«Ապագա սերունդներն այսօրվա վարչապետի արտահայտությունների պատճառով շատ մեծ խնդիրների առջև են կանգնելու». Տարոն Սիմոնյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանը

– Պարո՛ն Սիմոնյան, դուք հավանաբար հետևել եք վարչապետի ասուլիսին, որտեղ նա վկայակոչում էր արցախյան հիմնախնդրին առնչվող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը՝ դրանք համարելով լուծման հիմք: Որպես միջազգային իրավական փաստաթղթերին ծանոթ մասնագետ՝ ի վերջո, այդ բանաձևերն Արցախի կարգավիճակի մասի՞ն են, թե՞ տվյալ ժամանակահատվածում ռազմական գործողությունները դադարեցնելու:

– Ճիշտն ասած, բավականին դժվար է առանց նյարդայնանալու մեկնաբանել պարոն Փաշինյանի ելույթները: Ես, օրինակ՝ բժշկությունից չէի խոսի, որովհետև այդ ոլորտի մասնագետ չեմ: Ինքը միջազգային իրավական փաստաթղթերից խոսելիս գոնե պետք է խորհրդակցի ոլորտի մասնագետների հետ, նոր խոսի, քանզի նրա հայտարարություններն ուղղակիորեն պետության դիրքորոշում արտահայտող հայտարարություններ են և հետագայում մեզ կաշկանդելու են: Այսօր էլ կաշկանդում են: Ապագա սերունդները այսօրվա վարչապետի արտահայտությունների պատճառով շատ մեծ խնդիրների առջև են կանգնելու:

Այդուհանդերձ, եթե զսպեմ նյարդայնությունս և ռացիոնալ պատասխանեմ, պետք է ասեմ, որ նախ՝ չի կարելի 2021 թվականի իրադարձությունները մեկնաբանել 1993 թվականի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերով, որովհետև դրանք տարբեր իրավիճակներ կարգավորող երևույթներ են:

1993 թվականին դրանք ընդունվել են ռազմական գործողությունները դադարեցնելու պահանջով: Որևէ կարգավիճակի հարց դրանցում առկա չէ: Որևէ վեճի լուծման ուղղություն դրանցում առկա չէ:

– Վարչապետն ասում է, որ այդ բանաձևերում Արցախը նշվում է որպես Ադրբեջանի մաս:

– Միջազգային փաստաթղթերում այն, ինչ նշվում է, պետք է հաշվի առնել, թե կոնկրետ ի՛նչ իրադարձության պայմաններում է դա նշվում: Նույն փաստաթղթերում նաև Արցախի ինքնորոշման իրավունք իրացնող ժողովրդի մասին է խոսքը: Նույն բանաձևերում արտահայտված դիրքորոշումները Ադրբեջանը մինչև այսօր չի կարողացել ու ապագայում էլ չի կարողանալու արտահայտել ի վնաս Հայաստանի, եթե Հայաստանի ղեկավարությունն ինքը, որպես վտանգավոր գործիք, իր վրա չկախի:

Այսինքն՝ դրանք միանգամայն այլ հարթություններ են, և այդ բանաձևերում արտահայտած կարծիքները միանգամայն այլ կարծքներ:

Ավելին, այդ նույն բանաձևերին կողմ քվեարկած պետությունները հետագայում կազմել են Մինսկի խմբի համանախագահների խորհուրդը, որի միջոցով՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հաստատող բանաձևերի հետագա ընդունմամբ:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ստեղծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խորհուրդը, որի միջոցով պետք էր փորձել լուծել Արցախի հիմնախնդիրը, որտեղ քննարկվում էր Արցախի հետագա կարգավիճակի հարցը:

Այսինքն՝ այս ամեն ինչը չնկատել ու թշնամական պետության դիրքորոշումները առաջ քաշել հանուն ինչ-որ արդարացումների, չեմ ընկալում: Ես չեմ պատկերացնում՝ նա (նկատի ունի Նիկոլ Փաշինյանը – հեղ.) ո՛նց է նայելու ապագա սերունդների աչքերին իր այս օրերի հայտարարությունների համար, որոնք որևէ առնչություն չունեն միջազգային իրավունքի հետ:

– Պարո՛ն Սիմոնյան, վարչապետն ասում է, որ 2016-ին հիմնախնդրի լուծման նոր փաստաթուղթ է առաջարկվում, որով հիմնախնդրի լուծման ձևաչափը ՄԽ-ից տեղափոխվում է ՄԱԿ: Դուք դեռ պատգամավոր եղած շրջանում բանակցային գործընթացին մոտ կանգնած պաշտոնյաների հետ եք հանդիպել, խոսել բանակցությունների մասին, ֆորմատի փոփոխության վերաբերյալ հիշատակում եղե՞լ է:

– Չէ՛ իրականում: Չնայած այդ հանդիպումները եղել են խորհրդապահական, բայց, այդուհանդերձ, որևէ արտառոց փոփոխության մասին խոսք չի եղել: Հակառակը՝ այն ժամանակվա արտգործնախարարը վստահեցնում էր, որ ամեն ինչ վերահսկողության տակ է, բանակցությունները շարունակվել են և շարունակվում են: Առարկայական ու արմատական որևէ փոփոխության մասին խոսք չկար:

Թե հիմա ինչո՛ւ է հետահայաց արդարացումների գիրկն ընկել վարչապետը, չգիտեմ, համենայնդեպս, 2019-2020 թթ. սկզբին, երբ մենք խորհրդարանում հանդիպում էինք արտգործնախարարության ներկայացուցիչների հետ, ֆորմատի փոփոխության մասին խոսք չկար: Բոլոր փաստաթղթերում եղել է Արցախի ժողովրդի իրավունքի ֆիքսումը: Դա բավարար է, քանի որ դա արտաքին ինքնորոշման մասին էր խոսում, որովհետև բոլորն էլ հասկանում էին՝ Ադրբեջանի կազմում ինքնորոշվելու իմաստ չկա:

Նույն Սովետական Միության տարիներին լրիվ ինքնորոշվել էր Արցախը Ադրբեջանի կազմում, ինչը ներքին ինքնորոշում էր: Բոլորը տեսան, թե ինչ եղավ: Իսկ բանակցային բոլոր փաստաթղթերում, երբ խոսվում է Արցախի ժողովրդի ինքնորոշման մասին, դա վերաբերում է արտաքին ինքնորոշմանը:

Չգիտեմ՝ ինչո՛ւ է պարոն վարչապետը փորձում վերակենդանացնել մի բան, որը մեր շահերին ուղղակիորեն դեմ է: Ես չգիտեմ՝ ինչպե՛ս է նա պատկերացնում խնդրի լուծումը, քանի որ մինչև այսօր նրա պատկերացրած լուծումներով մենք միայն վնաս ենք կրել:

Նրա կողքին կան բազմաթիվ շատ լավ մասնագետներ, որոնց հետ նա չի խորհրդակցում: Ես ճանաչում եմ այդ մարդկանց և գիտեմ, որ նրանք էլ տանը նստած ինֆարկտ են ստանում, երբ վարչապետը հերթական անգամ նման հայտարարություններով է հանդես գալիս:

– Ի վերջո, պարո՛ն Սիմոնյան, ՄԱԿ-ը կարո՞ղ է տարածքի կարգավիճակի վերաբերյալ որոշում կայացնել: ՄԱԿ-ն իր կանոնադրությամբ ունի՞ նման պարտավորություններ:

– Տեսականորեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը շատ հարցերի կարող է անդրադառնալ: Բայց ԼՂԻՄ-ի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարցերի հետ կապված Անվտանգության խորհուրդն անդրադարձել է որպես միջազգային անվտանգության և խաղաղության դեմ սպառնալիք: Այսինքն՝ ՄԱԿ-ը մտավախություն է ունեցել, որ այդ կոնֆլիկտը կարող է դառնալ միջազգային անվտանգության ու խաղաղության սպառնալիք: Հետևաբար, խաղաղության և անվտանգությանը վերաբերող հարցերով ընդունված բանաձևերը տարածքային հարցեր չեն կարգավորում:

Այլ բան է, որ քննարկման առարկան հենց տարածքային հարցը լիներ, և տարածքային հարցի հետ կապված խոսքը հասներ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, ու Խորհուրդն էլ իր որոշումը տար: Օրինակ՝ Իսրայել պետության ստեղծման մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումը:

Սա այնպիսի բան է, որ իրավական խոր գիտելիքներ պետք չեն հասկանալու համար:

– Իսկ, ձեր կարծիքով, ի՞նչն է դրդում վարչապետին նման հայտարարություններ անել:

– Ես, ճիշտն ասած, շատ կասկածներ ունեմ, որոնք գալիս են ամենածայրահեղից մինչև անփութություն ու գրագիտության պակաս: Բայց չեմ կարող ասել՝ ի՛նչն է հիմնական պատճառը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am