Փաշինյանը պատրաստ է իրականացնելու բոլոր այն պահանջները, այդ թվում՝ Ադրբեջանի, որոնք կնպաստեն իր իշխանության պահպանմանը. Տիգրան Աբրահամյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը

– Պարո՛ն Աբրահամյան, Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել Ադրբեջանի նախագահին, նշելով, որ իր հետ կտանի բոլոր ականապատված տարածքների քարտեզները՝ փոխարենն առաջարկել է Իլհամ Ալիևին իր հետ բերել բոլոր հայ ռազմագերիներին: Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն հայտնում տալ քարտեզներ, եթե նոյեմբերի 9-ի փաստաթղքով հստակ կետ կա, որ ադրբեջանական կողմը պետք է վերադարձնի ռազմագերիներին:

– Նիկոլ Փաշինյանը շարժվում է ադրբեջանական օրակարգով, որովհետև, այո՛, ռազմագերիների վերադարձման հարցը կարգավորվում էր նոյեմբերի 9-ի փաստաթղթով, և Ադրբեջանը պարտավոր էր կատարել այդ կետը: Ընդ որում, ո՛չ այդ, ո՛չ էլ, օրինակ՝ հունվարի 11-ի հանդիպմանը հետևած հայտարարություններում ոչինչ չկար այդ ականապատ տարածքների քարտեզների՝ Ադրբեջանինն հանձնելու մասին: Այսինքն՝ Ադրբեջանը հանդես է գալիս Հայաստանին ուղղված նոր պահանջներով, Նիկոլ Փաշինյանն ընդունում է դրանք ու համաձայնում այդ պայմաններով հասնել ռազմագերիների վերադարձի հարցի լուծմանը: 

Խնդիրն այն է, որ Ադրբեջանը չի սահմանափակվելու սրանով, հետագայում ընդլայնելու է Հայաստանին ներկայացվող պահանջներն ու անընդհատ փորձելու է ստանալ իր համար անհրաժեշտը՝ դրա դիմաց ոչինչ չանելով: Կարևոր քայլ կլիներ, եթե կարողանայինք մեր բոլոր ռազմագերիներին վերադարձնել, բայց Ադրբեջանն անընդհատ շրջանցում է նոյեմբերի 9-ի դրույթի իրականացման հարցը, անընդհատ նոր պահանջներ դնում, որի մի մասը կա՛մ կատարվում է, կա՛մ Նիկոլ Փաշինյանի կողմից պատրաստակամություն է հայտնվում:

– Եթե այդ քարտեզները տրամադրվեն Ադրբեջանին, դրա հետևանքները որո՞նք են լինելու:

– Ադրբեջանի համար կարևոր հարց է, որովհետև պետք է մեծածավալ գումարներ ու ռեսուրսներ ծախսի իր վերահսկողության տակ գտնվող հայկական տարածքներն ականազերծելու համար, փորձում է այդ հարցը լուծել կարճ ժամանակում, որովհետև եթե այդ քարտեզները չունենան, այդ խնդիրները կարող են լուծել, պայմանականորեն, տասը տարում, իսկ ունենալու դեպքում՝ մեկ-երկու տարում լուծվող հարցեր են, ինչը նրան հնարավորություն կտա այդ հատվածներում տեղակայել իր տարբեր ստորաբաժանումներն ու խմբերին, և, այս տեսանկյունից, Հայաստանը Ադրբեջանի համար լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում այդ հատվածներում հաստատվելու ու տարբեր բնույթի գործունեություն իրականացնելու համար:

– Պարո՛ն Աբրահամյան, հայկական կողմը մինչ այս էլ քարտեզներ տրամադրել է Ադրբեջանին, և, հիշում ենք, որ վերջինս դժգոհ էր դրանցից: Նիկոլ Փաշինյանը երեկ իր խոսքում ասաց, թե չի բացառում, որ դրանք սխալ լինեն, բայց դա կախված է քարտեզագրողից, ոչ թե նրանից, որ լավ քարտեզները պահել ենք, վատը՝ տվել: Իսկապես հնարավո՞ր է, որ քարտեզագրողը սխալվի իր աշխատանքում:

– Վերջին պատերազմի ժամանակ, իրավիճակով պայմանավորված, եղել է տարբեր տարածքների ականապատում, իսկ այդ ընթացքում ոչ ոք քարտեզագրման ժամանակ չուներ: Եղել է խնդիր այդ մասն ականապատել ու թշնամու առաջխաղացումը կանխել, ինչն արվել է: Բնական է, որ այդ քարտեզներում դրանք ամբողջությամբ տեղակայված չեն: 

Նույն բանը եղել է նաև առաջին պատերազմի ժամանակ, և օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներից ելնելով՝ այդ քարտեզներում դրանք նշված չեն, դրանով է պայմանավորված, որ քարտեզները հարյուրտոկոսանոց էֆեկտիվություն չեն ապահովում: Բայց տարբեր ուղղություններ կան, որոնք նշված են քարտեզներում, ինչն Ադրբեջանի աշխատանքը բավականին հեշտացնում է:

– Ըստ ձեզ՝ Նիկոլ Փաշինյանն անկեղծ հավատո՞ւմ է, որ իր առաջարկի դիմաց Ադրբեջանը կվերադարձնի հայ ռազմագերիներին, թե՞ չհավատալով, այնուամենայնիվ, նման հայտարարություն է անում, գուցե այլ նպատակով:

– Երեք ամիս առաջ այլ բան էր ասում, դրանից չորս-հինգ ամիս առաջ՝ լրիվ այլ, էլ չեմ ասում, որ քարոզարշավի ընթացքում ասում էր, թե մեր ռազմագերիները մի երկու ամիս էլ կսպասեն: Նիկոլ Փաշինյանն ունի մեկ նպատակ. անընդհատ ձգձգել գործընթացը, փորձել դրա համար մեղավորներ գտնել՝ օգտագործելով օրինական ու անօրինական բոլոր միջոցները, ու, այս տեսանկյունից, նրա հայտարարությունները որևէ ձևով չեն կարող մեզ համար ընդունելի իրավիճակ ստեղծել: 

Երեկ հանդիպումների ժամանակ նույն Նիկոլ Փաշինյանը, նայելով մարդկանց աչքերին, ասում էր, թե նախկինում ևս Շուշիի հարցը քննարկվել է բանակցություններում, խոսում էր այն մասին, որ Շուշիում որևէ նոր շենք կառուցված չի եղել, և դա սուտասանության բարձրագույն մակարդակն է, որովհետև այն մարդիկ, որոնք այցելել են Շուշի հատկապես վերջին վեց-յոթ տարիներին, տեսել են, թե ինչ աշխատանք է տարվում այնտեղ, ինչ հնարավորություններ են ստեղծված՝ մշակութայինից սկսած, վերջացրած ենթակառուցվածքներով: 

Շուշիի հետ կապված հարցն էլ հերքեց հենց իր կառավարության ժամանակ արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող Զոհրաբ Մնացականյանը: Այսինքն՝ գործ ունենք սահմաններ չճանաչող սուտասանի և պոպուլիստի հետ, որի խոսքերը որպես իրականություն չենք կարող ընդունել:

– Ձեր խոսքի սկզբում նշեցիք, որ Նիկոլ Փաշինյանը շարժվում է ադրբեջանական օրակարգով: Կարո՞ղ ենք արձանագրել, որ Փաշինյանը պատրաստ է կատարելու Ադրբեջանի ցանկացած պահանջ, պարո՛ն Աբրահամյան:

– Նիկոլ Փաշինյանը պատրաստ է իրականացնելու բոլոր այն պահանջները, այդ թվում՝ Ադրբեջանից հնչած, որոնք կնպաստեն իր իշխանության պահպանմանը, և, ցավոք, այս ճանապարհին նրա համար պետական-ազգային շահեր չկան, կան նեղ կուսակցական, ներխմբային շահեր, որոնք գերակա են ամեն ինչից:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am