Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակին հաջողվել է շնորհիվ հատուկ գործողության հաջողության հասնել եւ նոյեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից խոցված ՄԻ-24 ուղղաթիռի անկման վայրից դուրս հանել զոհված օդաչուներից մեկի դին, երկու օդաչուների մասունքները: Այս մասին իրազեկում է ԼՂ ՊԲ մամլո հաղորդագրությունը:
«Հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը, ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրներ լուծելու հատուկ նշանակության գործողության,-նշված է հաղորդագրության մեջ:
Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր»:
Հաղորդագրությունը տեղեկացնում է, որ Լեռնային Ղարաբաղի կողմից կորուստներ չեն եղել, մինչդեռ հատուկ նշանակության գործողության ընթացքում զոհվել է առնվազն երկու ադրբեջանցի:
Սակայն, ավելի ուշ ՀՀ Պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ ադրբեջանի կորուստներն անհամեմատ մեծ են:
«Փաստորեն ադրբեջանի կորուստները շատ են ու այնքան շատ, որ բրիգադի հրամանատարին պաշտոնանկ են արել: Հետաքրքիր է այս կորուստների համար են ազատել պաշտոնից թե ուղղաթիռը խփելու»,-ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Հովհաննիսյանը:
Ըստ Արծրուն Հովհաննիսյանի, հաշվի առնելով հակառակորդի չափազանց մեծ կրակային եւ այլ հակազդեցությունները, ծավալված գործողությունները բնույթով եւ բարդությամբ աննախադեպ էին:
«Կատարողականությունը ուղղակի փայլուն է հաշվի առնելով նաև հակառակորդի ոչ փոքր կորուստները, որոնք ծուղակ էին սարքել: Դեռ մի քանի օր կլսենք նրանց անունները, որոնք բնականաբար մահացած կլինեն տարբեր դժբախտություններից: ԼՂՀ հատուկ նշանակության ուժերը իրենց տոնի օրը փայլեցին, փառք նրանց: Կատարվել է համաշխարհային մակարդակի փայլուն գործողություն, իսկ սև հրանոթները լռում են»,-նշել է Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը լարվածության տակ է պահում այն տեղանքը, որտեղ ընկել է խոցված ուղղաթիռը: Երեք հոգանոց անձնակազմով ռազմաօդային ուժերի ՄԻ-24 ուղղաթիռը ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից խփվել էր նոյեմբերի 12-ին՝ ուսումնավարժական թռիչքի ժամանակ:
© Medialab.am