ՊԵԿ-ն ունի իր համեստ մասնակցությունը նախարարության պաշտոնյայի կաշառք ստանալու դեպքի բացահայտման գործում

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանն անդրադարձել է ԱԱԾ-ի կողմից բացահայտված՝ Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձի կողմից խոշոր չափի կաշառք ստանալու դեպքին: ԱԱԾ-ի հաղորդագրության համաձայն՝ ձերբակալվել է Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյան՝ ադամանդների ներկրման վերաբերյալ կեղծ փաստաթղթերի ու կաշառքի մեղադրանքով:

«Տվյալ քրեական գործով նախաքննությունը վարվում է Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում, իսկ նախաքննությունը ենթադրում է գաղտնիության որոշակի ռեժիմ: Որքան էլ տեղեկացված լինեմ, իրավասու չեմ պատասխանել գործի հետ կապված հարցերին, որ չվնասեմ նախաքննությանը: Ընդամենը կարող եմ արձանագրել, որ նշված հանցագործությունների բացահայտմանը Պետական եկամուտների կոմիտեն ունեցել է իր համեստ մասնակցությունը, աջակցությունը: Թույլ տվեք դրանից ավելին չնշեմ: Ազգային անվտանգության ծառայության քննիչն ինքը կորոշի, թե երբ և ինչ ծավալով բացահայտի նախաքննության գաղտնիքը, որպեսզի չվնասի գործին»,- «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Վահան Չարխիֆալակյանը: