Ադրբեջանը մեր ռազմագերիների նկատմամբ կիրառում է ճնշման միջոցներ՝ մեծ հավանականությամբ և՛ ֆիզիկական, և՛ հոգեբանական․ Արցախի ՄԻՊ

Վերջին օրերին ադրբեջանական սոցիալական մեդիայում ինտենսիվորեն տարածվում են տարբեր լուսանկարներ և տեսանյութեր, որոնք հիմնականում, ըստ վերլուծությունների, լինում են ճիշտ, ոչ կեղծ տվյալներ։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

Այդ լուսանկարներում ու տեսանյութերում տարբեր տիպի պատերազմական հանցագործություններ են ներկայացված լինում․ դիակների և ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքեր, գլխատման դեպքեր, նաև ռազմագերիների հանրային հետաքրքրության առարկա դարձնելու դեպքեր։

Այդ տեսանյութերից ակնհայտ է, որ նրանք ռազմագերիների նկատմամբ կիրառում են ճնշման միջոցներ՝ մեծ հավանականությամբ և՛ ֆիզիկական, և՛ հոգեբանական, որպեսզի նրանց օգտագործեն ադրբեջանական քարոզչության թեզերը ներկայացնելու համատեքստում, ինչը խստագույնս անընդունելի է և խախտում է Ժնևյան կոնվենցիաների դրույթները։