Գործող իշխանության, հատկապես վարչապետի «ամեն ինչ կարողանալու» ֆենոմենը կոտրվեց. Արմեն Բադալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը

– Պարո՛ն Բադալյան, Երևան քաղաքի ավագանու ընտրություններին քաղաքացիների մասնակցության ու թեկնածուների ստացած քվեների ցուցանիշները սպասելի՞ էին: 

– Մասնակցության մասով՝ մի քիչ սպասելի չէր, բայց ես նաև ուզում եմ ասել, որ այն համեմատությունը, որ հիմա տարվում է, սխալ է, որովհետև այս ընտրությունները չի կարելի համեմատել 2018-ի հետ, որովհետև այն ժամանակ հեղափոխական էյֆորիա էր Հայաստանում, ու մարդկանց մասնակցությունը այդ ժամանակ ընտրական գործընթացներին բավականին բարձր էր: 

Չի կարելի համեմատել նաև 2017-ի հետ, որովհետև այդ ժամանակ ֆինանսական էյֆորիա էր, երբ ուղղակի ընտրակաշառքի զանգվածային կիրառում է տեղի ունենում, ինչը ևս էական ազդեցություն է ունենում մասնակցության վրա: 

Այս ընտրություններին մասնակցող ուժերի ներկայացրած ծրագիրն այնքան էլ գրավիչ չէր ընտրողների համար ու տեխնոլոգիապես շատ աղքատիկ էր, որի մասին ձեզ ասել եմ ժամանակին: Պատճառներից մեկն էլ այն է, որ մարդիկ շարունակում են անտարբեր մնալ ընտրական գործընթացների նկատմամբ, բացի այս՝ կա նաև անվստահություն, որ ընտրությունների միջոցով կարելի է իշխանություն փոխել: Սրանք են պասիվ մասնակցության հիմնական պատճառները: 

Մասնակից քաղաքական ուժերի մասով. բազմիցս ասել եմ, որ «Քաղաքացիական պայմանագիրն» անցնելու էր, բայց եթե նա գնար «Ավինյան» դաշինքով, ավելի շատ ձայն կստանար, որովհետև «Քաղաքացիական պայմանագիրն» ամեն դեպքում Երևանում վարկաբեկված քաղաքական ուժ է: Բացի այս՝ Ավինյանի ծրագիրն ավելի շատ ЖЭК-ի ծրագիր էր, քան ընդհանուր քաղաքի զարգացման, դրա համար քիչ ձայն ստացավ, իր դերն ունեցավ նաև վարչապետի ելույթը՝ ամփոփիչ հավաքի ժամանակ: 

«Մայր Հայաստանի» թեկնածուն չկարողացավ ներկայացնել, թե ինչպե՛ս է Երևանի քաղաքապետը փրկելու Արցախը կամ ինչպե՛ս է հասնելու վարչապետի հրաժարականին: Տեխնոլոգիաները ևս իրենց բացասական ազդեցությունն ունեցան, այսինքն՝ նա չկարողացավ անգամ երկրորդ նախագահի ամբողջ ընտրազանգվածն իր շուրջը հավաքել: 

Չանցնող ուժերին չեմ ուզում անդրադառնալ, բայց «Ապրելու երկիր» կուսակցությանը ուզում եմ անդրադառնալ: Նրանց ձախողումը կապված էր կուսակցության ղեկավար անձի հետ, որի նկատմամբ կա անբացատրելի հակակրանք քաղաքացիների շրջանում: 

Եթե այս կուսակցության թեկնածուի նկատմամբ կա անբացատրելի հակակրանք, ապա Հայկ Մարությանի նկատմամբ էլ կա անբացատրելի համակրանք, որը դիտվում է «Քաղաքացիական պայմանագրի» հիմնական մրցակից: Անբացատրելի եմ ասում, որովհետև այնպես չէ, որ իր քաղաքապետ եղած ժամանակ Երևանը Շվեյցարիա էր դարձրել: 

Մարությանին նաև օգնեց վարչապետի խիստ քննադատությունը՝ ուղղված իրեն, ինչը ստիպեց, որ վարչապետի հակաէլեկտորատի մի մասը գնա Մարությանին ընտրի: Վարչապետը սխալվեց Մարությանին քննադատելու հարցում, հակառակ էֆեկտ ունեցավ այդ քննադատությունը: 

«Հանրային ձայնի» մասով՝ ասել եմ, որ ուներ մեծ թվով լսարան, բայց հարց էր, թե նրանցից քանիսը կդառնային ընտրող, պարզվեց, որ ողջ լսարանը չդարձավ ընտրող: 

Քանի որ «Քաղաքացիական պայմանագիրը» գիտեր, որ չի հավաքելու 50+1 քվե, ընտրեց «Հանրապետություն» կուսակցությանը, որի հետ կարող էր դաշինք կազմել, ու տակից աջակցում էր այս ուժին, որպեսզի շատ ձայն ստանար, ու իրենց կոալիցիայի արդյունքում ստացվեր ավելի շատ ձայն, քան այն երեքինը միասին: Երկրորդ մաս ձայները այս ուժը ստացավ Երևանի հակառուսական հայացքներ ունեցողներից: 

– Հնարավոր կոալիցիաների մասով ի՞նչ կասեք:

– «Քաղաքացիական պայմանագիր» – «Հանրապետություն» կուսակցություն՝ այս կոալիցիային մեկ ձայն չի բավարարում քաղաքապետ ընտրելու համար, եթե անգամ «գողանան» այդ մի ձայնն էլ, միևնույն է, մնալու են ընդդիմություն: 

Երկրորդ պոտենցիալ կոալիցիան Մարության – «Հանրային ձայն» – «Մայր Հայաստանն» է: Եթե վերահաշվարկ չլինի, ու ձայների փոփոխություն տեղի չունենա, ապա «Հանրային ձայնը» հայտարարել է, որ համաձայն է կոալիցիա կազմելու: «Մայր Հայաստանն» արդեն հայտարարել է, որ իր նպատակը քաղաքապետ դառնալը չէր, այլ՝ «Քաղաքացիական պայմանագրին» պարտության բերելը, ինքն իր նպատակին հասել է: Նախկին քաղաքապետն էլ ասել է՝ կմասնակցի, եթե քաղաքապետի միասնական թեկնածուն ինքը լինի: 

– Այսինքն՝ ընդդիմության կոալիցիա կազմելը հնարավոր համարո՞ւմ եք:

– Տեսականորեն՝ այո՛, քաղաքականության մեջ ամեն ինչ եմ տեսել:

– Պարո՛ն Բադալյան, այս ցուցանիշները գործող իշխանության համար ի՞նչ են նշանակում:

– Շատ վատ բան են նշանակում. գործող իշխանության, հատկապես վարչապետի «ամեն ինչ կարողանալու» ֆենոմենը կոտրվեց, այսինքն՝ նա այլևս անպարտելի չէ, իսկ դա տեսնում են բոլորը՝ երկրի ներսում, բիզնես շրջանակները, որոնք տակից աշխատում էին «Քաղաքացիական պայմանագրի» համար, հաջորդ ընտրություններին քիչ հավանական է, որ կաշխատեն նրա համար: 

Ամբողջ պետական ապարատը տեսավ, որ «Քաղաքացիական պայմանագիրը» պարտվեց, իսկ սա միշտ բերում է առնետավազքի, որովհետև եթե ընդդիմությունը միանա, բոլոր թաղապետները, դպրոցների տնօրենները, որոնք ՔՊ-ականացել են,  ապաՔՊականացվելու են՝ կա՛մ հեռացվելու են, կա՛մ դառնալու են հակաՔՊ-ական: 

Եթե անգամ կարողանան մեկ ձայն «գողանալ» ու Ավինյանին դարձնել քաղաքապետ, ապա նրա լեգիտիմություն կասկածի տակ է դրվելու, նա դառնալու է վարչապետի գրպանային քաղաքապետը: Սա տեսնելու են երկրի ներսում, ինչպես նաև երկրից դուրս, որովհետև Երևանում ակնհայտ է «Քաղաքացիական պայմանագրի» հանդեպ առկա անվստահությունը: 

Ինքը փաստացի չունի Արցախի հարցում սատարում, որը կօգտագործեն Փաշինյանի դեմ, բայց նա չի կարող հետ կանգնել, որովհետև իրեն դրա համար են բերել, որ Արցախն Ադրբեջանի կազմում թողնի, բայց չի կարող իրականացնել, որովհետև լեգիտիմություն չունի: Սա, ըստ էության, գլոբալ պարտություն էր, իհարկե դե յուրե շարունակում է մնալ իշխանություն, բայց դե ֆակտո ինքը պարտվում է: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am