Լիահույս չեմ, թե Հայաստանի համար արդյունավետ որևէ բան այլևս կարելի է ակնկալել Ռուսաստանի նախագահից. Միքայել Հայրապետյան

Լուսանկարը՝ «Ֆակտոր»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը

– Պարո՛ն Հայրապետյան, ինչպե՞ս եք գնահատում նախօրեին Փաշինյան-Պուտին հանդիպումը, Փաշինյանն արդյունավետ է համարում այդ հանդիպումը։

– Որևէ քրիստոնյա կասեր, որ պտուղով են ճանաչում ծառը: Լիահույս չեմ, թե Հայաստանի համար արդյունավետ որևէ բան այլևս կարելի է ակնկալել Ռուսաստանի նախագահից:

– Նիկոլ Փաշինյանը հանդիպմանը բարձրացրեց ռազմատեխնիկական-անվտանգային ճարտարապետության, բանակի վերակառուցման, հայ-ռուսական ՀՕՊ և միացյալ զորախմբի, գերիների վերադարձի, Ղարաբաղի խնդրի կարգավորման, պատվաստանյութի մատակարարման, նոր ատոմակայանի կառուցման, ռուսական ռազմավարական ներդրումների հարցերը: Ռազմատեխնիկական անվտանգության ճարտարապետության մասով ի՞նչ կարող ենք ակնկալել Ռուսաստանից։

– Այս պատերազմը ցույց տվեց, որ ռուսական բանակի կրկնօրինակ հայկական բանակն անմրցունակ է ՆԱՏՕ-ական Թուրքիայի և ՆԱՏՕ-ական սկզբունքով վերակառուցված ադրբեջանական բանակների դեմ:

Ի սեր Աստծո, բանակ ասելով հանկարծ չհասկացվի զինվորը. հայ զինվորի պես հրաշք զինվոր չկա: Ռուսական ՀՕՊ-ի, 10 տոկոս արդյունավետություն ունեցող՝ թուրքական հնչմամբ ռուսական «Իսկանդերի», ռուսական գեներալիտետի մեր արտապատճենումների «արդյունավետությունը» մենք մեր երկրի ապագայի՝ 18-20 տարեկան տղաների վրա զգացինք: Ինչպես դասականը կասեր՝ «թուրքի բալեն մնա ռուսի հույսին»: 

Զավեշտալի է Արևմուտքում չգրանցվող ռուսական պատվաստանյութի պատմությունը. եթե հեռուստաէկրանների առջև ռուսական այդ ամենազոր պատվաստանյութով պատվաստվելուց հետո Պուտինը Փաշինյանին յոթնօրյա ինքնամեկուսացման էր դատապարտել, որ հանկարծ չվարակվի, ուրեմն հանգիստ կարող ենք թերահավատորեն մոտենալ այդ պատվաստանյութի զորությանը կամ էլ եզրակացնել, որ Պուտինը դրանով ուզեցել էր հերթական անգամ նվաստացնել մեզ՝ հայերիս՝ մեր վարչապետին յոթնօրյա ապաշխարանքի խուց ուղարկելով:

Իսկ Արցախի մասին Ռուսաստանն իր խոսքն ու մտադրությունն արդեն իսկ ի ցույց է դրել՝ հազարավոր հայ երիտասարդների մատաղ անելով, մեր Հայրենիքի մի մասը Ադրբեջանին հանձնելով, իսկ մյուսում իր խաղապահներով հանգիստ տեղավորվելով:

Ուստի մեր վերաբերմունքը խիստ միանշանակ է՝ Արցախի հարցը պետք է դառնա ոչ թե ռուս-թուրքական, այլ ԵԱՀԿ Մինսկի խմբի բացառիկ լիազորության օբյեկտ: Այսքանից հետո մեր անվտանգության կարևոր բաղադրիչներից մեկի՝ ատոմակայանի մասին ռուսական ներկա ղեկավարության հետ լեզու թրջելն իսկ անմտություն է, մանավանդ երբ տեսնում ենք, որ ի հեճուկս Արևմուտքի՝ Ռուսաստանը փորձում է Թուրքիային դարձնել ատոմային երկիր:

Այնպես որ, հայկական որևէ հարցի ճարտարապետությունը չի կարելի կապել անհուսալի դաշնակից Ռուսաստանի հետ: Ինչպես Բիսմարկն էր ասում՝ «Ռուսաստանի հետ որևէ պայմանագիր ավելին չարժե, քան այն թուղթը, որի վրա կնքված է»:

– Գերիների հարցի քննարկումը ի՞նչ կարող է տալ։ Տեսակետ կա, որ հենց Ռուսաստանի միջամտությամբ են նրանք պահվում Ադրբեջանում։ Որքանո՞վ Ռուսաստանը կարող է օգնել այդ հարցում։

– Իհարկե գերիների հարցը պետք է քննարկել հենց Ռուսաստանի հետ, քանի որ նրա աշխարհաքաղաքական շահերի պատանդն են գերիները: Չէ՞ որ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ հենց Մոսկվա գնաց՝ հաղթանակը բերելու: Մերոնք Ադրբեջանում կպահվեն որպես մահակ Հայաստանի իշխանությունների և հայ ժողովրդի գլխին, որ հանկարծ իրենց՝ ռուս-թուրքական պայմանավորվածություններից շեղող քայլեր չարվեն Հայաստանում:

Պատանդներ պահվել են հնուց անտի՝ մեր Տիգրան Մեծն էլ մինչև գահ բարձրանալը պատանդ էր Պարթևստանում, Պապը՝ Բյուզանդիայում: Իսկ հիմա պատանդներ պահվում են ահաբեկիչների մոտ և Ադրբեջանում:

Արևմուտքը կարող է միայն պատժամիջոցներով սպառնալ, որ մեր գերիներին ազատ արձակեն, ինչպես նախատեսված էր Պուտին-Ալիև-Փաշինյան խայտառակ հայտարարությամբ: Այսինքն՝ հենց միայն Ռուսաստանը կարող է ոչ միայն օգնել, այլև պարտավոր է կատարել, եթե իհարկե Բիսմարկի ժամանակներից հետո ինչ-որ բան փոխվել է:

– Այս հանդիպումից առաջ էլ Քոչարյանն էր հարցազրույց տվել Պոզներին։ Արդյոք ընտրություններից առաջ Փաշինյանը, Քոչարյանը ՌԴ-ի հետ ճշգրտումնե՞ր են անում։

– Նրանք ճշգրտումների կարիք չունեն. նրանք ընդամենը ցուցումների իրենց չափաբաժինը կարող են ստանալ:

– Որքանո՞վ այս անգամ կտեսնենք ընտրություններին Կրեմլի միջամտություն, որքանո՞վ ՌԴ-ն կմիջամտի ընտրություններին։

– Շատ մեղմ է ասված միջամտությունը: Հայաստանն իներցիայով դեռ իրենը համարող Ռուսաստանը գրեթե միշտ էլ ինքն է գծել Հայաստանի խորհրդարանի քարտեզը, որում իր դրածոներից զատ՝ ուրիշներ լինել չէին կարող: Հիմա առավել ևս կուզենա, քանի որ Հայաստանը դեռ չի կարողանում ուշքի գալ այս խոշոր, ճակատագրական ցնցումից՝ պարտությունից:

Այնպես որ, Կրեմլը մարտի կնետի իր ամբողջ ներուժը, քանի որ գիտակցում է, որ Հայաստանում արդեն կա մի շոշափելի զանգված, որն իրականում հասկանում է կատարվածը՝ այլևս չտրվելով ռուսական տոտալ քարոզչությանը: Հիմա առավել ևս անհրաժեշտ է և հնարավոր է ազատ աշխարհի հետ ներդաշնակ շնչող հիրավի ազգային ուժերով ճեղքել այս սատանայական փակ շղթան:

Մանե Հարությունյան

MediaLab.am