ԱՄՆ-ն Թուրքիային սպառնում է նոր պատժամիջոցներով ռուսական S-400 համակարգերի նոր խմբաքանակի գնման դեպքում.Factor

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կպահպանի Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները ռուսական S-400 համակարգերի գնման կապակցությամբ ու նոր պատժամիջոցներ կսահմանի, եթե Անկարան Մոսկվայից լրացուցիչ սպառազինության համակարգեր գնի։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը։ Գրում է Duvar-ը։ Կոնգրեսի լսումների ժամանակ Նուլանդը նաև դատապարտել է թուրքական Կիպրոսի իշխանությունների հայտարարությունը Վարոշա լքված քաղաքի մասնակի բացման հետ կապված։ Քաղաքի հնարավոր վերաբնակեցումը հարուցել է ԱՄՆ-ի քննադատությունը։

Նշենք, որ ԱՄՆ-ի դիվանագետի այս հայտարարությանը հաջորդեց «Ռուսօբորոնէքսպորտ» ռուսական ընկերության ղեկավար Ալեքսանդր Միխեևի հայտարարությունը, որ Ռուսաստանն ու Թուրքիան ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի նոր խմբաքանակի մատակարարման խորհրդակցություններն ավարտում են։

«Անցկացվում են վերջնական խորհրդակցությունները, ձևավորվել է ֆինանսական մոդել, ձևավորվել է տեխնոլոգիական համագործակցության նոր ծրագիր, ուստի մենք ակնկալում ենք այս նախագիծն ավարտել մոտակա ամիսներին»,- ասել էր Միխեևը։

Հավելենք, որ Անկարայի կողմից S-400 համակարգերի գնումը սրեց Թուրքիայի հարաբերություններն ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ, այն մտավախությամբ, որ այս համակարգերն անհամատեղելի են դաշինքի պաշտպանական համակարգերի հետ և կարող են սպառնալ ամերիկյան F-35 կործանիչներին։

Հիշեցնենք, որ Թուրքիան Ռուսաստանից գնել է հակաօդային պաշտպանության C-400 համակարգերի 4 ստորաբաժանում՝ 2․5 մլրդ դոլար արժողությամբ։ 2019 թվականի հոկտեմբերին էլ «Ռոսօբորոնէքսպորտը» հայտարարեց, որ Ռուսաստանը պայմանագիրը ժամանակից շուտ է կատարել՝ Թուրքիային մատակարարելով համակարգի բոլոր տարրերը, այդ թվում՝ հրթիռները։

2020 թվականի դեկտեմբերին էլ «Ռոստեխ»-ի ղեկավար Սերգեյ Չեմեզովը հայտարարեց, որ թուրքական կողմը գումարն ամբողջությամբ վճարել է։

Այս մասին հայտնում է Factor.am-ը