«Հռոմի պապը բացարձակ այլ լիդերության չափանիշեր բերեց իր հետ»․ ըստ վերլուծաբանների, հասարակությունը ղեկավարման նոր մոդելի պահանջ ունի

«Հռոմի պապը բացարձակ այլ լիդերության չափանիշեր բերեց իր հետ»․ ըստ վերլուծաբանների, հասարակությունը  ղեկավարման նոր մոդելի պահանջ ունի
«Հռոմի պապը բացարձակ այլ լիդերության չափանիշեր բերեց իր հետ»․ ըստ վերլուծաբանների, հասարակությունը ղեկավարման նոր մոդելի պահանջ ունի

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցը Հայաստան փաստեց, որ հայ հասարակությունը պետականության ու ղեկավարման նոր մոդելի պահանջ ունի: Այս կարծիքին է «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, ով նկատում է, որ Հռոմի պապը լիդերության նոր չափանիշներ բերեց Հայաստան:

Հունիսի 24-26-ը այց կատարելով Հայաստան՝  պապը մի շարք ուղերձներ հղեց հայ հասարակությանն ու իշխանություններին: Բուռն քննարկման թեմա դարձավ այն, որ Հռոմի պապը Հայաստանում գտնվելու օրերին գերադասեց ոչ թանկարժեք ու հասարակ ավտոմեքենայով երթևեկել, նկատողություն արեց իրեն մոտենալ ցանկացողներին հրող անվտանգության աշխատակիցներին:

Հասարակությունը զուգահեռներ անցկացրեց հայաստանյան հոգևորականների ու իշխանությունների շքեղ ու Հռոմի պապի ժուժկալ ապրելակերպի միջև:

«Բոլորի համար նկատելի էր, որ Հռոմի պապը բացարձակ այլ լիդերության չափանիշեր բերեց իր հետ, և պատահական չէր, որ բուռն քննարկման առարկա էր դարձել պապի ժուժկալ կենցաղավարումը, համեստությունը, մարդասիրությունը: Եվ բավականին հաճախ էին զուգահեռները մեր հոգևոր որոշ առաջնորդների և պապի միջև: Բայց դա չէր սահմանափակվում միայն հոգևոր առաջնորդների հետ զուգահեռներով, այն նաև տարածվում էր աշխարհիկ ղեկավարների վրա: Այսինքն՝ կարող ենք ասել, որ պապն իր հետ բերեց, այսպես կոչված, լիդերության մի նոր չափանիշ ու մոդել, որը չափազանց պահանջված է հայ հասարակության կողմից»,- «Մեդիալաբին» ասում է Ստյոպա Սաֆարյանը:

Նա նկատում է, որ Հայաստանում Հռոմի պապի հետ հաղորդակցվում էին ոչ միայն Կաթոլիկ եկեղեցու, այլև Առաքելական եկեղեցու հետևորդները: Դա ցույց տվեց, թե սիրո ինչ մեծ դեֆիցիտ ու պահանջ կա Հայաստանում նման ղեկավար ունենալու նկատմամբ: Եվ այս կտրվածքով, ըստ Սաֆարյանի, հասարակության ու Հռոմի պապի միջև կոնտակտը թերևս ստացված էր ու լավագույններից մեկը:

«Ես ուզում եմ առանձնացնել երկու միջոցառում, որոնք ցույց տվեցին, թե ինչ պահանջներ կան հայ հասարակության մեջ: Մեկն «Ավրորա» մրցանակաբաշխությունն էր, որը բացարձակ այլ մթնոլորտ ստեղծեց երկրում, երկրորդը՝ Հռոմի պապի այցը: Հայ հասարակությունը, ի պատիվ իրեն, ցույց տվեց, որ շատ բարձր պահանջներ ունի և ամենևին էլ մեզ առաջարկվող չափանիշների սպառողը չէ»,- նկատում է Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ հայ հասարակությունը փաստորեն պահանջ ունի պետականության ու ղեկավարման նոր մոդելի, և Հռոմի պապի այցը, թեև չի բերել լուրջ համակարգային փոփոխությունների, բայց նման ներուժ է բերել:

«Ցավ եմ ապրում, որ այսօր քաղաքական ուժերը, հատկապես ընդդիմադիր, չեն դառնում այդ նոր օրակարգի, պետականության ու ղեկավարման նոր մոդելի ձևակերպողը, և ամեն ինչ մնում է հասարակական պահանջարկի մակարդակում, ոչ ավելին: Իսկ հասարակությունն ինքնաբուխ չի կարող այդ մոդելը կյանքի կոչել կամ այնպես պարտադրել իշխանություններին, որ իշխանությունը փոխի երկրի ղեկավարման մոդելն ու ձևը»,- «Մեդիալաբին» ասում է Սաֆարյանը:

«Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» ղեկավար Աղասի Ենոքյանը կարծում է, որ Հռոմի պապի այցի ընթացքում կարևոր մեսիջ էր այն, որ նա առաջինը հայ ժողովրդին արդարություն մաղթեց:

«Եթե թարգմանենք ամերիկյան ժամանակակից քաղաքական լեզվով, դա նշանակում է՝ Հայաստանում այլևս չլինի կոռուպցիա՝ ոչ ֆինանսական, ոչ քաղաքական տեսանկյունից»,- «Մեդիալաբին» ասում է Աղասի Ենոքյանը: Հաջորդ մեսիջն, իհարկե, խաղաղությունն էր:

Ենոքյանի խոսքով՝ այս երկու մեսիջներն էին, որոնք Հռոմի պապի կողմից ուղղված էին հայ ժողովրդին: Այն, որ Հռոմի պապը Հայաստանում իշխանություններին ճոխ կյանքից զերծ մնալու «դասեր տվեց», Աղասի Ենոքյանի խոսքով, դա նրա ապրելակերպն է, սովորական քրիստոնեական ապրելակերպ է:

Նա նաև նկատում է՝ այն, որ Հռոմի պապը Հայաստանում արտասանեց Ցեղասպանություն բառը, խոսեց Ղարաբաղի մասին, Թուրքիայում հիստերիկ արձագանք ունեցավ: Այդ երկիրը համարեց, որ Հռոմի պապը կամ ապատեղեկացված է, կամ հայկական լոբբիի ազդեցության տակ է: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, Աղասի Ենոքյանը նկատում է, որ ադրբեջանցիները պապի խոսքերն ամբողջովին շուռ են տվել` ասելով, որ խաղաղության մասին խոսելով Հայաստանում՝ նա այդ խոսքերն ուղղել է հենց Հայաստանին: Այսինքն՝ Հայաստանից է պահանջել խաղաղություն:

Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ Վատիկանն ակնհայտ քաղաքականություն է վարում, և լավ իմաստով է քաղաքականություն վարում: Բայց քանի որ Վատիկանն ինքը քաղաքականության գործիք չէ, նրան որքան էլ մեղադրեն, «հանցանքի» վրա չեն կարող բռնել:

«Բայց այն, որ Հռոմի պապի այցելությունն ավելացրեց Հայաստանի քաղաքական անվտանգության ռեսուրսները, կաթոլիկ երկրների աջակցությունը բերեց, հատկապես այն երկրների, որտեղ հավատը մեծ դեր ունի, փաստ է: Այս կտրվածքով Հայաստանի անվտանգության խնդիրներով նրան քաղաքական աջակցություն ցուցաբերելը չափազանց մեծ միտք ստացավ, և ես կարծում եմ, որ մենք պետք է սպասենք Ցեղասպանության ճանաչման շարունակությանը հատկապես այնպիսի երկրների կողմից, որտեղ կաթոլիկ հավատքի դիրքերն ամուր են»,- ասում է Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ Հռոմի պապի այցը չափազանց կարևոր էր այն համատեքստում, որ անցնող ամիսներին Թուրքիան ակնհայտորեն աջակցում էր Հայաստանի և Արցախի դեմ ադրբեջանական ոտնձգություները: Եվ այս առումով կրկին ասպարեզ բերել Ցեղասպանության փաստը և Թուրքիային ստիպել, որ կամ ապացուցի, որ ցեղասպան պետություն է, կամ հրաժարվի իր անցյալից, անգնահատելի է:

«Ի վերջո չմոռնանաք Իսլամական կազմակերպության վերջին կոնֆերանսում ընդունված բանաձևը, երբ անգամ Ադրբեջանի կողմից փորձ արվեց Ղարաբաղյան հիմնախնդիրը կրոնական երանգի տակ ներկայացնել, և բանաձև ընդունվեց Թուրքիայում: Սրան ի հակադրություն ուղղակի Աստծուն աղոթք հղելն ու Ղարաբաղում խաղաղություն աղերսելն ինքնին քաղաքական քայլ է: Այս կտրվածքով, իհարկե, նաև տարածաշրջանային առումներով Հռոմի պապի այցելությունն ազդեցության առումով շատ մեծ է»,- ասում է Սաֆարյանը։

Էմմա Մանուկյան

MediaLab.am