Զելենսկու ելույթներից հետո Կրեմլը Երևանից պարզաբանումներ է ակնկալում. Պեսկով

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվայում «աննորմալ» են համարում այն, որ դաշնակից Երևանը հարթակ է տրամադրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ «հակառուսական հայտարարությունների» համար։ Այս մասին տեղեկացնում է ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը։

«Աննորմալ է, որ Երևանում հարթակ է տրամադրվել բացարձակ հակառուսական հայտարարությունների համար։ Սա չի համապատասխանում Երևանի հետ մեր հարաբերությունների ոգուն»,- ասել է Պեսկովը ռուսական «Վեստի»-ի լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում։

Նա նշել է, որ Մոսկվայում «կսպասեին որոշակի պարզաբանումների Երևանից» և հավելել, որ Ռուսաստանում չեն հասկանում, թե ինչու են Հայաստանից հնչում հակառուսական հայտարարություններ։

Պեսկովը նաև տարակուսանք է հայտնել, թե ինչու Հայաստանի վարչապետը «չի փորձում հավասարակշռել իրավիճակը իր հայտարարություններով»։

Կրեմլի ներկայացուցիչը հավելել է, որ Երևանում հակառուսական հայտարարությունների համար հարթակ տրամադրելը և Հայաստանի ղեկավարության կողմից «հավասարակշռող հայտարարությունների» բացակայությունը «լրացուցիչ վերլուծության դաշտ է բացում»։