Ռեադմիսիոն համաձայնագրերով ՀՀ-ն 1354 անձանց մասին ստացել է 785 հայց

Եվրամիության և Ռուսաստանի Դաշնության հետ կնքված ռեադմիսիոն համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի միգրացիոն ծառայությունը 2021թ-ին ստացել է 785  ռեադմիսիոն հայց՝ 1354 անձանց մասին:

Հայաստանի միգրացիոն ծառայությունը տեղեկացնում է, որ ստացված հայցերի թվով առաջատար երկիրը Գերմանիան է՝ 503 հայց 916 անձանց մասին, որից հաստատվել է 674 անձի քաղաքացիությունը (83,42%), այնուհետև՝ Ֆրանսիան, որտեղից ստացվել է 134 հայց 174 անձանց մասին, որից հաստատվել է 167 անձի քաղաքացիությունը (96,53%):

ՀՀ կառավարության որոշման մեջ տեղի են ունեցել փոփոխություններ, որի արդյունքում ընդլայնվել է Հայաստանի Հանրապետություն վերադարձող (այդ թվում՝ հարկադիր վերադարձող) քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագրի շահառուների շրջանակը։

Ծրագիրը բաղկացած է երկու բաղադրիչից՝ տեղեկատվական աջակցության տրամադրում և կարիքներին համապատասխան ուղղորդում, ինչպես նաև բնակվարձի փոխհատուցում հարկադիր, առանձին դեպքերում՝ նաև կամավոր վերադարձողներին: Ծրագրի շրջանակում՝ 2021 թվականի ընթացքում Միգրացիոն ծառայության վերադարձի և վերաինտեգրման բաժնի կողմից ընդունվել է 25 դիմում, որի արդյունքում 21 դիմում բավարարվել է, 4-ը՝ մերժվել։

Շահառուները Գերմանիայից, ՌԴ-ից, Շվեդիայից, Ֆրանսիայից,Ավստրիայից և Շվեյցարիայից են։ Ընդ որում, 4-ը կամավոր են վերադարձել, 17-ը՝ հարկադիր։ Ընդհանուր առմամբ, բնակվարձի փոխհատուցման ծրագրից օգտվել է 66 անձ՝ 21 շահառու:

Աղբյուր՝ Factor.am