«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է աշխարհագրագետ և քարտեզագետ-քարտեզաբան Ռուբեն Գալիչյանը
– Պարո՛ն Գալիչյան, Հայաստանի վարչապետը ՄԱԿ-ում ունեցած ելույթում նշել է, որ «եթե Ադրբեջանը ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը ոչ թե տեսականորեն, այլ կոնկրետ, ես նկատի ունեմ մեր միջազգայնորեն ճանաչված 29800 քառակուսի կիլոմետր տարածքի ամբողջականությունը, կնշանակի, որ մենք կարող ենք խաղաղության պայմանագիր կնքել»: Խնդրում եմ ասեք՝ երբ վարչապետը տարածքի այս չափն է նշում, նա նկատի ունի նաև անկլավնե՞րը:
– Անկլավները ընդամենը 40 քառակուսի կիլոմետր են: Բայց եթե Ադրբեջանը տարբեր տեղերում հայտարարում է, թե ինքը Ադրբեջանի առաջին հանրապետության և ոչ թե Սովետական Ադրբեջանի իրավահաջորդն է, ուրեմն խորհրդային տարիներին իրեն տրված հողերը չի կարող ուզենալ և ոչ էլ վերցնել: 1918-1920 թվականներին Հայաստանում անկլավ գոյություն չուներ, անկլավների մասին այդ երկիրը չի կարող խոսել ըստ իր սահմանադրության:
Բայց եթե գնում ենք խորհրդային ժամանակաշրջան, երբ մեր տարածքը մոտավորապես 29800 քառակուսի կիլոմետր է, ես վստահ չեմ՝ պարոն վարչապետը անկլավները նկատի՞ է ունեցել, թե՞ ոչ, բայց ամեն դեպքում դա Հայաստանի ու Ադրբեջանի միջև Խորհրդային Միության նշած սահմաններն են:
Սակայն այդ սահմաններից այժմ Ադրբեջանը առաջ է եկել ու մտել Հայաստանի տարածք:
Եթե մենք ուզում ենք սահմանազատում և սահմանագծում սկսել, Ադրբեջանը պետք է ուժերը հետ տանի այն սահմաններ, որն ինքը ժամանակին վավերացրել է: Քանի որ Խորհրդային Միության սահմաններով է անկախացել, պետք է այդ ժամանակի սահմաններ վերադարձնի իր զորքերը, ոչ թե Հայաստանի տարածքում մնա:
Հայաստանի տարածքում մնալու դեպքում մենք իրավունք չունենք սահմանազատում սկսելու: Ըստ էության, այդ երկիրը եկել ու գրավել է մեր տարածքը: Պետք է հետ քաշվի, և, ընդ որում՝ ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև միջազգային այլ դերակատարների մասնակցությամբ պետք է տեղի ունենան սահմանազատումն ու սահմանագծումը:
– Երեկ էլ Ալիևն իր ելույթում ասաց, թե ունեն 19-րդ, 18-րդ դարերի քարտեզներ, որոնցով նրանց տարածքային հավակնություններն ավելի ընդարձակ են…
– Այդպիսի քարտեզ գոյություն չունի, Ադրբեջանը 1918 թվականից առաջ գոյություն չուներ, ինչպե՞ս կարող է ունենալ քարտեզներ, այն էլ՝ հին քարտեզներ: Այդ երկիրը գոյություն չի ունեցել, ինչպե՞ս կարող էր հին սահմաններ ու հին քարտեզներ ունենալ: Ամբողջ աշխարհի հին քարտեզները կարող եք նայել, Ադրբեջան պետություն գոյություն չունի դրանցում: Հարավից հյուսիս կա պարսկական Ադրբեջան նահանգը, որն իրենց հետ կապ չուներ:
– Պարո՛ն Գալիչյան, վերջերս, ի դեպ, շատ հաճախ է վարչապետի կողմից 29800 քառակուսի կիլոմետր տարածքի մասին հիշատակվում: Ի՞նչ եք կարծում, եթե այդ երկրի հետ կա սահմանային վեճ, և սահմանազատում ու սահմանագծում չեն արվել, կարիք կա՞ այդ թիվը անընդհատ նշել, հիշատակել:
– Բայց պե՞տք է մի տեղից սկսել, թե՞ ոչ: Պետք է սկսել նրանից, որ նախկինում եղել է, այսինքն՝ Խորհրդային Միության տարիներին է, չէ՞, եղել այդ տարածքը, դրանից հետո պետք է նստել, բանակցել, տեսնել՝ արդյոք այն տարածքները, որոնք Հայաստանից 1929-1930-ական թվականներին վերցվեցին Կարմիր Քրդստանի պատրվակով, և հետո երբ որոշեցին, որ Կարմիր Քրդստան չի ստեղծվելու, էդ տարածքները էլ հետ չտվեցին Հայաստանին, պահեցին իրենց: Դա արդեն իրավական խնդիր է:
Այնպես որ, 29800 քառակուսի կիլոմետր տարածքը, որ նշվում է, նորմալ է, դա Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքն է, Խորհրդային Միության ժամանակ էլ դա վավերացրել են Հայաստանը և Ադրբեջանը: Ադրբեջանն ասում է՝ ինքը 1918-20 թվականների ժառանգն է, իսկ այդ ժամանակ անկլավներ չկային, Նախիջևանն ու Ղարաբաղն էլ վիճելի երկրամասեր էին, Ադրբեջանի կազմում չէին:
– ՄԱԿ-ում վարչապետը նաև հարց էր հնչեցրել Ալիևին՝ կարո՞ղ եք ցույց տալ Հայաստանի քարտեզը, որը ճանաչում եք կամ պատրաստ եք ճանաչելու որպես Հայաստանի Հանրապետություն…
– Ես էլ եմ այդ հարցը բազմիցս բարձրացնում՝ թող Ադրբեջանը ցույց տա՝ ի՞նչ սահմաններով է ճանաչում, թող հին քարտեզներ բերի: Գոյություն չունեն այդպիսի քարտեզներ: Այդ երկիրը կարող է մի քարտեզ գծել, բերել, բայց դա իր գծածն է, իրական չի կարող լինել, իրավական արժեք չի կարող ունենալ: Մինչև 1918 թվականը գոյություն չունի մի քարտեզ, որում նշված լինի Ադրբեջան անունով պետություն:
– Լավ, տեսնում ենք՝ կողմերը տարբեր մոտեցումներ ունեն, այդ դեպքում ինչպե՞ս կարող է այս հարցը լուծվել:
– Միջազգային դատարան պետք է դիմել, մասնագետների միջնորդությամբ պետք է հարցը լուծել: Ռուսն է մեր հողերը վերցրել, տվել Ադրբեջանին, բայց էսօր չի գա նստի, ասի՝ հետ եմ վերցնում, տալիս եմ ձեզ: Մեզ անկողմնակալ միջնորդ է պետք, ոչ թե Ռուսաստանը: Ռուսաստանի ունեցած 1920-22 թվականների քարտեզների հիման վրա Հայաստանի Հանրապետության տարածքը 31000 քառակուսի կիլոմետր տարածք ունի, բայց ռուսներն այդ քարտեզները մեզ չեն տալիս: Պուտինն էլ ասաց, որ կան քարտեզներ, որոնք միայն Մոսկվան ունի:
Այնպես որ, մենք 29800 քառակուսի կիլոմետրից սկսենք ու աշխատենք հասնել 31 հազարի: Ու այդ ամենը իրավական ճանապարհով պետք է անել, իսկ դա երկար տարիներ կարող է տևել:
Հասմիկ Համբարձումյան
MediaLab.am