Վրաստանի դպրոցներում սեպտեմբերի 15-ին ուսումնական տարվա մեկնարկից առաջ ստուգումներ են իրականացվում

Aliq.ge-ն գրում է․

Վրաստանի դպրոցներում այսօրվանից ստուգումներ են սկսվում։ Գնահատվելու է պանդեմիայով պայմանավորված պահանջների  կատարումը։ Ստուգումներն անցկացնելու են Աշխատանքի տեսչության, արդյունաբերության ազգային գործակալության և մունիցիպալ ծառայության  կողմից կազմված խմբերը։

Մինչև սեպտեմբերի 15-ը 400 տեսուչներ ստուգելու են դպրոցները․ պահանջներին բավարարելու դեպքում դպրոցներին թույլ կտրվի սկսել գործունեությունը։

Պահանջներին չհամապատասխանող դպրոցները կարող են տեսուչներին նորից կանչել` թերությունները վերացնելուց  հետո։ Ուսումնական տարվա մեկնարկից հետո ստուգումները  պարբերական կդառնան։ Մասնավոր դպրոցներում ստուգումները սկսվել են մի քանի օր առաջ։ 21 դպրոցի տրվել է գործելու իրավունք։ 

Հիշեցնենք` կառավարության որոշմամբ ուսումնական գործընթացը վերսկսվելու է սեպտեմբերի 15-ին, դասերն անցկացվելու  են պանդեմիայով պայմանավորված հատուկ պահանջները հաշվի առնելով։

Լուսանկարը՝ Aliq media-ի