Սնուփ Դոգի թանկարժեք համերգը կազմակերպում է հայտնի գործարարի որդին՝ առանց մրցույթի. «Սիվիլնեթ»

Հայաստանի կառավարությունը օգոստոսի 11-ին ավելի քան 6 միլիոն դոլար հատկացրեց ռեփեր Սնուփ Դոգի (Snoop Dogg) համերգի կազմակերպման համար։ Ըստ որոշման հիմնավորման՝ նշյալ գումարը կուղղվի Սնուփ Դոգի հոնորարի վճարմանը, արտիստի թիմի տեխնիկական պահանջների, անվտանգության և ապահովագրական ծախսերի, բարձրակարգ տեխնիկական հագեցվածության ապահովմանը և գովազդային միջոցառումների իրականացմանը:Այս մասին հայտնում է «Սիվիլնեթ»-ը:

Ծրագրի իրականացումն ապահովելու է «Դոպինգ Սփեյս» ընկերությունը։ Կառավարությունը համերգի կազմակերպման նպատակահարմարությունը ընդգծել է զբոսաշրջիկների՝ համերգի համար Հայաստան ժամանելով, դրա տնտեսական էֆեկտով և այլն, համեմատություններ են եղել նաև Վրաստանի հետ։

«Ծրագիրն իրականացնող կազմակերպության հավաստմամբ՝ ակնկալվում է, որ միջոցառմանը մասնակցելու նպատակով արտերկրից Հայաստան կժամանի 5000-6000 զբոսաշրջիկ: Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տեղեկատվության՝ մեկ զբոսաշրջիկը միջինը Հայաստանում ծախսում է 800-1000 դոլարին համարժեք ՀՀ դրամ գումար: Հայաստանը հնարավորություն կունենա մուտք գործելու միջազգային շոու-բիզնեսի շուկա, հավասար պայմաններ կստեղծվեն դաշտում ճանաչում ունեցող աստղերին Հայաստան ավելի մատչելի միջոցներով հրավիրելու համար»,- նշված է որոշման հիմնավորումներում։

«Դոպինգ սփեյս». ո՞վ է ընկերության սեփականատերը

«Դոպինգ սփեյս» ընկերությունը այս միջոցառումը կկազմակերպի առանց մրցույթի, այլ կերպ ասած՝ միջոցառումների կազմակերպմամբ զբաղվող ընկերությունների միջև մրցակցությամբ չէ, որ ընտրվել է «Դոպինգ սփեյսը»։ Համենայնդեպս, գնումների համակարգի Armeps հարթակում որևէ նման մրցույթի մասին տեղեկություն չկա։ Ըստ կառավարության՝ «Դոպինգ Սփեյս» ՍՊԸ-ն պարտավորվում է ապահովել միջոցառման համար բոլոր անհրաժեշտ սարքավորումները, իրականացնել դրանց տեղադրումը, ապահովել միջոցառման անցկաց­ման թեմայով գովազդային արշավներ Հայաստանում և արտերկրում՝ նշելով, որ միջոցա­ռումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հովանու ներքո: Նման արտիստների համերգների կազմակերպման համար անհրաժեշտ են մեծ և համաշխարհային ստանդարտներին համապատասխանող բացօթյա հարթակներ կամ մարզադաշտեր, ինչը թույլ կտա Հայաստան հյուրախաղերի հրավիրել համաշխարհային աստղերի կամ խմբերի:

«Դոպինգ սփեյսը», ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի, հիմնվել է անցյալ ամսվա սկզբին՝ հուլիսի 4-ին։ Ընկերության բաժնետոմսերի 51 տոկոսը Մակար Պետրոսյանինն է՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի (ՄԱՊ-ի Ալիկ) որդունը: Ընկերության մյուս բաժնետերը Հայկ Սիմոնյանն է՝ «Դոպինգ» գովազդային գործակալության հիմնադիրը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: