Հայաստանի վաճառքը, ռուսական կապիտալի շահը և հայրենասիրությունը

Վահրամ Թոքմաջյան

Բացարձակ ինքնիշխանություն չի լինում: Այնպես, ինչպես բնության մեջ չկա 100-տոկոսանոց ոսկի կամ սպիրտ: Աշխարհի ամենահզոր կայսրություններն անգամ բացարձակ ինքնիշխան չէին: Հռոմեական կայսրությունը կախված էր պրովինցիաներից, միջնադարի սարսափը՝ Մոնղոլական կայսրությունը, արտաքին նվաճումներից և այդպես շարունակ: 

Հայաստանի նման փոքր պետությունների համար ինքնիշխանության բարձր աստիճանը երազանք է: Ինքնիշխանություն ասածն ունի բազմաթիվ բաղադրիչներ՝ տնտեսական, քաղաքական, մշակութային, լեզվական, ռազմական և այլն: 

Աշխարհի հզորները փորձում են ճնշել փոքրերի ինքնիշխանության ձգտումները, իսկ փոքրերը դիմադրում են: Ինչ-որ պահից չեն կարողանում դիմադրել ու սկսում են թուլանալ: Իսկ թուլանալուց հետո… 

Չէ, այստեղ հաճույքի մասին չի կարող խոսք լինել: Սկսում են զիջել: Զիջում են տնտեսությունը, քաղաքական հայեցակարգերը, մշակույթը, արտաքին կողմնորոշիչները և, եթե կանգնեցնող չլինի՝ պետությունը:

Քոչարյանի գործով վերջին վճիռը՝ կալանքը գրավով փոխարինելու, փայլուն լակմուս էր: Այդ փոքրիկ մաքրագործման գործընթացում մեծ դեր խաղացին ռուսական բուրժուական, եթե կուզեք՝ օլիգարխիկ շրջանակները: 

Նրանք դեռ շարունակելու են մեծ դեր խաղալ Հայաստանի տնտեսական, ներքաղաքական և ազգային անվտանգության հարցերում: Ես խնդիր չեմ դնում նրանց քննադատելու, հարգելի ընթերցող: 

Նրանք այդ հարստությունը ստեղծել են այլ երկրում, այլ կենսապայմաններում և խաղի այլ կանոններով: Ուստի, ուզեն թե չուզեն, նրանք ծառայելու այդ երկրի, տվյալ դեպքում՝ Ռուսաստանի շահերին: 

Սա նույնքան պարզ է, որքան ամառային առավոտի արևի շողը, որը շոյում է Մասիսի սեգ գագաթը: Ինչ ռոմանտիկ ստացվեց, չէ՞: 

Իսկական հայրենասիրություն: Հայրենասիրություն: 

Հենց այս բառի մեջ է թաքնված ծպտյալ շան գլուխը: Ամբողջ խնդիրն այն է, որ գործընթացները զանգվածներին մատուցվում են հայրենասիրության դրոշի տակ: Միջին վիճակագրական քաղաքացուց մեծագույն ջանքեր են պահանջվելու, որպեսզի նա տարանջի կապիտալի շահը և հայրենասիրությունը: 

Նրանք գործում են ռուսական բազմաշերտ ու բազմաբևեռ շրջանակների հորձանուտում: Նրանցից առանձնապես մեծ ջանքեր են պահանջվում խուսանավելու այդ բևեռների մեջ: Վայն եկել տարել է, եթե որևէ մեկի ոտքը տրորեցիր: 

Արցախի մեծագույն բարերար Լևոն Հայրապետյանի ողբերգական մահը՝ վառ օրինակ: Չմեղադրելով հանդերձ, դա չի նշանակում, որ ես արդարացնում եմ նրանց: Բնավ: 

Նախորդ իշխանությունների օրոք տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից բացի՝ Հոկտեմբերի 27, Մարտի 1, մեծագույն վնասը, որ հասցվել է պետությանը, տնտեսության փուլային նվիրումն էր Ռուսաստանին: 

Ամեն ինչ սկսվեց «Գույք պարտքի դիմաց» խայտառակ գործարքով և ամբողջացվեց գազային ստրկացման պայմանագրով: Եթե նախկինները որևէ այլ հանցագործություն կատարած չլինեին, միայն այս երկուսը բավարար էին առհավետ դատվելու համար: 

Մենք նզովյալ ենք: Նզովյալ՝ երկար ժամանակով: Նախկինների նզովքը հաղթահարելու համար մեզանից պահանջվելու են անմարդկային ջանքեր ու կյանքեր: Մի քանի սերունդների կյանքեր: 

Եթե խոհանոցային Լեո Տաքսիլը փչացրած չլիներ Արտավազդի լեգենդը, ես կանդրադառնայի դրան: Կանդրադառնայի շղթաների նզովքի տեսանկյունից, բայց փչացրել է անդառնալիորեն:

Զարմանալի է, բայց ինչ-որ մի պահի դա հասկացավ Սերժ Սարգսյանը: Մի շտապիր ինձ հայհոյել, սիրելի ընթերցող: Սերժ Սարգսյանը լուսանցքում թողեց հյուսիսի մարդուն՝ այդ փուլի Հայաստանի վարչապետին: 

Սա բնավ չի նշանակում, որ ես կասկածի տակ եմ դնում ժողովրդական հեղափոխությունը և հայ ժողովրդի մասնակցայնությունը:

Անգլիացիներն օվկիանոսները նվաճեցին նավերով: Իսկ հետո արդեն մեկ վերակացուն շահագործում էր մի ամբողջ ցեղի: Նույնը տեղի է ունենում Հայաստանում: Ընդհանրապես բոլոր այն երկրներում, որոնք ճակատագրի հեգնանքով դառնում են կայսրությունների ազդեցության գոտիներ, մեռնող կայսրությունների վերջին անեծքը բաժին է հասնում այդ ժողովուրդներին: 

Չե՞ք հավատում: Լսեք Պուտինին: 

Նա բաց տեքստով ասում է, որ խորհրդային նախկին բոլոր պետությունները պարտք են Ռուսաստանին: Թարգմանելու կարիք չկա, թե կոնկրետ մեզ ինչ է ակնարկում:

Վերոնշյալ կապիտալը դեռ շատ է մեզ վնասելու: Գրեթե չկա ոլորտ, որ այդ կապիտալը ներկայացված չլինի: Եվ եթե ուշադիր եք, հինգերորդ շարասյան ներկայացուցիչները սպառնում են հենց դրանով: 

Նրանք չեն ասում, որ հանցագործություններ չեն կատարել, ընտրություններ չեն կեղծել: Նրանք ասում են, որ կոչնչացնեն տնտեսությունը: Իսկ մեր տնտեսությունն այդ կապիտալի առաջ հայտնվել է ծեր հարճի կարգավիճակում:

ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, որը ցանկանում է ինքնիշխանության մեկ աստիճան բարձր տիրույթ, պետք է պատրաստ լինի գոտին ձգելու: Շատ խորը ձգելու:

Հ. Գ. Գրված տեքստը չի նշանակում, որ ես անդառնալի հակառուս եմ կամ ռուսաֆոբ: Բնավ: Ես հավատում եմ բազմաթիվ ժողովուրդների խաղաղ գոյակցությանը: Բայց որպես փոքր երկրի քաղաքացի՝ չեմ կարող դեմ չլինել կայսերապաշտական ցանկացած նկրտումի: Եթե լինեի կայսրության քաղաքացի, կունենայի կայսերապաշտական մտածողություն:

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am