«Այդ ցեղախմբային վիճակից պետք է կարողանաս դուրս գալ, բայց այս իշխանություններին ես անգամ ЖЭК չեմ վստահի, ուր մնաց երկիր կամ քաղաք». Էդգար Բաղդասարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը

– Պարո՛ն Բաղդասարյան, պատերազմից հետո ի՞նչ վիճակում է գտնվում երկիրը։ Մարդիկ կարծես դուրս չեկան փողոց, իշխանությունն էլ ապագայի մասին է խոսում։ 

Ժողովրդի մի մասը հիմա խոր դեպրեսիայի, հոգեբանական ստուպորի մեջ է, որը մի քանի ամիս կտևի։ Մյուս մասը չի էլ գիտակցում, թե ինչ է կատարվել, ցավոք սրտի։

Էլ չեմ խոսում այն մասին, որ զոհվածների թիվն անբարոյականորեն պետական գաղտնիք են որակում, ո՛չ զոհերի, ոչ էլ անհայտ կորածների ու գերիների թիվը չգիտենք։ Բարոյազրկված վիճակ է, որը շատ պայթյունավտանգ է։ Փողոց դուրս գալը կամ չգալը ոչ մի բան չի նշանակում։

– Ինչպե՞ս դուրս գալ այս իրավիճակից։

– Կան քայլեր, որոնք պետք է արվեն։ Այս իշխանությունը ո՛չ բարոյական, ո՛չ մարդկային տեսանկյունից մնալու իրավունք չունի։ Մյուս կողմից՝ հենց այս պահին արտահերթ ընտրություն անելն էլ է շատ խորամանկ ու կեղտոտ քայլ։

Դա նշանակում է պառակտումը խորացնել ու ընդհանրապես մեզ թաթախել քաղաքացիական պատերազմի մեջ։ Ես կարծում եմ՝ վեց ամսից մինչև մեկ տարի ժամանակ է պետք է արտահերթ ընտրությունների համար։

Իշխանությունները կարծես այդ հարցով չեն էլ շտապում, պլանավորում են ամիսներ անց արտահերթ ընտրություններ անցկացնել։ Գուցե մտածում են՝ այս տրամադրությունները կթոթափվե՞ն, իրենց շանսերն ավելի մե՞ծ կլինեն։

– Եթե իրենք այդպես են մտածում, խորապես սխալվում են, դա շատ վատ հետևանքներ կարող է ունենալ, որովհետև չենք կարող մենք այսքան զոհերի ու կորուստների դեպքում թերթել ու առաջ գնալ։

Անբարոյականություն է այս պայմաններում խոսել ճանապարհային քարտեզների, տրանսպորտային գծերի մասին։ Ես ընդհանրապես չեմ ուզում դրանց մասին ոչինչ լսել։

Ես ուզում եմ իմանալ՝ քանի՛ գերի ունենք, և ե՛րբ են այդ գերիները գալու, քանի՛ զոհ ունենք, և ինչպե՛ս են հաշմանդամներին օգնում։ Ինձ չի հետաքրքրում, թե երկաթգիծը ոնց կբացվի, թուրքական պոմիդորը որտեղ կվաճառեն։ Թքած ունեմ ես դրա մասին ընդհանրապես։ Եվ դրա մասին խոսելը անբարոյականություն է։

Այսօր ստեղծված իրավիճակը շատ խոր հետևանքներ ունի։ Այսօրվա իշխանությունը մի բանում է ճիշտ, որ սրա արմատները գալիս են խորքից, որովհետև 30 տարվա մեջ մենք չկարողացանք հայերին սովորեցնել մի բան, որ բացի քո շքամուտքից, բացի քո փողոցից, մնացածն էլ է Հայաստան, որը քոնն է։

Ես շատ երեխաների հետ եմ շփվում, որոնք կռվել եկել են։ Շատերը Արցախում առաջին անգամ եղել են հենց պատերազմի ժամանակ, 18-19 տարեկան տղաների մասին է խոսքը։

18 տարեկան երեխան առաջին անգամ Ղարաբաղում ընկնում է «Սմերչի» ականի տալ, այնինչ ինքն այնտեղ պետք է եղած լիներ 30 անգամ։ Դրա համար նա չի հասկանում, որ Ղարաբաղն իրենն է, իր երկրի մի մասն է։

Դա բացթողում էլ չէ, հանցագործություն է, որն արդեն 20-25 տարվա ակունք ունի։

Նրանք պետք է գնային տուրեր, մշակութային էքսկուրսիաներ Արցախի տարածք, երկիրը պետք է դառնար ընդհանուր մի երկիր, ոչ թե մենք մնայինք թաղի ու քուչի մտածողության մեջ։

Այսօր անասուններ կան, որ ասում են՝ «արցախցիներն այսպես կամ այնպես են»։ Այդ ապուշները չեն էլ հասկանում, որ եթե ձախ ձեռքդ մի քիչ դուր չի գալիս կամ ցավում է, չես կտրում գցում։

Նրանք չեն հասկանում, որ երկիր են կորցրել, Հայաստան են կորցրել, չեն հասկանում, որ իրենց մշակութային կոդն են թողել թշնամուն, որն արդեն շատ արագ տեմպերով ալբանացնում է դա։

Նրանք դա չեն հասկանում, որովհետև ապրում են իրենց շքամուտքում։ 30 տարվա մեջ այդ խնդիրը պետք է լուծվեր։

Այս հարցով չեն զբաղվել, բոլորն ալան-թալանով են զբաղվել մինչև այսօր, իրենց անձնական շահերը, գրպանները։ Ասմունքային հայրենասիրությամբ ապրել են, հիմա էլ կապրեն, «Դադիվանք» անունով ռեստորան կբացեն, չգիտեմ ինչ կանեն։ Ինքնախաբեությամբ ապրող ենք մենք։

Որևէ իշխանություն 1991 թվականից չկարողացավ ու չհասկացավ դրա կարևորությունը, չզբաղվեց մշակութային ինտեգրացիայով, որ մենք դառնանք երկիր, ոչ թե քուչեք։

Չեն սարքել երկիր, մի ամբողջական պետություն, որը չբաժանես մասերի և քուչեքի։ Մնացել ենք քուչեք, ռայոններ՝ ղարաբաղցիք, շամշադինցիք, լենինականցիք, երևանցիները բաժանվում են կոնդեցիք և այլն։

Մեր խնդիրը սրա մեջ է, մենք ցեղախումբ ենք, իր «զեմլյակը» Կոմիտասում իր հետ ապրողն է, ոչ թե արցախցին։

Ինչպե՞ս անել, որ մարդիկ գիտակցեն՝ եկել է սթափվելու, մեզ հավաքելու ժամանակը։

– Ես դրա պատճառներն ասացի, մենք, ցավոք սրտի, ցեղախումբ ենք։ Այդ ցեղախմբային վիճակից պետք է կարողանաս դուրս գալ, բայց այս իշխանություններին ես անգամ ЖЭК չեմ վստահի, ուր մնաց երկիր կամ քաղաք։ Այդ աշխատանքը պետք է արվեր 30 տարի, իսկ այսօրվա անմեղսունակները դրա մասին խաբար էլ չեն։

Եվ այս ամենին գումարվում է մշակութային դեգրադացիան, որի մասին ես 25 տարի խոսում էի։ Ես ասում էի՝ չի կարելի մարդկանց այդքան բթացնել, տգիտացնելուն չափ կա։ 25 տարվա մեջ է դա արվել, երբ այդ սերիալներով, ապուշ կինոներով, երաժշտությամբ, ռաբիզությամբ, չեմ ուզում այդ բառը կրկնել, բայց ազգին ժեխ սարքեցին։ Դա մտածված արեցին, որ հեշտ կառավարեն՝ երկու կնոպկա թողնեն՝ ուտելու և արտաքնոց գնալու։

– Եվ հիմա նրանք մարդկանց անվանում են ժեխ։

– Սարքել են, մարդիկ այդպես չեն ծնվել։ Հիմա դա վտանգավոր բաժանում է, ես չեմ ուզում պառակտում մտցնել։

Ես ջրբաժան չեմ դնում, ես խոսում եմ մշակութային դեգրադացիայի մասին, որը գիտակցաբար է արվել է։ Մարդկանց մշակութային մտահորիզոնը բերին հասցրին պլինտուզային մակարդակի, որը մնացած մտահորիզոնները սարքեց պլինտուզ։

Դրա համար Ֆեյսբուքում մարդիկ այսօր քոմենթներ են գրում՝ «թաղեմ քեզ, անիծվես դու»։ Այդ տգիտությունը գալիս է դրանից։ Ֆեյսբուքը միակ տեղն է, որտեղ այդ ստորացված մարդուն կամ 50-ն անց կնոջը խաբկանք են տվել, որ ինքն այդտեղ ազատ է։

Եվ մտնում, ինչ չի կարող իր ամուսնուն ու հարևանին ասել, թափում է այդտեղ՝ առանց գիտակցելու։ Նա տնտեսական, սոցիալական, մշակութային դեգեներատ է, մարդուն այդպես սարքել են, այնինչ պետք է կրթեին։

Հետո այդ մարդն արդեն պահանջատեր կլիներ։ Իսկ այսօր մենք գործ ունենք մի զանգվածի հետ, որը բնակչություն է։ Խոսում են նույն լեզվով, ինչ դուք, բայց որևէ խորքային մակարդակի վրա ընդհանուր բան չունենք նրանց հետ։

Եվ ռեալ պառակտումն այնտեղ է, որը չեն տեսնում իրենք։ Իրենք տեսնում են միայն քաղաքական պառակտումները։ Բայց սա ավելի կարևոր պառակտում է, որ որևէ իշխանություն դրանով չզբաղվեց, մատը մատին չխփեց։ Իսկ այդ իշխանությունների գրեթե 90 տոկոսն անգամ գաղափար չուներ, որ այդպիսի խնդիր կա։

Իմ նշած խնդիրները լուծելի են, մի 5, 6, գուցե 10 տարվա մեջ հնարավոր է լուծել, բայց եթե զբաղվես։ Բայց իշխանությունները մատը մատին չեն խփել։

Դրա համար հիմա այս մարդկանց մեջ կարեկցանք էլ չկա, ցավ չկա, չեն կարողանում հասկանալ, թե ինչ ցավ է, երբ քո 18 տարեկան միակ տղեն գնում ու զոհվում է։ Ես մտել եմ նման տներ, ես շոկի մեջ եմ, շատ ծանր եմ տանում։

Բայց նայում եմ աջ ու ձախ, կարեկցանք չկա։ Իսկ եթե կարեկցանք չկա, այդտեղ մարդ էլ չկա։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am