«Ռուսաստան-Թուրքիա սիրախաղի համար վճարողը դառնում է Հայաստանը». Ստյոպա Սաֆարյան

«Ռուսաստան-Թուրքիա սիրախաղի համար վճարողը դառնում է Հայաստանը». Ստյոպա Սաֆարյան
«Ռուսաստան-Թուրքիա սիրախաղի համար վճարողը դառնում է Հայաստանը». Ստյոպա Սաֆարյան

Ռուս-Թուրքական հաշտեցումն իրական վտանգ կարող է ներկայացնել Արցախի համար: Այս կարծիքին է «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

«Եթե Ռուսաստանին ինչ-որ բան պետք լինի Թուրքիայից, այսինքն՝ ինչ-որ գործընթացում Թուրքիայի աջակցությունը պետք լինի Ռուսաստանին, մենք բոլորս գիտենք, թե Թուրքիան ինչ պահանջ է առաջ քաշելու: Դա  վերաբերելու է Ղարաբաղյան խնդրին, և այդ կտրվածքով կարծես թե երկուսի սիրախաղի համար վճարողը դառնում է Հայաստանը»,- «Մեդիալաբին» ասում է Ստյոպա Սաֆարյանը:

Ռուս-թուրքական հարաբերությունները կարգավորման բնույթ են սկսել կրել այն բանից հետո, երբ հունիսի 27-ին լուր եղավ, որ Թուրքիան ներողություն հայցող նամակ է ուղարկել Ռուսաստան:

Ըստ ռուսական կողմի պաշտոնական տեղեկության՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նամակ էր հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ անցած տարվա նոյեմբերին թուրք-սիրիական սահմանին ռուսական ռազմական ինքնաթիռի խոցման մասին: Էրդողանն իր նամակում ցավակցություն էր հայտնել զոհված ռուս օդաչուների ընտանիքներին և ներողություն խնդրել տեղի ունեցածի համար:

Այնուհետև Պուտինը հայտարարել էր, որ այդ նամակից հետո որոշում է ընդունվել թուրք գործընկերների հետ սկսել հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Տեղեկություն եղավ նաև, որ Պուտինն ու Էրդողանը ծրագրել են հանդիպել:

Ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումը, Ստյոպա Սաֆարյանի խոսքով, նշանակում է, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի նախկին սցենարերին, որտեղ Ռուսաստանի հաշվարկների մեջ մտնում էր Թուրքիայի հետ տակտիկական սիրախաղը:

Իսկ, ինչպես հայտնի է, շատ դեպքերում դա շոշափում էր հայկական հարցեր, ոչ միայն Հայաստան-Թուրքիա կտրվածքով, այլ նաև՝ Հայաստան-Ադրբեջան և Արցախի խնդիր:

Իրավիճակն, ըստ Սաֆարյանի, այնպիսին է, որ և թուրք-ռուսական առճակատումն է Հայաստանի համար միշտ խնդիր եղել, և սիրախաղը: Այնպես որ, երկու դեպքում էլ մեզ համար ռիսկեր կան, հետևաբար Հայաստանը պետք է շատ աչալուրջ լինի Թուրքիա-Ռուսաստան-Ադրբեջան առանցքում իր համար ռիսկերի մասով:

«Աչալուրջ լինել նշանակում է չանտեսել այն, ինչը նախկինում Հայաստանն անտեսում էր: Օրինակ՝ թույլ չտա թուրք-ռուսական բանակցություններ հայկական թեմայով: Նախկինում մենք լռության էինք մատնում, երբ Դավիթօղլուն և Լավրովը հանդիպում էին և հայտարարում Ղարաբաղյան խնդրով իրենց զրույցների մասին: Հայաստանն այժմ Ռուսաստանին շատ հստակ պետք է հասկացնի, որ իր հետ կապված հարցերը չի կարող քննարկել Անկարայի հետ: Պետք է կանխել դա, որպեսզի Անկարան ինքը ստիպված լինի Հայաստանի հետ խոսել»,- ասում է վերլուծաբանը:

Նրա խոսքով՝ նախկինում ունեցած իրավիճակը հետևյալն էր՝ Թուրքիան գրեթե անուղղակի հասկացնում էր, որ ինքը Հայաստանի հետ իր հարաբերությունները քննարկում է նրա տիրոջ հետ: Հայաստանն այլևս չպետք է թույլ տա այս վերաբերմունքը և պետք է շատ կտրուկ արտահայտվի, եթե փորձ արվի թուրք-ռուսական առանցքով հայկական հարցեր քննարկելու:

Ռուս-թուրքական հաշտեցումն արագ տեղի է ունենում, քանի որ, ըստ վերլուծաբանի, Ռուսաստանը կանգնած էր խնդրի առաջ՝ պետք է փոխեր իր քաղաքականությունը Կովկասում ու Սև ծովում: Բայց այդ երկրի համար ավելի հարմար էր վերադառնալ նախկին քաղաքականությանը, որտեղ Թուրքիան այդ ռազմավարության մի դերակատարն էր, որոշ հարցերում նրա պասիվությունն ու լոյալությունը Ռուսաստանին միանգամայն ձեռնտու էին:

«Ակնհայտ է, որ Ռուսաստանն անչափ ուրախ է, որովհետև Թուրքիայի հետ հարաբերությունների խզումը կոլապսի առաջ էր կանգնեցրել շատ մեծ խաղը Սևծովյան և Կովկասյան տարածաշրջաններում: Եվ թերևս նկատելի է, որ Ռուսաստանին ավելի շատ ֆորմալ կողմն էր հետաքրքրում՝ Թուրքիայի ներողությունը: Եվ բավական արագ ընդունեցին Թուրքիայի ներողության հայցումը»,- ասում է Ստյոպա Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ ստացվում է, որ Ռուսաստանը որոշեց հին դիրքերին վերադառնալ, ոչ թե նոր ռազմավարություն իրականացնել:

«Հենց դրա համար էլ ուրախ է, որ առանձնակի շատ ջանքեր չպետք է գործադրի: Եթե նախկինում խաղի բոլոր դերակատարներն առկա էին, դերերը բաշխված էին, իսկ համաձայնությունները՝ կայացված, այժմ նա պետք է նոր համաձայնություններ կնքեր: ՌԴ համար այժմ շատ ավելի բարդ է խաղալ Իրանի հետ, Իրանը չի կարղ տեղավորվել այն խաղի ու դերակատարման մեջ, որում տեղավորվել էր Թուրքիան»,- ասում է Սաֆարյանը:

Ըստ նրա՝ Կովկասում Ռուսաստանին կրտսեր գործընկեր է պետք: Իրանն այդպիսի համաձայնություն, առավել ևս Արևմուտքի հետ իր հարաբերությունների բարելավման պատկերի և իր ամբիցիաների, ներուժի ու կայունության առումով իրեն թույլ չի տա, իսկ Թուրքիան այդ դերը վերցրել էր: Հետևաբար, Ռուսաստանի համար գտած էր, որ Թուրքիան թեկուզ ձևական մի տեքստ ուղարկեր, որը մինչ օրս քննարկում են՝ ներողություն է, թե ոչ, եթե ներողություն է, ապա ում է ուղղված:

Իհարկե, ըստ Սաֆարյանի, նոր խաղի պայմաններում պետք է մի բան հաշվի առնել՝ այնպես չէ, որ Ռուսաստանում Թուրքիային այսօր կվստահեն այնպես, ինչպես վստահում էին նախորդ տարվա նոյեմբերի 24-ից առաջ: Գոնե նկատելի զգուշավորություն ու անվստահություն կլինի երկու երկրների միջև:

«Բայց այն, որ տակտիկական շահեր ու ընդհանրություն ունեն այս երկրները Կովկասում, ոչ թե ռազմավարական, այլ մարտավարական բնույթի, սա փաստ է»,-«Մեդիալաբին» ասում է Ստյոպա Սաֆարյանը:

Էմմա Մանուկյան

MedaLab.am