Արցախի նախագահը ելույթ է ունեցել Համաշխարհային հայկական գագաթնաժողովում

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 28-ին Երևանում ներկա է գտնվել Համաշխարհային հայկական գագաթնաժողովին և հանդես եկել այնտեղ ելույթով:Այս մասին տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմից:

Ողջունելով գագաթնաժողովի մասնակիցներին՝ երկրի ղեկավարը կարևորել է համայն հայության համար նման ներկայացուցչական միջոցառումների անցկացման նշանակությունը, նշելով, որ ներկա աշխարհաքաղաքական բարդ պայմաններում այն դառնում է կրկնակի պահանջված ու արդիական:

«Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ նախագահ,

Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ վարչապետ,

Հարգելի՛ ներկաներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Նախ ուզում եմ ջերմորեն ողջունել ձեզ՝ Համաշխարհային հայկական գագաթնաժողովի բոլոր մասնակիցներիդ:

Մենք միշտ կարևորել ենք նման ներկայացուցչական միջոցառումների անցկացման նշանակությունը համայն հայության համար՝ մայր Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում: Իսկ ներկա աշխարհաքաղաքական բարդ պայմաններում այն դառնում է կրկնակի պահանջված ու արդիական:

Այսօր հայ ժողովրդի առջև ծառացած են այնպիսի լրջագույն խնդիրներ ու մարտահրավերներ, որոնց լուծման ու դիմագրավման համար անհրաժեշտ է ողջ համազգային ներուժի ու ջանքերի համատեղում, միավորում մեկ գաղափարի շուրջ: Այդ գաղափարը   հայոց անկախ պետականության ամրապնդումն ու զորացումն է, ինչի առանցքային գրավականը միշտ եղել է Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնությունը: Դրա փոքր իսկ թուլացումը կարող է բերել աղետալի հետևանքների: Ուստի, խիստ կարևոր է այս եռամիասնությանը վերաբերվել որպես արժեքների ու շահերի անքակտելի ամբողջականության:

2020 թվականի 44-օրյա պատերազմը բոլորիս կանգնեցրել է նոր իրողությունների առջև: Մենք ունեցել ենք թանկ ու անդառնալի կորուստներ. կորցրել ենք մեր հերոս զավակներին, մեր պատմական հայրենիքի մի մասը: Այսօր համայն հայության աջակցությամբ Արցախը մեծ դժվարությամբ փորձում է ոտքի կանգնել ու ամոքել իր վերքերը, փորձում է ապրել ու արարել, ինչպես դարեր շարունակ՝ տեր կանգնելով իր հողին, իր պատմությանն ու ապագային:

Սակայն, ցավոք սրտի, հայ ժողովրդին սպառնացող վտանգները չեն չեզոքացել, ավելին՝ դարձել են առավել առարկայական ու ահագնացող նաև մայր Հայաստանի տարածքում: Այդ իսկ պատճառով, մենք այլ ճանապարհ չունենք, քան համախմբվել՝ անկախ ամեն ինչից: Այսօր բոլորիս համար առաջնային ու գերակա պետք է լինի միայն ու միայն ազգային ու պետական շահը:

Մենք պարտք ունենք մեր հերոս նահատակների առջև, ովքեր հանուն հայրենիքի պաշտպանության զոհաբերեցին ամենաթանկը՝ սեփական կյանքը: Պարտք ունենք մեր պապերի և գալիք սերունդների առջև: Ուժեղ Հայաստանին, Արցախին ու Սփյուռքին այլընտրանք չկա: Սա պետք է լինի մեր հստակ ու անկասելի ուղերձն աշխարհին:

Թանկագի՛ն բարեկամներ,

Այս գագաթնաժողովին ներկա են մարդիկ, որոնք ներկայացնում են տարբեր գիտական, մասնագիտական, գործարար, երիտասարդական շրջանակներ, կառույցներ ու կազմակերպություններ աշխարհի շատ երկրներից: Վստահ եմ, որ այդ ներուժը առավելագույնս կնպաստի օրակարգում ընդգրկված ռազմավարական խնդիրների համապարփակ ու բազմակողմանի քննարկմանը, դրանց լուծման արդյունավետ ուղիների ու մեխանիզմների մշակմանը, համապատասխան առաջարկությունների ու ծրագրերի ներկայացմանը: Հուսամ, որ բոլոր քննարկումներում ու ձեռնարկումներում Հայաստան-Արցախ- Սփյուռք եռամիասնությամբ շաղախված ազգային շահերի պաշտպանությունը կլինի հիմնական առանցքն ու նպատակը, և Արցախը որևէ կերպ չի անտեսվի՝ որպես այդ եռամիասնության անբաժանելի հենասյուն:

Հայ ժողովրդի ամենամեծ  հարստությունն աշխարհով մեկ սփռված իր զավակներն են,  որոնց միավորումը կարող է դառնալ փրկության այն միակ օղակը, որն այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է և՛ Հայաստանին, և՛ Արցախին, և՛ Սփյուռքին: Իսկ արցախահայությունը վճռականորեն շարունակում է իր պայքարը՝ ապրելով Արցախում և ակնկալելով համազգային անվերապահ աջակցություն բոլորիս Հայրենիքի մի կարևոր հատվածը պահպանելու և զարգացնելու գործում:

Հենց այս համոզմունքով ու հորդորով էլ ուզում եմ ավարտել խոսքս և բոլորիդ մաղթել խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ՝ ի նպաստ Հայրենիք-Սփյուռք կապերի շարունակական ամրապնդման, համահայկական շահերի անսասան պաշտպանության ու համազգային ծրագրերի իրականացման:

Շնորհակալություն»: