպ չի շահում, ընդ որում՝ որոշումը լուռ կամ բացեիբաց քննադատում են և՛ մոլի իշխանամետները, և՛ ընդդիմադիրները, և՛, թերևս, բոլոր հնարավոր մարդիկ, և այս որոշումը իսկապես համախմբել է Հայաստանի հասարակությանը, քանի որ համարյա ԲՈԼՈՐԸ դեմ են դրան:

Խոսքը ՀՀ Կառավարության կողմից թմրամիջոցների մեծ պրոպագանդիստ Սնուփ Դոգի համերգի համար ՀՀ պետական բյուջեից 6 միլիոն դոլար վճարելուն՝ միևնույն ժամանակ վաճառված տոմսերի գումարը ամբողջությամբ կազմակերպիչ ընկերությանը թողնելով աբսուրդ մի որոշման մասին է, որի բացատրությունը ամբողջ Հայաստանը ոչ մի կերպ չի հասկանում, իսկ իշխանությունը, ըստ էության, լուռ է, ՍԱԿԱՅՆ…

Կա մի նրբություն, որը կարծես թե բոլորը անտեսեցին. համերգը կայանալու է Երևանի ավագանու ընտրություններից ընդամենը մեկ շաբաթ հետո, դրանով կարծես թե որոշակի ալիբի ապահովելով, որ այն կապված չէ ընտրությունների հետ: 

Սակայն այս համերգի շնորհիվ իշխանությունը հնարավորություն է ունենալու մոտ 6 միլիոն դոլար գումար ծախսել ընդամենը երկու ամիս առաջ ստեղծված կասկածելի կազմակերպության միջոցով և վճարելու հարյուրավոր մոնտաժողների, օպերատորների, լուսավորողների, ծառայություններ մատուցող ընկերությունների և բազմաթիվ այլ մարդկանց, միևնույն ժամանակ հնարավորություն ունենալով 20-25 000 տոմսերի հսկայական մասը նվիրելու երիտասարդներին նույն ընտրություններին իշխանության թեկնածուին սատարելու խոստման դիմաց:

Իրականում Սնուփ Դոգին վճարվելու է աննշան գումար, քանի որ 20-30 տարի առաջ գերաստղ համարվող և ներկայումս կոմերցիոն առումով երկրորդական դերերում հանդես եկող երգիչը, ըստ տարբեր բաց աղբյուրների տվյալների, մեկ համերգի համար վճարվում է մի քանի տասնյակ հազար դոլար գումար: Ի՞նչ պետք է արվեն մնացած գումարները: Մնացած միլիոնավոր դոլարները, օրինակ՝ կարող են վճարվել հազարավոր մարդկանց որպես աշխատանք և ծառայություն՝ ապահովելով ձայներ և այս կամ այն կերպ նվիրվելու են կամ շատ ցածր գներով տրվելու են երիտասարդներին՝ կրկին ապահովելով ձայներ:

Օրինակ՝ եթե համերգին ներգրավված յուրաքանչյուր մարդ միջինը ստանա 50 դոլարին համարժեք որևէ աշխատանք կամ նվեր այս համերգի կազմակերպչական աշխատանքներից, որը համընկնելու է հիմնականում Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի հետ, ապա 6 միլիոն դոլարը (հանած Սնուփ Դոգի մի քանի տասնյակ հազարը) կարող է ապահովել ավելի քան 100 000 մարդու կողմից որևէ առավելություն: 

Իսկ արդյոք սա կարո՞ղ է դիտարկվել որպես ընտրակաշառք, թե՞ ոչ՝ արդեն դիտորդական և ընտրություններով զբաղվող կազմակերպությունները պիտի որոշեն:

Մարի Ներսեսյան

MediaLab.am