Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հերքել է Financial Times-ի հրապարակումը երկրում նախագահական ընտրություններ և հանրաքվե հայտարարելու ծրագրերի մասին։ Ինչպես հաղորդում է Euronews-ը, Զելենսկին լրագրողներին ասել է, որ ընտրությունները կարող են անցկացվել միայն անվտանգության երաշխիքների ապահովումից և Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնագրի կնքումից հետո։
Ռուսաստանի 2022 թվականի լայնամասշտաբ ներխուժումից ի վեր Ուկրաինայում ընտրությունները փաստացի կասեցված են՝ ռազմական դրության պատճառով։ Սահմանադրությամբ ռազմական դրության ընթացքում ազգային ընտրությունների անցկացումն արգելված է։
«Մենք կանցնենք ընտրությունների, երբ ապահովվեն բոլոր անհրաժեշտ անվտանգային երաշխիքները», – նշել է Զելենսկին՝ ընդգծելով, որ թե՛ ընտրությունները, թե՛ հնարավոր հանրաքվեն կարող են կայանալ միայն հրադադարի հաստատումից հետո։
Նրա խոսքով՝ եթե Ռուսաստանը նույնպես համաձայնի, կա հավանականություն, որ ռազմական գործողությունները հնարավոր կլինի դադարեցնել մինչև ամառ։ Զելենսկին նաև հայտարարել է, որ չի պատրաստվում մեկնել Մոսկվա՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման համար, սակայն պատրաստ է բանակցել չեզոք երկրում՝ ԱՄՆ-ի առաջարկած ձևաչափով։



















