Աննախադեպ քայլ է, երբ իշխանությունը ցանկանում է վերահաստատել իր մանդատը. Բաբկեն Թունյան

 ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը կարծում է, որ խորհրդարանի նախատեսվող լուծարումը, արտահերթ ընտրությունների անցկացումը աննախադեպ քայլ է Հայաստանում, որով իշխանությունը ցանկանում է վերահաստատել իր մանդատը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թունյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ հատուկ նիստում, որում քննարկվում է վարչապետի ընտրության հարցը:

«Թվում է՝ պարզ տեխնիկական ինչ-որ բան ենք անում, երկրորդ անգամ վարչապետին պետք է չընտրենք, որպեսզի պրոցեսը շարունակվի: Բայց այս ամենի մեջ մեծ սիմվոլիզմ կա: Մենք կես ժամ հետո  կատարելու ենք մի գործողություն, որից հետո ԱԺ-ն արձակվելու է: Իհարկե, հետո ԱԺ-ն իր լիազորությունները շարունակելու է որոշ ժամանակ, աշխատելու է մինչև հաջորդ խորհրդարանի ձևավորումը, բայց սա շատ կարևոր և Հայաստանում երևի աննախադեպ քայլ է, երբ իշխանությունը ցանկանում է վերահաստատել իր մանդատն ու վերստանալ հասարակության վստահության քվեն»,-ասաց Թունյանը:

Նա առաջարկեց հետահայացով նայել, թե վերջին 2.5 տարում ինչ են արել: Պատգամավորն ընդունեց՝ բաներ կան, որ իշխանությունը արել է, բաներ կա, որ չեն արել, բաներ կա, որ սխալ են արել, դանդաղ են արել: Նա ներողություն խնդրեց հայրենակիցներից՝ իշխանության սխալ արածների, չհասցրածների, իրենց տեմպի համար: «Երևի պետք է մի քիչ ավելի արագ լինեինք:

Այս ամենը փաստ է, որը ոչ մեկը չի հերքի, բայց փաստ է նաև այն հանգամանքը, որ մենք այստեղ եկել ենք աշխատելու՝ ի շահ Հայաստանի Հանրապետության: Այստեղ ոչ մեկը չի եկել, որ իր բիզնեսի համար հարմար տանիք ապահովի, կապեր ստեղծի: Մարդիկ այստեղ բոլորն աշխատում են՝ իրենց ոլորտում կամ իրենց հետ առնչվող ոլորտներում որևէ քայլ առաջ կատարել, որ մենք ունենանք այն երկիրը, որի մասին միշտ երազել ենք »,-ասաց Թունյանը:

Ըստ ՀՀ Սահմանադրության, եթե խորհրդարանում երկու անգամ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովը լուծարվում է: Մայիսի 3-ին կայացած Ազգային ժողովի հատուկ նիստում Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ արդեն չի ընտրվել ՀՀ վարչապետ, եթե այսօր էլ ընտրությունը չկայանա, խորհրդարանն իրավունքի ուժով կցրվի:

Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպումներից հետո հայտարարել էր, որ երկրում հունիսի 20-ին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: