«Ի՞նչ պիտի զգա էն մարդը, որի սիրտը հանում են»․ Լիլյան պատերազմում որդուն կորցնելուց հետո ասում է՝ չկամ

47-ամյա Լիլյա Բադալյանը թեև ստացել է որդու զոհվելու լուրը, Եռաբլուրն էլ, իր խոսքով, դարձել է երկրորդ տունը, սակայն ապրում է հույսով, որ կպարզվի՝ այդ ամենը սխալմունք է, և որդին տուն կվերադառնա։

«Հույսով ապրում եմ, որ հրաշք կլինի։ Ամեն վայրկյան, ամեն ժամ Գոռիս հետ եմ ու սպասում եմ իրան»,- հուզված ասում է մայրը:

Լիլյայի որդին՝ 18-ամյա Գոռ Մելքոնյանը, մեկուկես ամսվա զինծառայող էր, ծառայել է Մարտակերտում, երբ սկսվել է պատերազմը։

Մայրն ասում է՝ տղան ընդհանրապես պետք է բանակ չգնար, քանի որ առողջական խնդիրներ ուներ, սակայն հիվանդությունը թաքցնելով՝ գնացել է հայրենիքի առաջ իր պարտքը կատարելու։

«Փոքր տարիքից առողջական խնդիր ուներ, բայց դա իրան չխանգարեց, որ գնա ծառայի։ Ամեն ինչ արեց, որ խնդիրները ցույց չտա։ Շատ հայրենասեր էր, ասեց՝ մա՛մ, հանգիստ էղի, ես էլ պետք ա գնամ ծառայեմ»,- պատմում է Լիլյան։

Լիլյան ասում է՝ պատերազմի առաջին օրից որդուց լուր չեն ունեցել, ծնողներին միշտ հավատացրել են, թե Գոռը ապահով է, թաքնված է։

«Էդ օրը որ խփել են՝ ժամը 7 անց 20, ինքն առաջինն ա վազել, զենքը վերցրել, ու էլ իրան ոչ ոք չի տեսել։ Ամսի 27-ից երկար ման ենք եկել, հասել եմ Մարտակերտ, ասում էին՝ անհայտ ա, բունկերներում ա, հետո պարզվեց՝ մեքենայի մեջ ա եղել, հրետանավոր էր, պոստեր պիտի բարձրանային, իրենց մեքենան խփել են»,- պատմում է մայրն ու ասում՝ պատերազմի ավարտից հետո է միայն գտել որդու մարմինը։

Լիլյան ասում է՝ այդ լուրը լսելուց հետո չի ապրում․ «էդ պահից ես չկամ, ուղղակի հանուն մյուս տղայիս ցույց եմ տալիս, որ կամ, բայց ես չկամ, ամուսինս առողջական խնդիրներ ունի, ես շատ դժվար եմ պահել մեծացրել իրանց։ Ի՛նչ պիտի զգա էն մարդը, որի սիրտը հանում են»,- արցունքների միջից ասում է Լիլյան։

Մայրը որդու մասին պատմելիս ասում է՝ բարի սիրտ ուներ, փոքր հասակում խոսքի խնդիր ձեռք բերելով՝ դարձել էր քչախոս, ինքնամփոփ, չէր սիրում շփվել մարդկանց հետ, ինքնուրույն սպորտով է զբաղվել, ծրագրավորում սովորել։ «Մինչև բանակ գնալը արդեն մի քիչ փոխվել էր, սկսել էր մարդկանց հետ շփվել, մտածում էր՝ բանակից գա, նորմալ կընդունվի, կսովորի»։

Մայրը հուզմունքով ասում է՝ որդին ամենաշատը հայրենիքն էր սիրում։ Լիլյայի խոսքով՝ տղան հայրենասիրական երգեր էր շատ լսում, Ապրիլյանի զոհերից էր շատ ազդվել, հպարտանում էր պատերազմի հերոսներով, օրինակներ բերում․ «Աբաջյանի կադրերն էր նայում, հպարտանում, ասում էր՝ մամա, ճիշտ ա, կներես, դու վատ ես զգում, բայց արի նայի, նենց եմ ոգեշնչվում, ինչ մարդու տեսակ ա»։

Լիլյան ասում է՝ ամեն պահ որդու մասին հուշերով է ապրում, զրուցում նրա հետ․ «Ծննդից սկսած անընդհատ աչքիս առաջ ա, ինքը 7 ամսական ա ծնվել՝ 1 կգ 700 գրամ էր, էն վիճակում էր, բժիշկները մտածում էին՝ չի ապրի, ես ասեցի՝ տվեք, ես իմ էրեխուն կպահեմ, էրեխեն քաշ չէր ավելացնում, ինձ մոտ բերեցին, քիչ-քիչ սկսեց քաշ ավելացնել։ Հիշում եմ՝ բերել էի տուն, ոնց էի պահում, լողացնում»,- արտասվում է մայրը։

Լիլյան ասում է՝ ինքն ուժ չունի ապրելու, սակայն որդին իրեն ուժ է տալիս, որ ոտքի կանգնի՝ հանուն իրեն ու եղբոր։

«Լինում են պահեր, որ գիտակցությունս կորցնում եմ, ինքն ինձ էդ վիճակից հանում ա, անընդհատ լսում եմ իրան, ասում ա՝ կգամ, մա՛մ, սպասի՛։ Ստիպում ա, որ քայլեմ առաջ, երկար ժամանակ անկողնում եմ եղել, ինքն ուժ տվեց՝ հանուն մեզ վե՛ր կաց»,- հուզմունքով ասում է մայրը։

Գոռ Մելքոնյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։

Արիության մեդալը շնորհվում է հայրենիքի պաշտպանության, հասարակական կարգի պահպանության, ազգային անվտանգության գործում, քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարման, ինչպես նաև փրկարարական աշխատանքներում ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական կամ քաղաքացիական պարտքը կատարելու համար:

Արփինե Արզումանյան

MediaLab.am