Ռուս լրագրողները Ստեփանակերտում հայտնվել են հրետակոծության տակ․ Factor.am

Ռուսական «Իզվեստիա»-ի նկարահանող խումբը Լեռնային Ղարաբաղում հայտնվել է հրետակոծության տակ։

Factor.am-ի փոխանցմամբ՝ տեղեկացվում է, որ լրագրող Դենիս Կուլագան օպերատոր Ալեքսանդր Մալիշևի ու տեղաբնակների հետ կարողացել է թաքնվել բնակելի տներից մեկի նկուղում։

«Իզվեստիա»-ի լրագրողը հայտնել է Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքի երկու ռմբակոծության մասին։ Նշվում է, որ առաջին ռմբակոծությունից հետո 4 արկի բեկորները թափված են եղել քաղաքի կենտրոնական հրապարակում։ Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ լրագրողներն Արցախում հայտնվում են կրակահերթի տակ։

Ավելի վաղ Մարտունիում հրետակոծության տակ էին հայտնվել հայ և օտարերկրյա լրագրողները, ինչի արդյունքում վիրավորվել էին նաև Le Monde-ի լրագրողն ու լուսանկարիչը, իսկ ավելի ուշ Մարտակերտից Ստեփանակերտ ճանապարհին կրակահերթի տակ է հայտնվել Factor TV-ի, «Շանթ» հեռուստաընկերության և ռուսական Առաջին ալիքի, ՏԱՍՍ-ի ու ՌԻԱ Նովոստիի լրագրողներին տեղափոխող միկրոավտոբուսը։