ԵԱՀԿ փաստահավաք առաքելություն. մինչ համանախագահները կժամանեն, Հայաստանի վարած քաղաքականությունը քննադատությունների է արժանանում

ԵԱՀԿ փաստահավաք առաքելություն. մինչ համանախագահները կժամանեն, Հայաստանի վարած քաղաքականությունը քննադատությունների է արժանանում
ԵԱՀԿ փաստահավաք առաքելություն. մինչ համանախագահները կժամանեն, Հայաստանի վարած քաղաքականությունը քննադատությունների է արժանանում

Հոկտեմբերի 4-ից մեկնարկած ԵԱՀԿ Մինսկի խմբի Փաստահավաք առաքելությունը` Ղարաբաղի վերահսկողության տակ գտնվող տարածքներում քննադատությունների տեղիք է տվել:

Անկախ քաղաքագետ Երվադ Բոզոյանը ԵԱՀԿ փաստահավաք առաքելությունը որակել է որպես  «Հայաստանի դիվանագիտական պարտություն»: Նա նշել է, որ միջազգային հանրության, միջնորդների մոտ ձեւավորված կարծիքի համաձայն օկուպացված տարածքներ կան միայն մի կողմում:

«Եվ քանի որ մտածում են, որ միայն մեր կողմում կան, բնականաբար, դաշտային առաքելություն պետք է իրականացվի այստեղ։ Ես կարծում եմ, որ սա հայկական դիվանագիտության մեծ բացթողումն է։ Արդյունքում միակողմանի դաշտային առաքելություն է իրականացվում մեր տարածքներում»,- ասում է Երվանդ Բոզոյանը։

Սակայն ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երկուշաբթի լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ ասել է, թե «տվյալ առաքելությունն ուսումնասիրելու է ընդհանուր կացությունն այդ տարածաշրջանում» : Նա ավելացրել է, որ ՄԱԿ-ի որեւէ այլ կառույց առընչություն չունի առաքելության հետ:

«ԵԱՀԿ Դաշտային գնահատման առաքելությունը եռանախագահների առաքելություն է, եւ ՄԱԿ-ի միայն մեկ կառույցից` փախստականների գրասենյակից մեկ-երկու հոգի են ներկայացված որպես տեխնիկական փորձագետներ»,- երկուշաբթի կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Սեպտեմբերի 25-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից տարածված հայտարարության մեջ նշվում է, որ Փաստահավաք առաքելությունը Ղարաբաղի հարակից տարածքում պետք է իրականացվի  2010 թվականի հոկտեմբերի 4-14-ը:

Ըստ այդ հայտարարության, առաքելությանը մասնակցելու համար “համանախագահները պաշտոնապես հրավիրել են  ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) եւ (UNHCR) ՄԱԿ-ի փախստականների  հարցով գերագույն հանձնակատարի փորձագետներին»:

Համանախագահները, ինչպես եւ հայտարարվել էր պաշտոնապես, իրենց առաքելությունը պետք է իրականացնեն միայն Ղարաբաղի հարակից շրջաններում:

Սակայն, առաքելությանը ինչպես եւ որոծ վերլուծաբաններ,  դեմ է արտահայտվել ընդդիմադիր ՀԱԿ-ը: Հայտարարությամբ ՀԱԿ-ը կոչ է արել ԼՂՀ իշխանություններին թույլ չտալ Փաստահավաք առաքելությունը իրականացնել Ղարաբաղի հարակից տարածքներում, եթե նմանատիպ առաքելություն չիրականացվի նաեւ Ադրբեջանի կողմից օկուպացված ղարաբաղյան տարածքներում:

ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը անդրադարձել է մտահոգիչ այս հարցին: Լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ  նա շեշտել է, թե  Ղարաբաղը թույլատրել է իրականացնել առաքելությունը այն պատճառաբանությամբ, որ մյուս տարի նմանատիպ  առաքելություն կիրականացվի Ադրբեջանի կողմից օկուպացված Ղարաբաղի տարածքներում:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, սակայն, այդ երկրորդ առաքելության մասին  որեւէ հայտարարություն կամ հաստատում առ այսօր չի եղել: Նախատեսվում է, որ վաղը երեկոյան համանախագահները կժամանեն Հայաստան:

 

© Medialab.am