ՀԱՊԿ ԽՎ դիտորդների հետ հանդիպեցին ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները

Հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մեր երկիր են ժամանել միջազգային դիտորդական առաքելություն իրականացնող բազմաթիվ կազմակերպություններ:

Այդ մասին հայտնում են ԱԺ պաշտոնական կայքից։

Հունիսի 19-ին ԱԺ «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» եւ «Իմ քայլը» խմբակցությունների ներկայացուցիչներն Ազգային ժողովում հանդիպեցին ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության անդամներին՝ Ղրղզստանի Հանրապետության Ժոգորկու Քենեշի միջազգային գործերի, պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահի տեղակալ Կանիբեկ Իմանալիեւի գլխավորությամբ:

Մեր երկրում անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններն անկողմանակալ գնահատելու համատեքստում խմբակցությունների ներկայացուցիչները կարեւորեցին ՀԱՊԿ ԽՎ-ի դիտորդական առաքելությունը: Անդրադարձ եղավ նախընտրական քարոզչության իրականացմանը, հետընտրական գործընթացներին, բաց ու թափանցիկ ընտրությունների անցկացման համար ստեղծված հնարավորություններին: Արժեւորվեց կայունությունն ու խաղաղությունը թե՛ տարածաշրջանում եւ թե՛ ամբողջ աշխարհում: Կողմերն ընդգծեցին, որ հայ ժողովրդի ձայնը պետք է վճռորոշ լինի այս ընտրություններում:

Հյուրերը կարեւորեցին բաց եւ թափանցիկ ընտրությունների անցկացումը, ինչը բնորոշ կլինի ժողովրդավարական արժեքներ դավանող Հայաստանին եւ հայ ժողովրդին: