«Մեր տունը կորցրինք, հողերը, տները տվել են թուրքերին, հիմա երեխաներս գետնին են քնում»․ Քարվաճառից՝ Չարենցավան, անորոշության մեջ

33-ամյա Մելինե Սարգսյանը երեք երեխաների հետ Արցախյան պատերազմի առաջին օրվանից Քարվաճառից եկել է Հայաստան։ Կրակոցների բարձր ձայներից վախեցած, ինչպես նաև մարզպետարանի՝ շտապ հեռանալու հորդորին հետևելով՝ արագ լքել է տունը՝ վերցնելով միայն տան փաստաթղթերը և երեխաների, հարևանների հետ եկել են Հայաստան։

«Տնից դուրս գալիս չէինք էլ պատկերացնի, որ մեր երկհարկանի տունն ու հողատարածքը կանցնեն թուրքերին և կմնանք առանց սեփական տանիքի»,- հուզված ասում է Մելինե Սարգսյանը։


Սարգսյանը Հայաստանում է ծնվել՝ Չարենցավանում, ամուսնացել է Քարվաճառում և 18 տարի ապրել այնտեղ՝ մինչ պատերազմի սկիզբը։

Ասում է՝ Արցախում և՛ աշխատանք ուներ, և՛ տուն, հիմա՝ ոչ մի բան։ Հիմա միակ ցանկությունն է, որ չորս պատ և չորս անկյուն ունենա և կարողանա աշխատել, որ երեխաների մասին հոգ տանի։ Մինչև պատերազմը մեկ տարի աշխատել է Շահումյանի շրջանի ընտրական շտաբում՝ որպես գործավար, մինչ այդ՝ մարզպետարանում։

«Մեր տունը կորցրինք, մեր հողերը, տները տվել են թուրքերին։ Հիմա Չարենցավանում ծնողներիս տանն եմ։ էստեղ 17 հոգով ենք՝ հարսներով, եղբայրներով, երեխաներով, շատ ծանրաբեռնված ենք։ 3 սենյականոց բնակարան է։ Ես ու երեխաներս գետնին ենք քնում, դոշակ-բան գցել ենք, էդպես ենք քնում, մինչև այլ տարբերակ գտնենք»,- ասում է Սարգսյանը։

Մելինեն նշում է, որ առայժմ տեղյակ չէ՝ արդյոք իրեն կփոխհատուցե՞ն կորցրած տան համար, թե՞ ոչ։ Սակայն փոխհատուցման դեպքում կնախընտրեր Հայաստանում ունենալ տարածք, քանի որ երեխաները անհանգստություն ունեն Արցախ վերադառնալու հարցում։

«Առայժմ ոչ մի բան չեն ասում, գուցե Ստեփանակերտում տրամադրեն, բայց մենք վախենում ենք՝ նորից գնանք։ Երեխաներս 13,15,16 տարեկան են, ասում են՝ մամա, չենք ուզում գնալ, ի՞նչ իմանանք՝ 5 տարի հետո ինչ կլինի։

Շատ կուզենայինք՝ տուն տրամադրեին էստեղ, կարևոր չէ՝ որտեղ կլինի, էնքան որ չորս պատ լինի, չորս անկյուն, իմ երեխեքի հետ կարողանամ մնալ»,- ասում է Սարգսյանը։

Նա պատմում է, որ Արցախի վերաբերյալ համաձայնագրի ստորագրումից հետո, երբ ժամանակ էր տրվել Արցախ վերադառնալու և իրերը վերցնելու, մեկ անգամ գնացել է Քարվաճառ, սակայն տունը թալանված և ավերված գտնելով՝ ձեռնունայն վերադարձել Հայաստան։

«Մինչև հողերը հանձնելը որ ասեցին՝ ով կարող ա գա, իր վեշերը տանի, ուզեցինք գնանք, գույք վերցնենք։ Նոյեմբեր ամսի 13-ին գնացինք, տեսանք՝ դուռս՝ ջարդած, պատուհաններս՝ ջարդած, մտել են, սաղ թալանել են, չգիտենք՝ ովքեր են եղել, ամբողջը թալանված էր։ Լացելով հետ եմ դարձել-եկել։

Մենք այնտեղ ամեն ինչ ունեինք, ոչ մի բանի կարիք չունեինք, այս տարիներին ամեն ինչ ստեղծել էի, հողամաս ունեի, հավ, խոզ»,- հուզված ասում է Մելինե Սարգսյանը։

Մելինե Սարգսյանի տունն է, հեռանալիս հասցրել է մեկ կադր անել

Նշում է, որ թաղապետարանից օգնություն են ստանում, 15 օրը մեկ թաղապետարանն օգնություն է տրամադրում, սակայն արդեն չորրորդ օրը սնունդը վերջանում է:

«Տալի են հիգիենայի պարագաներ, բրինձ, ոսպ, բայց քիչ է, 15 օր չի հերիքում, ոնց որ 4 օրվա է, որ երեք անգամ երեխեքին հաց տաս, երեխեքին էլ չես կարա ասես՝ սպասեք, 15 օրը լրանա»,- ասում է Սարգսյանը։

Պատմում է, որ երեխաները մինչ այժմ նաև սթրեսի մեջ են, բարձր ձայներից վախենում են:

«Ապրիլյանի ժամանակ մենք կրակոցի ձեն չենք լսել, մեր մոտ չէր գալիս, էս անգամ լրիվ պարզ լսվում էր։ Ճիշտն ասած, մինչև հիմա ուշքի չենք գալիս, երեխեքն էլ մի հատ թխկոց են լսում՝ վախենում են»,- նշում է Մելինե Սարգսյանը։

Սարգսյանն ասում է, որ մի քիչ ուշքի գալուց աշխատանք պետք է փնտրի, որ կարողանա երեխաներին պահել, նշում է, որ ցանկացած աշխատանք կկատարի, միայն թե տան, իրենց կեցության հարցը լուծվի, մնացածը ինքը կկազմակերպի:

«Ցանկացած աշխատանք կանեմ, էնքան որ, աշխատանք լինի, ես կանեմ, հիմա դեռ չեմ փնտրում, բայց ուշքի գանք՝ կփնտրեմ։ Թիկունք չկա, ամուսին չունեմ, պետք է երեխաներիս պահեմ»,- ասում է Սարգսյանը։

Մելինե Սարգսյանի ընտանիքին օգնելու ցանկության դեպքում կարող եք կապ հաստատել՝ գրելով «Մեդիալաբի» Ֆեյսբուքի էջին։ 

Արփինե Արզումանյան

MediaLab.am