«Սա ազատագրված տարածք է, այդ բարձունքից նրանք սպառնում էին Մովսես և շրջակա գյուղերի խաղաղ բնակչության անդորրը». Վահան Բադասյան

«Մեդիալաբի» զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը

Պարո՛ն Բադասյան, մեր զինված ուժերը հայտարարում են, որ փայլուն գործողություններ են իրականացրել թե՛ անօդաչու թռչող սարքերը խոցելու, թե՛ պատժիչ գործողություններ իրականացնելու հետ կապված, որոնց մասին տեսանյութեր կան: Ինչպիսի՞ն է ձեր կարծիքը:

– Ի տարբերություն նախկին իշխանությունների՝ նոր իշխանությունները լուրջ ուշադրություն են դարձրել ոչ միայն առաջնագծի ուժեղացմանը, այլ նաև զենքի և զինամթերքի ներկրմանը և կիրառմանը: 

Տեսեք՝ Հայաստանում «Կալաշնիկով» ինքնաձիգների արտադրություն ստեղծելն արդեն մեծ գործ է: Գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցի ջանքերով 1994-1995 թվականներին «Կալաշնիկովի» փամփուշների պատրաստման արտադրություն Հայաստանում կար, սակայն 1997-1998 թվականներին, ցավոք սրտի, այն Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ վաճառքի հանեցին, ուղղակի փոշիացրեցին: 

Ես իրավունք ունեմ մտածելու, որ փամփուշները դրսից էին ներկրում, իսկ դրսից ներկրելու դեպքում՝ իրենց գողոնի բաժինը մեծանում էր: Այսինքն` մտածել են սեփական գրպանի, այլ ոչ բանակի հզորացման մասին: Այդ ժամանակ ազերիները դեռ ոչինչ չունեին: 

Անօդաչու սարքերի հիմնադիրները հենց հայ գիտնականներն են, որ առաջինը դրա մասին խոսել են դեռևս 2002-2004 թվականներին, բայց անօգուտ: Մերոնք այդ ուղղությամբ ոչինչ չեն արել, մատը մատին չեն տվել, իսկ ազերիները ոչ միայն դրանք ներկրել են Իսրայելից, այլ նաև սկսել են սեփական արտադրություն դնել, բայց գյուտի հեղինակը հայ գիտնականներն են: Նրանք ստիպված իրենց գյուտը վաճառել են եվրոպական երկրներին, որտեղից այն հասել է Իսրայել, որտեղից էլ եկել է մեր դեմ: 

Սա, իհարկե, դավաճանություն է օրվա իշխանությունների կողմից սեփական երկրում գիտության, հատկապես անվտանգության համար այդքան շատ կարևոր գյուտերն անտեսելու համար: Հիմա, իհարկե, այդպես չէ: 

2016 թվականի ապրիլից հետո մենք ստիպել ենք, որ առաջնագծում տեղադրվեն տեսախցիկներ, գիշերային նշանոցներ՝ թշնամուն ոչնչացնելու համար: Տեսեք, որ հաջորդ տարիներին երևացող ադրբեջանցիներին մերոնք արդեն կարողանում են ոչնչացնել: 

Արդեն կարողանում են գիշերային նշանառուների, գիշերատեսիլների օգնությամբ հասնել արդյունքի:

Նոր իշխանությունները դա ավելի զարգացրեցին, հատկապես 2018-ից սկսեցին անօդաչու թռչող սարքերի ուսումնասիրման, սեփական արտադրություն ունենալու հնարավորությունները, որոնք թույլ կտան նաև խոցել հակառակորդին: Մի բան է ունենալ սեփական ԱԹՍ, այլ բան է խոցել հակառակորդի ԱԹՍ-ները: 

Ադրբեջանը ինքնասպան ԱԹՍ-ներ ունի, հեռակառավարվող, հետախուզական ԱԹՍ-ներ ունի, իսկ մենք գրեթե ոչինչ չունեինք: Միայն դրոններ ունեինք, որոնցով հիմա հարսանիք են նկարում: 

Նրանց խոցելու, նրանց աշխատանքը խանգարելու համար մեր գիտնականները ահագին առաջարկություններ արել էին, բայց դրանք չէին ընդունվում օրվա իշխանությունների կողմից: Թեև ես շատ հարցերում քննադատել եմ ՀՀ նոր իշխանություններին, բայց ի պատիվ իրենց՝ իրենք լուրջ ուշադրություն են դարձրել այս երկու տարիների ընթացքում սեփական անօդաչու թռչող սարքերն ունենալու, թշնամուն խոցելու հարցերում: 

Համացանցով, լրատվամիջոցներով նշվում է, որ մեր բանակը, Հայաստանի ՊՆ-ն, գլխավոր շտաբը կարողացան միահամուռ կերպով, համատեղ ջանքերով պահպանել Սև քար կոչվող ազատագրված դիրքը, նաև կարողացան դիմակայել թշնամուն և ոչնչացնել նրա ԱԹՍ-ները: 

Ցավոք սրտի, մի քանիսն աշխատեցին, և մենք զոհեր ունեցանք, բայց մենք նույնպես կարողացանք կարևոր գործողություններ կատարել սեփական ԱԹՍ-ներով և թշնամու մի քանի կենդանի ուժի, տեխնիկայի և կարևոր օբյեկտների ոչնչացում կազմակերպել: 

Պետք է շարունակել բանակաշինության, բանակի զինտեխնիկայի սեփական արտադրության, նաև ռազմարդյունաբերության զարգացումը:

Դուք հայտարարություն էիք տարածել, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ եք աջակցելու բանակին, մինչդեռ մենք տեսնում ենք իշխանությունների հասցեին հնչող քննադատություններ անգամ այս օրերին: 

– Տեսեք՝ ես նույնիսկ այն ժամանակ, երբ մեր երկրում իշխանություններն իսկապես ազգի թշնամիներն էին, 2014-ին, երբ Թուրքիան հարձակվեց Քեսաբի վրա և հայերին կոտորեց ու տեղահան արեց, անկախ նրանից՝ ով էր օրվա իշխանությունը, ես կամավոր գնացի Քեսաբ, իմ փոքր ջոկատով փոքրիկ մասնակցություն ունեցա Քեսաբի ազատագրության գործում: 

Ես իմ թիմակիցների և կողմնակիցների հետ, երբ 2014-ին դիվերսիոն հարձակումներ էին մեր դիրքերի վրա, գնացի և կանգնեցի մեր զինվորների կողքին: 

Նաև 2016-ին կամավոր ես իմ գերդաստանի տղամարդկանց հետ միասին ամենաառաջինը զենք վերցրինք և գնացինք ամենաթեժ տեղը, և իմ համեստ մասնակցությունն ունեցա քառօրյա պատերազմում մեր հայրենիքի պաշտպանության գործում: Պարզապես ես չեմ նկարվել, չեմ ցուցադրել, ժողովուրդն այդ մասին գիտի: Եվ որքան ողջ լինեմ, անկախ իմ տարիքից, մարտ վարելու իմ գիտելիքները պատրաստ եմ ներդնել ի շահ մեր հայրենիքի պաշտպանության: 

Ինչ վերաբերում է այն մարդկանց, որոնք այս օրերին իշխանության դեմ ըմբոստանում են… Ես կըմբոստանայի մեր իշխանությանը, ինչպես ըմբոստացել եմ 2016-ին, երբ գնացել եմ դիրքեր և տեսել եմ սխալներ: Իսկ Նարեկ Մալյանները և մյուս բաշիբոզուկները, որոնք փակում են փողոցը և փորձում են ըմբոստանալ, իրականում մեր ազգի թշնամիներն են: 

Եվ նրանց պետք է չեզոքացնեն ոչ թե իշխանությունները ոստիկանության ուժերով, այլ ազգը պետք է նրանց չեզոքացնի՝ խայտառակելով և պարսավանքի ենթարկելով: 

Իշխանությունը լավ կլիներ, իհարկե, մեր հայտարարությանն արձագանքեր և մեր մեկնած ձեռքը բռներ, բայց եթե չեն բռնում, նշանակում է՝ չի եղել օգնության կարիք:

Բացի այդ, մեր հակառակորդները նույնպես պետք է իմանան, որ մենք որքան էլ քննադատենք մեր իշխանությունների սխալները, նման պահին մեր ձեռքը միշտ պարզված է:

– Ի՞նչ սպասել Ադրբեջանից, որտեղ Բաքվում և Սումգայիթում ցույցեր են: Հնարավո՞ր է արդյոք լայնածավալ պատերազմական գործողություններ սկսվեն:

– Համենայն դեպս, իրենք ինչ էլ անեն, անելու են ի վնաս իրենց: Նրանք ուզում են պատերազմ սկսել, հարձակվել Հայաստանի վրա, ասում են՝ Էրիվանը մերն է, ամեն դեպքում ինչ էլ անեն, ես շատ ուրախ կլինեմ, որ անեն, որովհետև համոզված եմ, որ հարցը լուծվելու է կապիտուլյացիայով: 

Մենք ունենալու ենք մեր երազած միացյալ Հայաստանը, որովհետև ազերիները ուզեն թե չուզեն, Ադրբեջանը՝ որպես աշխարհում յուրահատուկ կայսրություն, ոչնչացման եզրին է: 

Շուտով անկախություն պետք է ստանան, և լավ կլինի, որ մեր օգնությամբ ստանան, որովհետև նրանք ինքնուրույն չեն կարող, թալիշները, լեզգիները, ավարները շուտով կստանան իրենց անկախությունը: 

Հարավկովկասյան բնիկ ազգերը իրենց անկախությունը ստանալու են, այսինքն՝ Ադրբեջան պետությունը պայթելու և ոչնչանալու է, ինչպես ստեղծվել է, նույն ճակատագիրը սպասում է նաև Թուրքիային: 

Մենք պարզապես ունենք անելիքներ ոչ թե ոչնչացնելու նրանց, մենք ունենք անելիքներ հզորացնելու մեր բանակը, երկիրը, տնտեսությունը, ապահովելու մեր հայրենակիցների հայրենադարձությունը, և ահա այստեղ ես քննադատական խոսք ունեմ մեր իշխանություններին, որ հապաղում են, դանդաղ են աշխատում, պետք է հներին, բոլորին գնահատական տրվի, գողոնը պետք է վերադարձվի:

– Ինչ տեղեկություն ունեք, ի՞նչ տարածքներ է անցել հայկական կողմին։ 

Սա գրավյալ տարածք չէ, սա ազատագրված տարածք է, որովհետև այդ բարձունքից իրենք սպառնում էին Մովսես և շրջակա գյուղերի խաղաղ բնակչության անդորրը, սպանում էին գյուղացիներին, խաթարում էին նրանց տնտեսություն վարելը, և, վերջապես, դա ՀՀ տարածքն է, որը ազատագրված է: 

Ես չեմ ասում, որ մենք հիմա կսպառնանք նրանց կանանց և երեխաներին և թույլ չենք տա, որ թշնամին սպառնա մեր խաղաղ բնակչությանը: 

Եվ ես առաջարկում եմ մեր ՊՆ-ին, որ մեր թշնամու ամեն մի ոտնձգությանը պատասխանեն նման բարձունքների ազատագրմամբ, ինչը վերջերս նախարարն էլ հայտարարեց՝ նորանոր տարածքներ հանուն խաղաղության: Սա ճիշտ նշանաբան է: 

Մանե Հարությունյան

MediaLab.am