«Որոշումը հեշտ չի կայացվել». Վարդան Օսկանյանն թեեւ «այլ պատկերացում ուներ», սակայն հարգում է ԲՀԿ թեկնածու չառաջադրելու որոշումը

ԲՀԿ առաջիկա նախագահական ընտրություններին սեփական թեկնածուով հանդես չգալու որոշմանն անդրադարձել է նախկին Արտգործնախարար, ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանը` նշելով, որ չնայած իր «այլ պատկերացումներին», հարգում է որոշումը:
Գրառումն ամբողջությամբ ներակայցնում ենք ստորեւ:
««Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին թեկնածու չառաջադրելու և որևէ թեկնածուի չպաշտպանելու որոշումը հեշտ չի կայացվել: Քաղխորհրդում, բնականաբար, եղել են տարբեր կարծիքներ:
Ամիսներ առաջ ես հրապարակային էի դարձրել իմ կարծիքը, որ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին պետք է մասնակցի սեփական թեկնածուով՝ հաշվի առնելով կուսակցության կշիռը, վարկանիշը, այլընտրանք լինելու, ինչպես նաև միասնական թեկնածուի շուրջ համաձայնության գալու հնարավորությունները,-գրել է Վարդան Օսկանյանն` Ֆեյսբուկ սոցիալական ցանցի իր էջում:

ԲՀԿ քաղխորհուրդը, հաշվի առնելով ներքաղաքական դաշտում ստեղծված կոնյունկտուրան, միասնական թեկնածուի հնարավորության շուրջ առաջացած բարդությունները և Գագիկ Ծառուկյանի`իր թեկնածությունը չառաջադրելու որոշումը, նպատակահարմար գտավ նախագահական ընտրություններին հանդես չգալ սեփական թեկնածուով և չսատարել որևէ այլ թեկնածուի։

Չնայած այն բանին, որ ես այլ կերպ էի պատկերացնում մեր քայլերն ու հետագա պայքարը, այդուհանդերձ հարգում եմ ընդունված որոշումը»։

Հիշեցնենք, որ երկար ամիսներ սպասումներից հետո, երեկ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ չի առաջադրելու իր թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններին: Նա նաեւ նշել էր, որ չի պատրաստվում սատարել որեւէ թեկնածուի:

«Հիմք ընդունելով Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, քննարկումների արդյունքում ԲՀԿ խմբակցության և քաղխորհրդի համատեղ նիստը ընդունել է երկու որոշում.

1.Գալիք նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն չի առաջադրելու սեփական թեկնածու:

2.Գալիք նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն չի սատարելու թեկնածուներից որևէ մեկին»,-նշված էր երեկ ԲՀԿ տարածած հայտարարության մեջ:

© Medialab.am