Մահացել է օրեր առաջ գերեվարված Մանվել Սարիբեկյանը, ադրբեջանական կողմը հայտարարում է, թե «ռազմագերի Մանվել Սարիբեկյանը ինքնասպան է եղել »

Մահացել է օրեր առաջ գերեվարված Մանվել Սարիբեկյանը, ադրբեջանական կողմը հայտարարում է, թե «ռազմագերի Մանվել Սարիբեկյանը ինքնասպան է եղել »
Մահացել է օրեր առաջ գերեվարված Մանվել Սարիբեկյանը, ադրբեջանական կողմը հայտարարում է, թե «ռազմագերի Մանվել Սարիբեկյանը ինքնասպան է եղել »

Ադրբեջանում մահացել է օրեր առաջ սահմանին մոլորված եւ գերեվարված Մանվել Սարիբեկյանը, որին ադրբեջանական կողմը ներկայացնում էր որպես «ահաբեկիչ, դիվերսիոն խմբի անդամ »:

Ադրբեջանի ՊՆ-ն եւ Ռազմական դատախազությունն համատեղ հայտարարություն են տարածել, ուր Սարիբեկյանի մահը ներկայացվել է, որպես ինքնասպանություն. «ռազմագերի Մանվել Սարիբեկյանը ինքնասպան է եղել »:

«Ռազմական դատախազության աշխատակիցների և ռազմաբժշկական փորձագետների կողմից՝ վկաների ներկայությամբ իրականացվել են դեպքի վայրի և դիակի արտաքին զննում: Պարզվել է, որ Սարիբեկյանը կախվել է իր վերնաշապիկի և սավանի միջոցով: Դատաբժշկական փորձաքննության արդյունքում Սարիբեկյանի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել»,-գրում է ադրբեջանական http://armenia.az/ կայքը  :

20-ամյա Սարիբեկյանը սեպտեմբերի 11-ին անասուններին որոնելիս մոլորվել է սահմանամերձ գոտում, որից հետո հայտնվել գերության մեջ: Իսկ օրեր անց` սեպտեմբերի 17-ին, ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել և Youtube ցանցում տեղադրել են «հայկական դիվերսիոն խմբի անդամներից մեկի»` Մ.Սարիբեկյանի հետ անցկացված հարցազրույցը:

Սարիբեկյանի գերեվարության հարցով ՀՀ ՊՆ-ն օրեր առաջ հայտարարություն էր տարածել, նշելով, որ  հովվին որպես դիվերսանտ ներկայացնելը ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական պարզունակ քայլն է:

«Տեսանյութի մասնագիտական փորձաքննությունը թույլ է տալիս եզրակացնել, որ այն իրականացվել է հոգեբանական ու ֆիզիկական ճնշման և հատուկ միջոցների կիրառման ներքո»,-նշված էր ՀՀ ՊՆ սեպտեմբերի 18-ի հաղորդագրության մեջ:

Պաշտպանության նախարարությունը դեպքի կապակցությամբ դիմել էր Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությանն ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեին` ակնկալելով այդ կառույցների համապատասխան գործողությունները` «Ադրբեջանի կողմից նման քայլերը կանխելու համար»:

© Medialab.am