Կառավարող ուժն իրեն ամենազոր է զգում ու նույնը կփորձի անել Ամուլսարի դեպքում, ինչ անում է Հատիսի պարագայում. Գարեգին Միսկարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է հանրային, քաղաքական գործիչ Գարեգին Միսկարյանը 

– Պարո՛ն Միսկարյան, քանի որ մշտապես ակտիվորեն հետևում եք Հատիս լեռան շուրջ ծավալվող իրադարձություններին, կխնդրեմ ասեք՝ այժմ ի՞նչ վիճակ է այնտեղ։

– Անցած այցելությունից հետո էլի ահագին հողային աշխատանքներ են արվել։ Լեռան հակառակ կողմից դեպի գագաթ ջրագիծ է փորվել, այսինքն՝ այն հատվածը, որ ավերել էին ու ճանապարհ սարքել, դրա հակառակ կողմն էլ են ավերել ու նաև գագաթից մի 50-60 մետր ներքև հորիզոնական քանդել են էլի ճանապարհ՝ մինչև լեռան կեսը։ Այդտեղից առաջ չեն գնացել, ըստ երևույթին, որովհետև շատ մեծ քարեր են այդտեղ, ու հնարավոր հոսքի վտանգ կա, դրա համար էլ դեռ առաջ չեն գնացել, հետո հնարավոր է պայթեցումներ անեն, քարերը մաքրեն ու իրենց աշխատանքները շարունակեն։ 

– Այսինքն՝ այն հավաստիացումները, թե շինաշխատանքները դադարեցված են ու չեն իրականացվի, քանի դեռ համապատասխան փորձագիտական կառույցները չեն տվել իրենց համաձայնությունը, իրականության հետ աղերս չունե՞ն։

– Այո՛, մարդիկ հետևողականորեն իրենց գործն են անում․ գագաթին չորս հորատանցք են բացել, որն անհրաժեշտ է գրունտը ուսումնասիրելու և հետագա շինաշխատանքները ճիշտ կազմակերպելու համար։ Յուրաքանչյուր հորատանցքն էլ 10-15 մետր խորությամբ է, այսինքն՝ նրանք այդ պատմամշակութային շերտն էլ են ավերում, բացի այն, որ տրակտորներով հողը քանդել են, հիմա էլ այդպես ծակծկում են այդ տարածքը։

– Պարո՛ն Միսկարյան, պետական մարմիններից որո՞նց եք դիմել, ի՞նչ արձագանքներ եք ստացել խնդրի վերաբերյալ։

– Նախարարությունների արձագանքը եղել է առաջին օրերին ինչ որ եղել է, այսինքն՝ որ իրենք դեմ են ու կոչ են անում դադարեցնել շինաշխատանքները։ Շրջակա միջավայրի նախարարությունը և բնապահպանության տեսչական մարմինը հավաստիացնում էին, որ դիմել էին ոստիկանություն, բայց որքան ինձ է հայտնի, «Ազատություն» ռադիոկայանը հարցում է ուղարկել ոստիկանություն, թե արդյոք այդ հարցով իրենց դիմե՞լ են, պատասխանը եղել է բացասական։ 

Այսինքն՝ կա՛մ այդ նախարարությունն է կեղծ ինֆորմացիա տարածել, կա՛մ՝ ոստիկանությունը, բայց քանի որ փաստացի ապացույց չկա, ինձ համար դժվար է ասել, թե նրանցից ով է սուտ խոսում։ ԿԳՄՍ նախարարության հայտարարությունն էլ, ինչ եղել է, եղել է առաջին օրերի մեր բողոքի ակցիաների շնորհիվ, այլ արձագանք հայտնի չէ։ 

Մենք Կառավարությանը հանրագիր էինք ուղարկել, որն էլ այդ հանրագիրը հասցեագրել է ԿԳՄՍ նախարարությանը, որը դեռևս հանրագիրը չի հրապարակել «Հանրագիր․հայ» կայքում։ Մենք մի քանի տարբեր ձևերով նախաձեռնություններ ենք պատրաստում, բայց դրանց մասին դեռ չէի ուզի խոսել։

– Հանրագրին պատասխանելու ընթացակարգն ինչպե՞ս է։

– Հանրագիրը պետք է զետեղվի հանրագրերի համար հատուկ պատրաստված կայքում, որից հետո մարդիկ, ցանկացողները կարող են մասնակցել այդ հանրագրի ստորագրմանը։ Իսկ նախարարությունը հանրագիրը ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում պետք է պատասխան տան, թե ինչ են անում այդ հանրագրի պահանջի հետ կապված։

– Հետագա ի՞նչ ակնկալիքներ ու հույսեր ունեք։

 – Օրենքները խախտվել են կոպտորեն, իսկ դրա համար ոչ միայն պատասխան տվող չկա, այլ նաև բացարձակ անտարբերություն է թե՛ իրավապահների, թե՛ պատկան մարմինների կողմից։ Մեր խնդիրն է նախևառաջ այդ վաճառքի գործարքը չեղյալ համարել, վերադարձնեն Գագիկ Ծառուկյանի տված գումարը, բնության հուշարձանը վերադարձնեն հանրությանը։

Գործ հարուցեն, փոխհատուցվի այն բոլոր վնասները, որոնք պատճառվել են, վերականգնվի լեռան նախնական տեսքը, ինչը հնարավոր էլ չի լինի վերականգնել, դրա համար էլ մեղավորները պատժվեն ու սրանից հետո իմանան, որ օրենքի առաջ բոլորը հավասար են։ Ե՞րբ դա կստացվի՝ դժվար է ասել, բայց մեր նպատակը դա է։

– Փաստորեն դուք հույսեր ունե՞ք, որ այդ արձանն ի վերջո չի կանգնեցվի Հատիսի գագաթին, պարո՛ն Միսկարյան։

– Ես վստահ եմ, որ այդտեղ չի կարող արձան կանգնեցվել։ Բնության հուշարձանը պետք է պահպանվի, իսկ երկրորդը՝ այդ գագաթի ամրոցը շատ լավ պահպանված ամրոց է, դա վերականգնելով՝ ավելի շատ տուրիստների կձգեն դեպի այնտեղ, քան ինչ-որ բետոնի կամ չգիտեմ ինչ կտորով։ Այդ ամրոցն ունիկալ է, իսկ այդ Քրիստոսի արձանն ունիկալ չէ։

– Հաշվի առնելով Հատիս լեռան շուրջ կատարվողն ու պատկան մարմիների արձագանքը՝ ինչ եք կարծում, հնարավո՞ր է նույնը լինի Ամուլսարի հանքի շահագործման պարագայում, եթե նկատի ունենանք նաև «Ընդերքի մասին» օրենսգրքում արված վերջին օրենսդրական փոփոխությունը։

– Այո՛, ես հակված եմ մտածելու, որ կառավարող ուժն իրեն ամենազոր է համարում ու, մեծ հաշվով, հանրության ու պետական շահի հետ հաշվի չի նստում, անում է այն, ինչ իրեն հարմար է։ Մենք՝ որպես հասարակություն, պետք է գիտակցենք այն վտանգները, որով հղի է նման վարքագիծը, այդ անպատժելիության զգացումը, համապատասխան միջոցներ ձեռնարկենք ու ինքնակազմակերպվենք։

– Այսինքն՝ չեք բացառում, որ եթե հարցը հասնի Ամուլսարի հանքի շահագործմանը՝ ունենալու ենք նույն պատկերը, ինչ այս պարագայո՞ւմ է։

– Բացարձակ, ոչ միայն չեմ բացառում, այլև ավելի շատ հակված եմ նրան, որ իրենք փորձելու են այդպես էլ անել։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am