Ռեֆորմներ պետք է անեք, ու անհապաղ, առանց ուշացնելու, քանզի հին համակարգով նոր խնդիրներ չեն կարող լուծվել․ Սաքունցը՝ ոստիկանության համակարգի մասին

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը անդրադարձել է Գավառում երեկ տեղի ունեցածին, որի հետևանքով 4 մարդ է սպանվել, կան մի քանի վիրավորներ․

«Տարիներ շարունակ համակարգային կոռուպցիայով կառավարած, պետությունը զավթած մաֆիան իրավիճակը հսկել է ոչ միայն իրավապահ մարմինների, այդ թվում ոստիկանության, այլ նաև քրեական հեղինակությունների համատեղ ջանքերով:

Այդ պատճառով այսպես կոչված հարցերը, խնդիրները լուծվում էին քրեական «ռազբորկաների» միջոցով, և հարցը չէր հասնում դիվանբաշուն՝ իրավական հարթություն կամ դատարան կամ դատախազություն, կամ էլ չէր լինում հրապարակային այսպիսի դրսևորումներ, որոնք տեսանք Գավառում: Եթե լինում էր, ապա դաժանորեն պատժվում էին «խաղի կանոնները» խախտողները, որոնց մասին չէինք էլ իմանում, կամ գործ էինք ունենում չբացահայտված սպանությունների, հանցագործությունների փաստերի հետ:

Եվ հիմա, երբ քրեական աշխարհն այլևս չի հանդիսանում ոստիկանության «ստորաբաժանումը» , ոստիկանությունը չի կարողանում լիարժեք գործել, քանի որ չունի ոչ կարողություններ առանց քրեականի գործելու և չունի փորձ առանց քրեականի հետ համագործակցելու գործելու և գիտելիք առանց քրեականի հետ համագործակցելու գործելու:

Եվ այդ վիճակից դուրս բերելու համար էր պետք վեթինգը, մաքրումը և հրատապ փոփոխությունները ոստիկանության համակարգում, որի մասին առնվազն երկու տարի գոռում, գոչում ենք, պահանջում ենք ….

Իսկ նախկինները, հանկարծ չփորձեն քիթները ցցեն դուրս, ու դատողություններ անել: Ձեր իմացածը քրեական է իր ողջ բնույթով, որը հեռացված է հեղափոխությամբ և որին վերադարձ չի կարող լինել ու չի լինելու:

Դուք էիք պակաս, ու Ձեր խորհուրդները պահեք Ձեզ:

Բայց ներկաներն էլ, չպետք է նախկինների վրա ամեն ինչ բարդեն՝ բացատրություններ տալով:

Բացատրված է բազմիցս, ռեֆորմներ պետք է անեք, ու անհապաղ, առանց ուշացնելու, ու չեք հասկանում, որ հին համակարգով նոր խնդիրներ չեն կարող լուծվել, չկա նման հնարավորություն, չի եղել, ու չի կարող լինել»: