Սահմանազատումներ անելիս պետք է հաշվի առնել տեղում ապրող մարդկանց տարբեր իրավունքներ և ոչ թե 10 տարի առաջ ընդունված օրենքը․ Արա Ղազարյան

Պատերազմից հետո Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների բաժանման հարցը բուռն քննարկումների թեմա է դարձել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ընդդիմախոսներին պատասխանել է՝ վկայակոչելով 2010 թվականին Ազգային ժողովի ընդունած «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը ու շեշտել, որ այդ օրենքին կողմ են քվեարկել այժմ հրապարակներում բողոքի ցույցեր կազմակերպող Հանրապետական, Դաշնակցություն և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները։

Փաշինյանն ասում է, որ այդ օրենքի հավելվածներում, որոնք դրա անբաժանելի մասն են, Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան գյուղերի սահմանագծերի նկարագրություններն են։ Ըստ այդմ՝ սահմանվել է, որ Շուռնուխից ու Որոտանից արևելք ընկած սահմանագծերը Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանն է։ Օրենքի ընդունման պահին այդ տարածքները եղել են Լեռնային Ղարաբաղի հսկողության տակ։ «Այսօր մեր սահմանապահները տեղակայված են նկարագրված սահմաններով»,- նշել էր Փաշինյանը։ Նույն նկարագրությունը կա նաև Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի սահմանագծերի վերաբերյալ, որտեղ նշվում է, որ Քարվաճառը Ադրբեջանի տարածք է համարվում։

Սակայն այս անգամ էլ ընդդիմախոսները Փաշինյանին հակադարձում են՝ ներքին նշանակության իրավական փաստաթուղթը չի կարող միջազգային սահմանագծման հիմք լինել։ Իսկ մասնագետները պնդում են՝ պետք է բանակցությունների միջոցով գծվեն սահմանները։

«Աշխարհում էլ որտե՞ղ կան երկիր ու վարչապետ, որ իր ներսի վարչական միավորների բաժանման օրենքը դնում է միջազգային իրավական սահմանագծման հիմքում։ Դա այն դեպքում, երբ առանց համապատասխան հատուկ փաստաթղթի ոչ մի երկրում սահման չի գծվում ու չի փոխվում։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև նման փաստաթուղթ չկա։ Չի եղել։ Երբեք»,- հայտարարել էր ԱԺ նախկին փոխնախագահ, այժմ իրավական կազմակերպության հիմնադիր Արփինե Հովհաննիսյանը ու անմիջապես պատասխանել հարցին՝ չկա նման երկիր։

Միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանն ասում է՝ երկար տարիներ են անցել, և այժմ նոր իրողություններ են, նոր իրավիճակ է, հետևաբար տարիներ առաջ ընդունված օրենքները, դրանց հիման վրա գծված սահմանները այս պահին արդիական չեն։

«Օրենքը կարելի է փոփոխել, քանի որ կա մարդու տեղաշարժի ազատության իրավունքի գերակայություն, և այդ օրենքը հակասում է այդ իրավունքին»,-«Մեդիալաբին» ասում է Ղազարյանը։

Ամեն հարց, ըստ իրավաբանի, պետք է լուծել բացառապես բանակցությունների միջոցով՝ հաստատել դիվանագիտական հարաբերություններ, ստեղծել միջպետական մասնագիտական հանձնաժողով և սկսել սահմանազատումներ կատարել՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և ոչ թե մի քանի տարի առաջ ընդունված օրենսդրական ակտերը։

«Դրա համար, սովորաբար, սահմանազատումները երկար են տևում։ Դա հսկայական, երկարատև աշխատանք է և պետք է հաշվի առնել տեղում ապրող մարդկանց տարբեր իրավունքներ՝ սկսած անվտանգությունից, վերջացրած տեղաշարժի ազատության իրավունքը, տնտեսական գործոնները, օրինակ՝ Սոթքի դեպքում։ Դա երկարատև պրոցես է և օբյեկտիվորեն կարող է 10 տարի տևել»,- ասում է Ղազարյանը։

Եթե ավելի ուշ բանակցություններ էլ սկսեն, ապա, իրավաբանի խոսքով, դժվար կլինի «լռելյայն անցկացված սահմանը վերանայել»։

«Չի կարելի ոտի վրա սահման գծել։ Եվ եթե հաշվի չառնվեն անվտանգության, ազատ տեղաշարժի իրավունքի ապահովման գործոնները, ապա պատերազմն անխուսափելի է։ Վառ օրինակ է Ստալինի օրինակը, ո՞նց էր սահմանները գծում՝ ըստ գետերի, ըստ աշխարհագրության, ըստ սարերի և դրա համար այստեղ-այնտեղ կոնֆլիկտ էր թողնում։ Օրինակ՝ Հյուսիսային և Հարավային Օսեթիան, աշխարհագրությամբ բաժանել էր՝ առանց հաշվի առնելու մարդկային գործոնը, որը հետո մեծ խնդիրներ առաջացրեց, թեկուզ՝ Նախիջևանը, Ղարաբաղը։ Դրա համար, որպեսզի սերունդներին պրոբլեմներ չթողնեն, պետք է հաշվի առնեն այդ գործոնները և ոչ թե ինչ-որ ժամանակ առաջ վարչատարածքային միավորների հիման վրա մշակված օրենքները։

Հետևաբար՝ առանց բանակցությունների սահմանազատում կատարել՝ հիմնվելով մի քանի տարի առաջվա քարտեզի վրա սխալ է, քանի որ հաշվի չեն առնվում նոր իրավիճակները»,- նշում է Արա Ղազարյանը։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am