Հայաստանում ինքնասպանությունների թվի տագնապալի աճ է նկատվում. հիմնախնդիրը երիտասարդանալու միտում ունի

Հայաստանում ինքնասպանությունների թվի տագնապալի աճ է նկատվում. հիմնախնդիրը երիտասարդանալու միտում ունի
Հայաստանում ինքնասպանությունների թվի տագնապալի աճ է նկատվում. հիմնախնդիրը երիտասարդանալու միտում ունի

Հայաստանում ինքնասպանությունների թվի աճը հասնում է տագնապալի մակարդակի, ընդ որում, այս վտանգավոր միտումը հատկապես ցայտուն է արտահայտված երիտասարդության շրջանում:
Գրանցված վերջին դեպքը 2011-ի հունիսի 8-ին 17-ամյա Նորայր Թորոսյանի ինքնասպանությունն էր Երեւանում, որին հաջորդեցին հոգեբանների տարբեր գնահատականներ ինքնասպանությունների հնարավոր պատճառների ու դրանց դեմ պայքարելու վերաբերյալ:

 

Պաշտոնական վիճակագրության համաձայն` 2010 թվականին Հայաստանում քաղաքացիների ինքնասպանությունների ու դրանց փորձերի 592 դեպք է գրանցվել, ինչը 20 տոկոսով գերազանցում է նախորդ տարի արձանագրված 498 դեպքերի ցուցանիշը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության վիճակագրության համաձայն` 2010-ին Հայաստանում մահացու ելքով ինքնասպանություն ավելի շատ գործել են 30-65 տարեկանները (48,9 տոկոս) ու 65-ից բարձր տարիքի անձիք (28 տոկոս): Ինքնասպանության փորձեր ավելի շատ գրանցվել են 30-65 (գրեթե 50 տոկոս) եւ 18-29 տարեկանների (39 տոկոս) շրջանում:

«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի մասնագետ, դոցենտ Կամո Վարդանյանը IWPR-ին ասաց, որ ինքնասպանությունների ցուցանիշը Հայաստանում երիտասարդացման միտում ունի.

«Եթե 50-ականներից մինչեւ դարավերջ ինքնասպանություն գործողների հիսուն տոկոսից ավելին 45 տարեկանից բարձր անձիք էին, ապա [21-րդ] դարասկզբից ի վեր գրեթե նույն տոկոսային հարաբերությունը վերաբերում է արդեն երիտասարդների եւ մինչեւ քառասունհինգ տարեկանների խմբին»:

Հոգեբանները հասարակության ներսում դասակարգում են ավելի շատ ինքնասպանություն գործող հետեւյալ խմբերը` անչափահասներ, սեռական փոքրամասնություններ, բանտարկյալներ, պատերազմի վետերաններ, մեծահասակներ, զինվորներ, ծերեր եւ հոգեկան հիվանդներ:

«Սովորաբար, դեռահասներն ու ծերերն ուշադրության կարիք ունեն: Անչափահասները խիստ զգայուն են, կարող են անօգնական դառնալ, հուսահատվել եւ օտարանալ հասարակությունից, ինչի հետեւանքով` նրանք ինքնասպանությունը սկսում են դիտել որպես հոգեբանական ճգնաժամից դուրս գալու միակ միջոց», – ասում է հոգեբան, դատական փորձագետ Էլդա Գրինը:

Նրա խոսքերով` բանակում ինքնասպանությունների թվի աճը պայմանավորված է այնտեղ տիրող «դաժան բարքերով եւ չգրված օրենքներով», որոնք ծառայությունն իսկական ծանր փորձություն են դարձնում:

Վիճակագրության համաձայն` Հայաստանում [ինքնասպանությունների] ամենատարածված դրդապատճառը ֆինանսական խնդիրներն են. 2010-ին Հայաստանում ինքնասպանության եւ ինքնասպանության փորձերի դեպքերի 57,3 տոկոսն արձանագրվել է գործազուրկների, իսկ 17,7 տոկոսը` թոշակառուների շրջանում:

«Ինքնասպանության դրդող ամենացայտուն եւ տեսանելի գործոնները սոցիալական խնդիրներն են, որոնք հետապնդում են մարդկանց ամեն քայլափոխին», – ասում է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի դասախոս, հոգեբան Կարինե Նալչաջյանը:

Նալչաջյանի մեկնաբանությամբ` ինքնասպանությունները շատ լայն պատճառականության ունեն, դա անձնային ճգնաժամի հետեւանք է.

«Կան հետազոտություններ, որոնք ապացուցում են, որ այն երկրներում, որտեղ գործազրկության մակարդակը բարձր է, ինքնասպանություններն աճում են, ըստ որում` տնտեսական ճգնաժամի մեջ գտնվող երկրներում ինքնասպանության են դիմում ոչ միայն աղքատները, այլեւ հարուստները»:

«Ինքնասպանության երեւույթը վարակիչ է, եւ այն կանխարգելելու համար, օրինակ, պետք է արգելել այնպիսի անթույլատրելի երեւույթներ, ինչպիսիք են հանրային հեռուստաալիքներով բազմասերիանոց եւ գեղարվեստական կինոնկարների ցուցադրումը, որտեղ առկա են ինքնասպանությունների կամ դրանց փորձերի կադրեր»,- ասում է Վարդանյանը:

Այնուամենայնիվ, ըստ Վարդանյանի` ինքնասպանության պատճառները դեպքերի մեծամասնության համար մասնավոր են, եւ նա ճիշտ չի համարում դրանք ընդհանրացնելը:

«Այս խնդրին զգուշորեն եւ միաժամանակ հիմնովին մոտենալը պահանջում է լուրջ մասնագետներ, որոնք այսօր բացակայում են Հայաստանում: Խնդրեմ, տրամադրեք ինձ այդպիսի մասնագետներ, եւ մենք միասին բազմակողմանի ծրագրեր կմշակենք ինքնասպանությունների կանխարգելման եւ հանրությանը ճիշտ հոգեբանական ծառայություններ մատուցելու վերաբերյալ: Այդ նախագծերն իրականացնելու համար արդեն բազմաթիվ հետազոտություններ են արված իմ կողմից, սակայն բացակայում են պետական ծրագրեր եւ ֆինանսավորում», – ասում է Վարդանյանը:

Առողջապահության եւ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարություններից IWPR-ին ասացին, որ իրենք հատուկ ծրագիր, վարչություն կամ ծառայություն չունեն, որոնք կաջակցեն ու հոգեբանական խորհրդատվություն կտրամադրեն ինքնասպանության փորձ գործածներին: Հայաստանում չկան նաեւ բժշկական հաստատություններ, անչափահասների համար վերականգնողական հատուկ կենտրոններ` ոչ պետական, ոչ մասնավոր:

Վիկտորյա Ալեքսանյան

Հոդվածի պատրաստմանը մասնակցել է IWPR-ի հայաստանյան գրասենյակի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սառա Խոջոյանը:

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: (www.iwpr.net)